Մեր զրուցակիցն է ՌԱՀՀԿ տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը
Պարոն Սարգսյան, վերջին շրջանում քաղաքացիական նախաձեռնություններն արդյունավետ ավարտ չեն ունենում: Ձեր կարծիքով, սա ինչո՞վ է պայմանավորված:
Շատ էական է այլ երկրների փորձն ուսումնասիրելը, որպեսզի կարողանաս գործընթացները խնդիրների ավելի լայն դաշտում տեսնել: Տարբեր խմբերի կողմից տարվող պայքարներում միշտ չէ, որ մարդիկ ճիշտ են ընկալում դրված խնդիրը և ճիշտ են պայքարում: Որտեղ ավելի ճիշտ են հասկանում խնդիրը և ճիշտ են տանում պայքարը, հաջողություն լինում է: Բացի այդ, շատ խնդրահարույց է այդ շարժումների էությունը: Անընդհատ փոխվում են պայքարի ձևերը, և բավական դժվար է պարզել, թե ընդհանրապես սա ինչպիսի երևույթ է և ինչ կարելի է սպասել դրանցից:
Բայց կարծես նույն գործիքակազմն է, որից դուրս մեխանիզմներ չեն գտնվում:
Օրինակ, Մաշտոցի պուրակում խնդիրը շատ պարզ էր: Երբ խնդիրը պարզ է, մարդիկ պիտի հասկանան, թե այդ խնդիրն ինչպես են լուծելու: Մաշտոցի պուրակի դեպքում քաղաքացիները եկել ու ոստիկաններին ասել են,. «Դուք անօրինական եք գործում, գնացեք այստեղից»: Փաստորեն, ոստիկաններին օրենքից դուրս են դրել: Ոստիկանները չէին գնում և շատ խոցելի վիճակում էին, որովհետև իրենք էլ լավ գիտեին, որ անօրինական են: Քաղաքի կենտրոնում ոստիկանները հավաքվել ու մի պուրակ էին պաշտպանում, որն ինքնին շատ սխալ և անհնար բան էր: Քանի՞ ոստիկան պիտի բերես, որ այդ խնդիրը լուծես: Ինչպես աղվեսներին բներից հանելու համար ծուխ են փչում, այս դեպքում էլ քաղաքացիները շրջապատել էին պուրակն ու հայտարարել, որ ձեզ խեղդելու ենք: Մարդիկ այնպիսի իրավիճակ էին ստեղծել, որ ոստիկանները պարզապես պետք է գնային այդտեղից:
Ցանկացած պայքարի դեպքում, եթե դուք պահանջը դրել եք, և այն օրինական է, եթե օրենքից դուրս եք հայտարարել դիմացինին, ապա պիտի ստեղծեք մի իրավիճակ, որ նա հանձնվի: Դուք մի ելք պիտի թողնեք՝ հանձնվելը: Եթե մի քանի ելք եղավ, դուք չեք հաղթելու: Բոլոր այն շարժումները, որոնք հասկացել են այդ հասարակ ալգորիթմը, նրանք հաղթել են աշխարհում և շարունակում են հաղթել: Շատ տեղերում մարդիկ չեն հասկանում այդ ալգորիթմը, չեն կարողանում ճիշտ դնել իրենց պարտադրանքը:
Հիմա շատերն են նկատում, որ պայքարող ակտիվիստները պահանջը ճիշտ են ձևակերպում, բայց հնարավոր ելքերը չեն մշակվում և հայտնվում են փակուղում:
Որովհետև ճիշտ չեն գնահատում իրավիճակը, առաջացած խնդիրները: Դուք ինչպե՞ս կարող եք պետական իշխանությունը զավթած ինչ-որ խմբավորման ներկայացնել ճիշտ պահանջ և պարտադրել, որ ենթարկվի: Եթե դու ձևը չես գտել, դու պարտված ես, իսկ եթե գտել ես՝ ինքն է պարտված: «Դեմ եմ»-ն ինչ-որ քայլեր արել է և հայտարարել, որ կդիմի անհնազանդության, բայց չի դիմել: Իսկ եթե չես դիմել, ինչպես ես պարտադրելու քո տեսակետը դիմացինին: Հիմա կարող է ավելի ճիշտ հասկանան, գնահատեն իրավիճակը և հաղթեն:
Պարոն Սարգսյան, հնարավո՞ր է, որ պատճառն այն է, որ հիմնական քաղաքացիական նախաձեռնությունները պայքարում են ոչ թե պատճառների, այլ հետևանքների դեմ, որի արդյունքում հաջողություն չեն գրանցում: Երբ խոսք է գնում պատճառների մասին, ակտիվիստները հետ են քաշվում:
Պատճառները տարբեր են: Ես 20 տարի հետևում եմ նորանկախ Հայաստանի պատմությանը և կարող եմ նշել, որ այս ընթացքում անընդհատ նշվում է իշխանափոխության անհրաժեշտության մասին: Տեղից վեր կացողը հայտարարում է, որ այս երկրին իշխանափոխություն է անհրաժեշտ, իսկ երբ հարցնում ես, թե իշխանափոխությունն ինչ է, ոչ-ոք ոչինչ չի ասում: Ո՞րն է իշխանափոխությունը՝ որ մեկը հեռանա, ես գա՞մ:
Դե ասում են, որ անհրաժեշտ է ղարաբաղյան կլանը վերանա…
… ու գա մեր կլանը: Կարելի է քշել ղարաբաղյան կլանին և բերել ասենք ապարանյան կլանին, և հետո ևս 20 տարի հայտարարել՝ այսինչ հեռացիր, այնինչ հեռացիր: Այստեղից էլ հենց խառնաշփոթ է ստեղծվում, որովհետև երբ մենք խոսում ենք բուն պատճառների մասին, պետք է այդ պատճառը շատ հստակ դնել: Հայաստանում 1996 թվականից ի վեր պետական կառավարման համակարգը յուրացված և ուզուրպացված է: Այսինքն՝ քրեորեն պատժելի արարք է կատարվել ու կատարվում է անընդհատ: Պետական կառավարման համակարգը օրինական ձևավորելու մի եղանակ կա՝ ազատ ընտրություններն են: Եթե որևէ ուրիշ ձևով մարդիկ տիրում են այդ համակարգին, նրանք արդեն քրեական հանցագործություն են կատարել: Իսկ քրեական հանցագործություն կատարողը երկիրը միշտ պահելու է այս վիճակում, որովհետև նա գիտի, որ եթե հանկարծ երկրում աշխատի արդարադատություն, առաջինը հենց իրենք են գնալու բանտ: Դրա համար ցանկացած մարդ, որը խոսում է իշխանափոխությունից, նա գիտի, որ եթե հայտնվի իշխանության մեջ, անօրինականություն է կատարելու: Ուստի ոչնչացնում են դատական համակարգը, որ իրեն չդատեն: Փայլուն հասկանալով, որ եթե հանկարծ ազատ ընտրություններ լինեն և օրինական ուժ գա իշխանության, իրենց դատելու են, դրա համար ոչնչացնում են ընտրական համակարգը, հանցավոր խմբավորում են ստեղծում, որ երբեք ոչ ոք չգա իշխանության: Հիմա իշխանության ղեկին նստած է հանցավոր խմբավորում, իսկ նրանք, որոնք հայտարարում են իշխանափոխության մասին, նրանք ուզում են, որ այս հանցավոր խմբավորումը փոխարինեն մեկ այլ խմբավորմամբ՝ վիճակը պահելով նույնը: Դրա համար մենք 20 տարի այս վիճակում են:
Երբ այսօր խոսում ենք պատճառների մասին, պետք է շատ հստակ ձևակերպենք խնդիրը: Պետք է ասվի, որ մեր երկրում ուզում ենք ձևավորվի օրինական և պատասխանատու իշխանություն այն ճանապարհով, որը նշված է Սահմանադրությունում: Որևէ գործչից կամ քաղաքական ուժից լսե՞լ եք, որ ասեն մեր խնդիրն է ստեղծել ազատ ընտրությունների անցկացման մեխանիզմը, որի միջոցով ընտրվենք: Ոչ ոք դա չի ասում, փոխարենն ասում են իշխանափոխություն, որն ընդունելի է ցանկացած գնով: Հասարակությանն էլ փորձում են ներկայացնել, որ կապ չունի, թե ինչ եղանակով, կարևորը իշխանություններին փոխելն է: Մարդիկ, որոնք այս խնդիրը չեն դնում, ինչո՞վ են զբաղված՝ յուրացման նորանոր ծրագրերով: Ուզուրպատորական ծրագրեր են մշակում նորերը: Իսկ երբ հարցնում ես, թե ինպե՞ս եք ծրագրեր մշակում, երբ չկան ազատ ընտրություններ, պատասխանում են. «Դե հիմա վիճակն այսպիսին է, չկա ազատ ընտրություն»: Դա ինդուլգենցիա է, եթե երկրում չկա ազատ ընտրության մեխանիզմ, ուրեմն ես իրավունք ունեմ զավթել պետական կառավարման համակարգը: Օրինակ, երբ կուսակցություններին ասում ես, որ համագործակցում եք այն քաղաքական ուժի հետ, որը ընտրակաշառք է բաժանում, պատասխանում են, որ ռեժիմն է մեղավոր: Ասում են՝ դե եթե իշխանությունը վատն է, մենք էլ այսպես ենք անում: Այդ դեպքում ինչո՞վ են նրանք տարբերվում ներկա իշխանավորներից. ոչ մի բանով, նույն հանցագործներն են: Այդ հանցագործությունը կատարվում է ամեն օր, և հանրությանը ներկայացվում է որպես փրկիչ ծրագիր:
Հայաստանի գերխնդիրը դա է, որ մի խմբավորում զավթում է պետական կառավարման համակարգը, 100 խմբավորումներ ուզում են իրենք էլ զավթեն իշխանությունը: Ու կապ չունի, թե ինչ կուսակցություններ են, ամեն մեկն իր առասպելն ու ինդուլգենցիան ունի, թե ինչու է ինքը ստիպված զավթել իշխանությունը: Սրանից հետևում է ամենագլխավոր հարցը՝ Հայաստանում սեղանին կդրվի՞ այդ գերխնդիրը լուծելու հարցը, թե չի դրվի, ու կմնանք նույն ցիկլի մեջ: Հայաստանում երբեք այդ հարցը չի դրվել, ու եթե չդրվի, երկրում ոչինչ չի փոխվի:
Ասենք՝ դրվեց այդ խնդիրը, դա կարո՞ղ է մոբիլիզացնել հասարակությանը: Փորձը ցույց է տալիս, որ նման խնդիրների շուրջ հասարակությունը չի մոբիլիզացվում, եթե իհարկե տեղի չունենան ընտրություններ կամ դրանք պայմանավորված չլինեն հետընտրական գործընթացներով:
Կլինի, թե չի լինի, դու խնդիրը պիտի դնես: Օրինակ՝ մեկ տարի առաջ Բանգկոկում ժողովուրդը պայքարելով մաքրել է բլոր ուզուրպատորներին և հայտարարել, որ երբևէ թույլ չեն տալու երկրում ընտրություններ լինեն, մինչև ինչ-որ քայլեր չարվեն, որոնք երաշխիք կլինեն, որ դրանք լինելու են ազատ ու արդար ընտրություններ: Այդ երկրի խորհրդարանի ղեկավարությունը փորձել է ընտրություններ անցկացնել, բայց հասարակությունը մոբիլիզացվել ու վիժեցրել է ընտրությունները: Ահա այսպես են պայքարում, ուրիշ երկրներում էլ այլ կերպ են պայքարում, որովհետև մարդիկ գիտեն, որ իրենց գերնպատակն է ստեղծել օրինական պետական կառավարման մարմիններ: Ցավոք, մեզ մոտ նման խնդիր չի դրվել: Իսկ ուզուրպատորական իշխանությունը երբեք չի թողնի, որ երկրում աշխատի օրինական ընտրությունների մեխանիզմը, քանի որ շատ լավ գիտեն, որ այդ դեպքում ոչ մի շանս չունեն զավթել պետական իշխանությունը: 1-3 տոկոսից ավելի ոչ մի ուժ չի ստանալու:
Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ աշնանը Հայաստանում զարգացումներ կարող են լինել: Օրինակ ՝ քառյակն է հայտարարել, որ աշնանը ելնելու է ակտիվ պայքարի: Դուք նման փոփոխությունների հնարավորություն տեսնո՞ւմ եք:
Այս երկրում ոչինչ չկա, որ կարողանա ինչ-որ բան տեղից շարժել: Որակյալ փոփոխություն հնարավոր չէ ակնկալել: Բոլորի հույսը դարձել է այն, որ ինչ-որ բան պատահի ասենք Ռուսաստանում կամ այլ երկրներում, ու իրենք գան իշխանության: Նրանք նման են այն թռչնի ձագերին, որոնք կտուցները բաց սպասում են, որ վերևից մայրը բան գցի ուտելու: Ի՞նչ կապ ունի, թե վերևից ինչ են գցում գլխիդ: Նման բաներով զբաղվելը շատ վտանգավոր է Հայաստանի համար: Տեսեք, ամիսներ շարունակ հայտարարում էին, որ Տիգրան Սարգսյանը պիտի հեռանա: Հիմա նա հեռացավ ու տեղը բերեցին Հովիկ Աբրահամյանին ու ասացին՝ դե կերեք: Վաղն էլ ուրիշին են բերելու, ինչ նշանակություն ունի: Այստեղ արժանապատվության խնդիր էլ կա: Հիմա երիտասարդներ կան, որ ասում են, ինչ տարբերություն ինչ եղանակով է կատարվում իշխանափոխությունը, որին ես պատասխանում եմ. «Պետական համակարգը բոլորինս է, որն ազդում է մեզ ու մեր երեխաների վրա: Ու ես չեմ ուզում, որ քեզ նման մեկը այնտեղ նստի, որովհետև դա քո գործը չէ: Դու ուզում ես այնտեղ նստես ու ինձ քշես, բայց ես դա չեմ ուզում: Ես ուզում եմ ընտրել այն մարդուն, որն ինձ կծառայի: Սա շատ էական բան է, բայց մարդիկ գալիս համոզում են, թե դա ինչ կապ ունի երկրի հետ: Բայց ես շատ կոնկրետ եմ ասում. «Ախր դու ով ես, որ վերցնես այն, ինչը պատկանում է ինձ»:
Մենք պիտի համաձայնենք, որ այսինչ մարդուն ուղարկում ենք վերև: Եթե հասարակությունն այդ խնդիրը դնի,կարծում ինչ-որ բան կսկսվի փոխվել: Ի դեպ, երբ հայաստանյան խմբավորումներն իրար բնութագրում են, ասում են բացարձակ ճշմարտություններ՝ միմյանց ներկայացնելով որպես հանցավոր խմբավորումներ, նրանք այդ հարցում ճիշտ են ասում: