Ինչու՞ է Սերժ Սարգսյանը դարձել դյուրագրգիռ

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի՝ նախընտրական շրջանում հասարակության հետ շփման ժամանակ անհարիր և նյարդային պահվածքը քննարկման առարկա է քաղաքագետների կողմից: Շատերի համար զարմանալի է, որ այն էլ նախընտրական քարոզչության շրջանում Սերժ Սարգսյանը նման գործելաոճ է նախընտրում՝ Եռաբլուրում լացող կնոջը հորդորում է չխանգարել տոնը, կամ տավուշցի ծերունու հետ խոսում «խիյարի» այլաբանության լեզվով:

Ըստ քաղաքագետ Էդգար Վարդանյանի՝ Սերժ Սարգսյանի այս պահվածքը նախ և առաջ պայմանավորված է մեկ բանով. նա մտավախություն ունի, որ իրենց ջանքերին հակառակ՝ ընտրությունները չեն արժանանա միջազգային հանրության դրական գնահատականին, և Սերժ Սարգսյանը կկորցնի Արևմուտքի ֆինանսական և քաղաքական աջակցությունը, և որ երկար սպասված դոնորների կոնֆերանսը դարձյալ չի կայանա:

Ներկայացնում ենք Galatv.am-ի հարցազրույցը քաղաքագետ Էդգար Վարդանյանի հետ:

-Պարո՛ն Վարդանյան, շատերին զարմացրեց ՀՀԿ-ի նախագահ, գործող նախագահ և ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի՝ նախընտրական շրջանում տարօրինակ պահվածքը: Շատերը կարծիք հայտնեցին, որ Սերժ Սարգսյանի մոտ նկատվում է նյարդային գերլարված վիճակ և նրա այդ պահվածքը դրա արդյունքն է: Ի՞նչ կարծիք ունեք Դուք:

-Երկու կարևոր հանգամանք կա, որը ենթադրում եմ, որ բացատրում է այդ պահվածքը: Առաջին՝ դա այն է, որ իշխանություններն ընդհանուր առմամբ տեսնում են, որ չնայած ամեն ինչին, չնայած այն բանին, որ իրենք մեծ ջանքեր են գործադրել, որպեսզի հեշտությամբ կարողանան վերարտադրվել և արժանանան միջազգային հանրության դրական գնահատականին, ինչը նրանց համար առաջին հերթին անհրաժեշտ է այն բանի համար, որպեսզի Արևմուտքից ստանան մեծ ֆինանսական, և ինչու չէ, նաև քաղաքական աջակցություն, չի ստացվում: Կարծես թե ամեն ինչ այդքան էլ հարթ չի ընթանում նրանց համար: Արդեն իսկ ականատես եղանք հենց ընտրությունների սկզբում ԵԽԽՎ-ի պատվիրակության բավականին կոշտ գնահատականներին՝ ընտրությունների հետ կապված, ինչը, բնականաբար, միանգամից մտահոգեց իշխանություններին և լարվածություն մտցրեց նրանց շրջանում, և դրա համար կարծում եմ, որ բավականին նյարդային իրավիճակի մեջ են: Եվ ամեն մի բան, որը չի մտնում իրենց կանոնների մեջ, որը իրենց կողմից կազմակերպված փիար գործողությունների տրամաբանությունից դուրս է, այդ ամենը նյարդայնացնում է նրանց, և կարծում եմ, որ պատճառներից մեկը հենց դա է, որ բավականին ոչ ադեկվատ վերաբերմունքի է հասարակությունն արժանանում իշխանությունների, կոնկրետ Սերժ Սարգսյանի կողմից:

-Այսինքն, կարծում եք, որ ֆինանսական հնարավորություններից զրկվելու մտավախությո՞ւնը կարող է նման լարվածության պատճառ հանդիսանալ:

-Հիմնականում, այո, դա: Դուք գիտեք նաև, որ դոնորների կոնֆերանս պիտի տեղի ունենար, և դա նախատեսվում էր 2012 թ-ի խորհրդարանական ընտրություններից հետո, և քանի որ ցանկալի արդյունքներ չկարողացան արձանագրել և Արևմուտքի կողմից քննադատական գնահատականներ հնչեցին ընտրությունների հետ կապված, դրանով պայմանավորված՝ հետաձգեցին դոնորների կոնֆերանսի կազմակերպումը, հավաքը և ասացին, որ այս անգամ ևս մեկ հնարավորություն է Արևմուտքը տալիս. ուշադիր հետևելու է ընտրություններին և կհրավիրի դոնորների կոնֆերանս՝ կախված նրանից, թե ինչպիսին կլինեն այդ ընտրությունները:

-Կա՞ն արդյոք ուրիշ պատճառներ:

-Երկրորդ հանգամանքը, որով կարող է պայմանավորվել այս վիճակը, կապված է առաջին խնդրի հետ, և՛ ներքին, և՛ արտաքին սպառման հարց է լուծվում. ցույց տալ, որ այն խնդիրները, որոնք կան, դրանց մեծ մասը հասարակության ցածր մակարդակի պատճառով է որ այդպես է, այլ ոչ թե իշխանություններն են դրանց համար մեղավոր: Ուղղակի խնդիրն այն է, որ այդ բեմականացումը լավ չի կազմակերպվում և հակառակ էֆեկտն է տալիս, երբ որ նյարդային ձևով անդրադառնում ես ոչ ցանկալի իրավիճակին: Այո, առիթ է, որ ցույց տան, թե, ահա, տեսնո՞ւմ ես, միջազգային հանրություն կամ Հայաստանի գիտակից հանրություն, որ մեր խնդիրների մեծ մասը դրանից է, որ ժողովրդի մակարդակը ցածր է, վարվելակերպը անընդունելի է, բայց լավ էֆեկտ չի ստացվում:

Հետո մի բան էլ կա. գիտե՞ք, կա մտավախություն առ այն, որ հասարակությունում կան ակտիվ սուբյեկտներ, որոնք ամեն մի բացթողումից կարող են ավելի ակտիվանալ և հետո խնդիրներ առաջացնել, դրա համար փորձում են կանխել այդ ամենը և էլի չի ստացվում:

Քրիստինա ՄԿՐՏՉՅԱՆ

Galatv.am