«Ազատ խոսք» հաղորդաշարի հյուրն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը:
Արմեն Բաղդասարյան
Վերջերս Ղարաբաղի հարցում մի քանի կարևոր իրադարձություններ տեղի ունեցան: Իրավիճակը շփման գծում լարվեց, Բեռնում Ալիև - Սարգսյան հանդիպում տեղի ունեցավ, Սերժ Սարգսյանի հայտնի ելույթը ՀԱՊԿ նիստում: Այնպիսի տպավորություն է, որ ինչ-որ ինտենսիվ պրոցեսներ են ընթանում, որոնց մասին հասարակությունը, կարծես թե, տեղեկացված չէ: Պարո՛ն Սարգսյան, ի՞նչ է կատարվում:
Մանվել Սարգսյան
Պրոցեսները նոր չեն, որովհետև պարբերաբար մենք հանդիպում ենք նմանատիպ վիճակների, որ Ադրբեջանը կոչում էր ռազմական դիվանագիտություն: Նրանք պարզ, հստակ ասում են, որ այն գործողությունները, որ կատարում են շփման գծում, պիտի աջակցեն բանակցային պրոցեսին: Նման իրավիճակը սպասելի էր, մանավանդ որ նախագահների հանդիպումն էր: Ադրբեջանը փորձում է իր համար, իր կարծիքով նպաստավոր դիրքեր ստեղծել: Ո՞րն է տարբերությունը: Տարբերությունը նոր միջազգային իրավիճակն է, երբ Ռուսաստանը սեպտեմբերի 30-ից հետո մտավ Սիրիա, կտրուկ փոխվեցին միջազգային հարաբերությունների իմաստը, բովանդակությունը, ռեգիոնալ բաղադրիչները: Գերտերությունների հարաբերություններում նոր պրոբլեմներ ի հայտ եկան: Բնական է՝ դա ազդեց մեր տարածաշրջանի վրա: Երկրները տարբեր վիճակներում հայտնվեցին, ստեղծվեց ռուս-թուրքական կոնֆլիկտ, որը ստիպեց բոլորին կողմնորոշվել, գնահատականներ տալ, դիրքավորվել:
ՀԱՊԿ-ի երկրները դժվար կացության մեջ հայտնվեցին: Չգիտեն ինչ անել՝ պաշտպանել Ռուսաստանին բացահայտ չեն կարող, մեղադրել չեն կարող, պաշտպանել Թուրքիային չեն կարող: Օդում կախված մի վիճակ ստեղծվեց: Այս վիճակում արդեն իսկ պրոցեսներ սկսվեցին:
Ի՞նչ կատարվեց ՀԱՊԿ-ի այս վերջին գագաթաժողովում: Սերժ Սարգսյանը ի՞նչ ելույթ ունեցավ: Ինձ համար միանշանակ է, որ դա ելույթ է, որ պատասխանատվության տակ է դնում ՀԱՊԿ-ի անդամներին, բացի Ռուսաստանից: Դա Ռուսաստանի համար շատ ձեռնտու ելույթ էր: Ռուսաստանը ինքը չէր կարող պատասխանատվության տակ դնել բոլորին:
Հարևան Ադրբեջանը ընկավ ամերիկյան քաղաքականության թոկերի տակ: Բավականին բարդ է հասկանալ այդ սուր քննադատությունը, միակողմանի ճնշումը Միացյալ Նահագների կողմից:
Հիմա բոլորիս հետաքրքում է՝ ի՞նչ պիտի լինի: Ի՞նչ ընտրություն կանի Ադրբեջանը: Կանցնի՞ թուրքական ճամբար, թե մեկ էլ տեսար կբարեկամանա Ռուսաստանի հետ: Ինչպե՞ս դրան կվերաբերվեն Թուրքիան և Ռուսաստանը: Նույնն էլ խորհրդային տարածքի թուրքալեզու պետությունների դեպքում է: Շատ բան է դրանցից կախված: Այդ մարդիկ ի վերջո ի՞նչ ընտրություն են անելու իրենց համար: ՀԱՊԿ-ը ընդհանրապես գոյություն ունենալո՞ւ է, թե՞ ոչ:
Հայաստանը սրանով ինչ-որ տեղ ձեռքերը լվաց, կանգ առավ: Այս հարցերը դեռ չեն լուծվել: Ընտրություն չկա:
Արմեն Բաղդասարյան
Ինչո՞ւ են հիմա Ադրբեջանի նկատմամբ միակողմանի ճնշումներ իրականացվում:
Մանվել Սարգսյան
Ես կարծում եմ դա կապված է Թուրքիայի և Ռուսաստանի հետ: Տպավորություն է, որ ամեն կերպ Ադրբեջանին ստիպում են մեկնվել Ռուսաստանի տակ: Ուղղակի անջատում են, ճանապարհները կտրում են: Սա երկու տարի է՝ արդեն նկատվում է: Ադրբեջանը մի պահ դա մեծ ոգևրությամբ ընդունեց: Ռուսական զենքեր սկսեց ստանալ: Իսկ հիմա Ադրբեջանը չի հասկանում, թե ինչու են իրեն տանում դեպի Ռուսաստան: Սա կապված է Թուրքիայի հետ: Թուրքիայի խնդիրն է կենտրոնում: Ես չգիտեմ թուրքերն են սխալ հաշվարկել, թե ինչ են արել, բայց Թուրքիայի շուրջ է պտտվում այս հակաահաբեկչական միավորումը: ՄԱԿ-ը ընդունեց բանաձև այն պետությունների դեմ, ովքեր ֆինանսավորում են ահաբեկչությունը: ՀԱՊԿ-ում հայտարարություն եղավ նույնի մասին: Աշխարհը միասնական դիրքորոշում ընդունեց, որ թիրախում լինելու են ահաբեկչությունը ֆինանսավորողները:
Արմեն Բաղդասարյան
Ըստ ձեզ ստացվում է, որ Արևմուտքը Ադրբեջանին մղում է դեպի ռուսական ազդեցության գոտի: Դա մեզ համար շատ վատ է: Բեռնի հանդիպումից հետո Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարում է, որ իրենք համաձայն են Մադրիդյան նորացված սկզբունքների շուրջ նստել բանակցությունների, որի առանցքային սկզբունքներից մեկը տարածքների հանձնումն է:
Մանվել Սարգսյան
Պետք է հասկանալ, թե ինչու Ադրբեջանը նման հայտարարություն արեց նախագահների հանդիպումից հետո: Ադրբեջանի սպասելիքները ուրիշ էին: Բայց եղավ այն, որ շփման գծի խնդիրը դարձավ միակը, որը բանակցային սեղանին է: Կարգավորման խնդիրն ընդհանրապես հանվեց բանակցային սեղանից: Մամեդյարովը այս հանդիպումից հետո վերհիշեց Կազանի փաստաթուղթը, որը սկանդալային ձևով Ադրբեջանը ժխտեց: Անգամ դա հիշեցին, միայն թե վերադարձնենք կարգավորման խնդիրը բանակցային պրոցես: Բնական է, որ Հայաստանը պետք է գնահատի այս իրավիճակը: Իրեն հարգող պետությունը պիտի ասի, որ մինչև խաղաղություն չհաստատվի, մենք չենք բանակցելու:
Մենք անընդհատ Ադրբեջանի քայլերն ենք տեսնում: Իսկ ի՞նչ քաղաքականություն է որդեգրել Հայաստանը: Դեռ չկա: Միայն հայտարարություններ են: Շփման գծում ամեն ինչ շատ բարդ է: 2000-ական թվականների սկզբներին դեպքեր են եղել, երբ Ադրբեջանը որդեգրեց մի շատ վտանգավոր քաղաքականություն, սկսեց չեզոք գոտին կրճատել իր կողմից: Այն ժամանակ մի կրակոցը շատ մեծ արձագանք էր գտնում: Մեր կողմից մեզ «խելոք» պահելու քաղաքականությունն էր: Շատ վտանգավոր դիրքորոշում էր:
Ամեն անգամ ստեղծվում են վիճակներ, առաջարկներ, գործողություններ են լինում, որոնք պետք է ճիշտ գնահատես: Սխալ գնահատականը այսօր բերել է այդքան զոհերի:
Արմեն Բաղդասարյան
Համաձա՞յն եք այն մտքի հետ, որ Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի, թե՞ ճիշտ հակառակը:
Մանվել Սարգսյան
Հայստանում տարիներ շարունակ ինչ-որ մոտեցում կար, որը չէր արտացոլում իրական դրվածքը: Ադրբեջանի քաղաքականությունը շատ պարզ ու հստակ է: Դրա հիմքը դրել է Հեյդար Ալիևը: Ես հիշում եմ նրա ելույթը պառլամենտում, երբ որ նա ասաց՝ «Ի՞նչ եք գոռում, ձեզ կոտորում, Ղարաբաղը կորցրել ենք, իրավունքը ձեր ձեռքին պահեք: Մենք չանենք, մեր երեխաները, թոռները կվերցնեն: Ոչ մի թուղթ մի՛ ստորագրեք, ո՛չ մեկին ո՛չ մի իրավունք մի տվեք: Սա է ձեր քաղաքականությունը: Աշխարհում ամեն օր տարբեր ամբիոններում մի թուղթ ձևավորեք ու փողերը դրա վրա դրեք, որ իրավունքը մնա մեր ձեռքում»: Հիմա ելնելով սրանից, մենք պիտի պարտադրենք Ադրբեջանին ճանաչել մե՛ր իրավունքը: Եթե նա չի ճանաչում՝ մնում է այս վիճակում, եթե ճանաչում է՝ փոխվում է իրավիճակը: Մադրիդյան սզկբունքներում գրված է. Ադրբեջանը պիտի ճանաչի Լեռնային Ղարաբաղի միջանկյալ ստատուսը: Սա ֆունդամենտալ հարց է, որը Ադրբեջանը չի ուզում անել:
Վերադառնալով Մամեդյարովի ասածին տեսնում ենք, որ այստեղ ինչ-որ բան կոտրվում է: Մենք պիտի տեսնենք ռազմական լուծում կա, թե՞ չկա: Մեր խնդիրն ու նպատակն է պարտադրել հակառակորդին մեր օրինական իրավունքը ճանաչել:
Արմեն Բաղդասարյան
Դուք ինչպե՞ս եք պատկերացնում Ղարաբաղյան խնդրի կարգավորումը:
Մանվել Սարգսյան
Մարդիկ պայքարել են, ստեղծել են պետություն, զոհեր են տվել, իրավունքը ձևակերպել են պարզ ու հստակ և ասում են աշխարհին՝ ճանաչե՛ք մեր իրավունքը: Նպատակը պետք է լինի անկախ երկրի հռչակումը, իսկ սահմանային հարցերով պետք է խոսել Ադրբեջանի հետ: