Ռուսաստանն ընդունեց Թուրքիայի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում

Մեր զրուցակիցն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Մանվել Սարգսյանը

Պարոն Սարգսյան, ինչպե՞ս եք գնահատում օրերս Երևանում Լավրովի արած հայտարարությունը, ըստ որի՝ ԼՂ կարգավորման գործընթացում առաջընթացը կդառնա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առանցքային պահը։ Սա կարծես Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի հայտարարության շարունակությունն էր։

Սա շատ սպասելի էր։ Ռուսաստանն ամիսներ շարունակ Թուրքիայի հետ հակամարտության մեջ լինելուց հետո հնարավորություն էր ստացել կարգավորել իր հարաբերությունները նրա հետ, և բնական է, որ անմիջապես հայկական խնդիրները պետք է ի հայտ գային այդ հարաբերություններում։ ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի հետ կապված մի շարք հայտարարություններ պարզ ու հստակ ցույց են տալիս, որ նորից փորձում են նոր դիրքորոշումներ ընդունել, ամեն մեկն իր դիրքորոշումն առաջ քաշել այդ մերձեցման մեջ, որոնց մեջ ներգրավել են հայկական խնդիրները։ Թուրքիան իր պահանջն է առաջ քաշել, Ռուսաստանն իր դիրքորոշումն է հայտնել։ Այստեղ տրամաբանությունը շատ պարզ է. Ադրբեջանի հետ հարաբերությունները հստակ դրսևորելու համար Թուրքիան մեջտեղ բերեց 5 տարածքների խնդիրը, պայման դրեց՝ հայտարարելով, որ Ռուսաստանին էլ է ձեռնտու։ Ռուսաստանն իր հերթին ընդունեց Թուրքիայի դիրքորոշումը, որ հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորված են Ղարաբաղի խնդրով։

Մինչ այդ նման բան չի եղել, բացահայտ ոչ ոք նման բան չէր ասում, ավելի շատ ընդունվում էր Հայաստանի դիրքորոշումը, որ որևէ նախապայման չի կարող լինել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում։ Բայց Ռուսաստանը փաստորեն ընդունեց Թուրքիայի այդ դիրքորոշումը, և Ադրբեջանը նույնպես իր դիրքորոշումները պիտի ցուցաբերեր, որովհետև եթե տարածքային խնդիրներ են դրվում, Ադրբեջանն էլ պետք է ասի՝ ինքն ինչ է դնում սեղանին։ Ադրբեջանն էլ իր հին երգը երգեց, որ ամեն ինչ իմն է, ես եմ որոշում, ինչ ուզեմ կանեմ, տարածքները հայերը պետք է տան, հետո արդեն մենք կմտածենք՝ ինչպես ենք մտնում այնտեղ։ Շատ հստակ են խոսում, ոչ մի զարմանալի բան չկա, չի էլ եղել երբեք։ Զարմանալի են ժամանակին Հայաստանի իշխանությունների արած հայտարարությունները, որ այս ամենի մեջ առաջընթաց էին տեսնում, լուծումներ էին տեսնում։ Բայց արդեն հիմա նկատում եմ, որ Հայաստանում էլ կարծես թե սկսում են ավելի ռացիոնալ գնահատել Ալիևի, Ռուսաստանի, Թուրքիայի կողմից արվող հայտարարությունը և ինչ-ինչ, գոնե ձևական գնահատականներ են տալիս։

Ալիևը հայտարարել է, որ չի բացառում Ադրբեջանի ինտեգրումը ԵՏՄ-ին, բայց դրա համար պետք է մոտիվացիա՝ տնտեսական կամ քաղաքական։ Այսինքն՝ քաղաքական մոտիվացիան հենց Արցա՞խն է։

Ալիևն ասում է Ղարաբաղը տվեք, հետո կմտածենք՝ մտնե՞նք ԵՏՄ, թե ոչ։ Էլի պարզ խաղեր են՝ հույսով, որ բոլորը միասին Հայաստանի հաշվին իրենց խնդիրները կլուծեն։

Ինչո՞վ է պայմանավորված, որ ՀԱՊԿ գագաթնաժողովում կարևոր հայտարարություն չեղավ Ղարաբաղի վերաբերյալ, բացի անատամ հայտարարությունից, որ ԱԳՆ-ն տարածեց։ Նաև չընտրեցին ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար, որը պետք է լիներ Հայաստանի ներկայացուցիչ։

Այդ ամենը նույն տրամաբանության մեջ են։ Ռուսաստանի խնդիրները, որտեղ Հայաստանն առնչություն ունի, հարաբերություններն են հարևանների հետ՝ իր թուրքալեզու հարևանների, ինչպես նաև Ռուսաստանում ապրող թուրքալեզու բնակչության հետ։ Ռուսաստանի քաղաքականության հիմնարար հարցերից մեկն է սա, որի վերաբերյալ Ռուսաստանը լուծում չի գտել և չի գտնելու։ Հայաստանն այդ հարաբերություններում ընդամենը գործիք է, որի միջոցով Ռուսաստանը կարողանում է ազդեցություն ունենալ այդ երկրների վրա։ Ինչ-որ պահերի դա կարող է լինելու հօգուտ հայերի կամ հակառակը։ Տեսեք, օրինակ, ՀԱՊԿ-ի գագաթաժողովի այդ հայտարարությունը, որ Սերժ Սարգսյանը կարդացել է, իրականում ՀԱՊԿ-ի ղեկավարները միասնական հայտարարություն չեն արել։ Սերժ Սարգսյանն է հայտարարել, հետո գնացել դրել են։ Անգամ նման նուրբ հարցերում նրանք որևէ կերպ չեն ուզում որևէ քայլ անել, որը դուր չի գա Ադրբեջանին, Թուրքիային, Ղազախստանին։ Պատահական չէ նաև, որ Ղազախստանի նախագահը չէր եկել։ Սա նրանց խնդիրներն են։ Հայաստանն էլ ուրիշների հարաբերություններում ինչ-որ դերակատարություն ունի։ Կարելի է այդ ազդեցությունը գնահատել չափազանց վտանգավոր, կարելի է ասել, որ ուրիշների խաղերի մեջ մանրադրամ է դառնում, կարելի է ասել՝ Ռուսաստանը ճար չունի, կրակի մեջ է ընկել, կարելի է ասել, որ եթե Հայաստանը խելք ունի, կարող է բավական դիվիդենտներ շահել այս վիճակում։ Սա լրջագույն, համաշխարհային նշանակության մի ոլորտ է, որտեղ Հայաստանը ներգրավվել է, իսկ թե Հայաստանը դրանից ինչ է ստանում կամ կորցնում՝ կախված է հենց Հայաստանից։

Շատերը գտնում են, որ ընդհանրապես պետք է դուրս գալ այդ ամենից, բայց փաստն այն է, որ այսօր այդ դերակատարումն է ստանձնել, որտեղ թե կորուստներ է ունենում, թե ձեռքբերումներ։ Երբ Ռուսաստանին պետք է ուժեղացնել Հայաստանի դիրքերը, ուժեղացնում է, դա մտրակ է սարքում թուրքալեզու երկրների ու ժողովուրդների համար։ Եթե հիշում եք հայ-թուրքական գործընթացի ժամանակ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթը ՀԱՊԿ-ի գագաթաժողովում, որտեղ նա կոպիտ ձևով դաստիարակում էր։ Մեզ մոտ էլ մարդիկ զարմանում էին, թե ինչ է անում Սերժ Սարգսյանը, բայց իրականում ոչինչ էլ չէր անում, անում էր այն, ինչ Ռուսաստանին էր պետք։ Հայաստանը հենց դրա համար է, որ երբ պետք է՝ օգտագործվի, երբ հարաբերությունները այս կամ այն ձևով կայունանում են, արդեն Հայաստանը պատառ-պատառ անել, Հայաստանի շահերը բաժանել թուրքերին՝ սա կայսերական Ռուսաստանի 150-200 տարվա քաղաքականությունն է և երբևէ այն չի փոխվել։ Հայաստանում մարդիկ նոր-նոր են սկսում դա գիտակցել, հակառուսական հիստերիան մեկ-մեկ որ դնում են, դրա արտահայտությունն է, բայց այդտեղ հակառուսական հիստերիա չկա, սա տրամաբանական ունիվերսալ կայսերական քաղաքականությունն է, որը բանեցվում է այստեղ դարերով, և պետք է դրա իմաստը հասկանալ, փորձել հակադրել վատ միտումներին, թույլ չտալ, որ քեզ օգտագործեն, որը մինչև հիմա չի հաջողվել։

Ընդհանրապես կարծիք կա, որ կառույցը գնալով իր դերակատարությունը թուլացնում է, Լուկաշենկոն էլ հայտարարել է, որ մանր հարցերով իրեն վերցրել-Հայաստան են բերել. ՀԱՊԿ-ը ոչ մեկն աշխարհում ճանաչել չի ուզում։ Հնարավո՞ր է՝ ընդհանրապես այն լուծարվի։

Պետք է հասկանալ այդ կառույցի իմաստը։ Իմաստն այն է, որ Ռուսաստանը լծակներ է ստեղծում այլ պետությունների վրա կիրառելու, ուրիշ որևէ գործառույթ այդ կազմակերպությունը չունի և երբեք էլ չի ունենալու։ Սա մեխանիզմ է, որի միջոցով փորձում է իր ձեռքի տակ պահել բոլոր անդամ պետություններին։ Մնացածը հորինված բաներ են, համեմատում են ՆԱՏՕ-ի հետ, վայ մեզ չեն ճանաչում, բայց ՀԱՊԿ-ը դասական ինչ-որ ռազմական բլոկ չէ, նա խնդիրներ չունի, նրա խնդիրները լրիվ ուրիշ են։ Եվ այդ խնդիրները ստիպում են բոլորին ենթարկվել Ռուսաստանի այդ պարտադրանքին։ Թուրքալեզու այդ երկրները վատ են զգում, քանի որ նրանք մեծ հաճույքով բոլորովին ուրիշ քաղաքականություն կվարեին, կինտեգրվեին իրար հետ, հակառուսական գործողություններ կանեին։ Ռուսաստանը սա շատ լավ հասկանում է։ Այս կառույցում կոնսենսուս չի կարող լինել, սա այդ կառույցը չէ, եթե շահերը իրար հետ համընկնեին, նման քայլերի չէր գնա Ռուսաստանը։ Բելոռուսը գրեթե նույն կարգավիճակում է, ինչ Հայաստանը, նա չի կարողանում հասկանալ, դրա համար Բելոռուսին էլ մեկ-մեկ ճիպոտի պես օգտագործել են թուրքալեզուների դեմ, նա չի ուզում դա, հակառակն է ուզում, բայց Ռուսաստանը պարտադրում է նրան։ Նույն տրամաբանությունն է, ոչ մի տարբերություն, դրա համար խոսել, որ սա ռազմական բլոկ է, որ կարող է ապագա ունենալ, անիմաստ է։

Հստակ կոնկրետության մեջ ձևավորված քաղաքականություն է, բայց քաղաքականություն է, որը ցույց է տալիս, որ Ռուսաստանը որևէ ուրիշ լուծումներ չունի այդ պետությունների հետ։

http://www.lragir.am/index/arm/0/interview/view/141210