Ադրբեջանն իրեն ծուղակի մեջ է գցել՝ տարիներ շարունակ վարելով այսպես կոչված՝ «ռազմական դիվանագիտության» քաղաքականություն, Հայաստանն էլ «գտել է ձևը» և թույլ չի տալիս հակառակորդին դուրս գալ այդ վիճակից:
«Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) գիտական մասով տնօրեն Մանվել Սարգսյանը՝ խոսելով շփման գծում վերջին ամիսներին ստեղծված իրադրության և ԼՂ հիմնախնդրի շուրջ խաղաղ բանակցությունների հեռանկարների մասին:
Հակամարտության խաղաղ կարգավորման թեման դուրս է մղվել բանակցային գործընթացից ադրբեջանական կողմի վարած քաղաքականության հետևանքով,- ասում է քաղաքագետը,- և եթե առաջիկայում հանդիպում լինի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև, հիմնական թեման լինելու է շփման գծում հետաքննությունների մեխանիզմ ստեղծելու հարցը:
Փորձագետն անդրադարձավ նաև հարցին, թե Ադրբեջանի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը ինչպես կազդի վերջինիս ռազմական հռետորաբանության և շփման գծում ադրբեջանցիների ռազմական ակտիվության վրա:
– Պարոն Սարգսյան, ՌԴ փոխվարչապետ, ռազմարդյունաբերության ոլորտը համակարգող Դմիտրի Ռոգոզինը նախորդ շաբաթ մեկնել էր Բաքու՝ պարզելու, թե ինչու Ադրբեջանը չի վճարում Ռուսաստանի կողմից մատակարարված սպառազինության և ռազմական տեխնիկայի համար: Ֆինանսա-տնտեսական վիճակն Ադրբեջանում այդքան վա՞տ է: Սա ինչպե՞ս կազդի Ադրբեջանի հետագա ռազմական հռետորաբանության և հնարավորությունների վրա՝ մասնակցելու սպառազինությունների մրցավազքին:
– Այս այցերը խոսում են այն մասին, որ ինչ-որ լուրջ խնդիր է ստեղծվել: Չեմ կարծում, որ խնդիրը միայն ֆինանսական է: Թեման ֆինանսական է, բայց, իհարկե, կապված է քաղաքական վիճակի հետ: Ադրբեջանն ամիսներ շարունակ արդեն բարդ վիճակում է. անընդհատ ռուս-թուրքական կոնֆլիկտի ներքո կողոմնորոշվելու հարցեր կան: Նկատել ենք շատ էական մի բան. ստեղծվեց վիճակ՝ Թուրքիայում ահաբեկչական ակտեր իրականացվեցին, և Թուրքիայի նախագահը չկարողացավ գնալ Բաքու. այցը նախատեսված էր մարտի 18-ին: Դրանից հետո Ադրբեջանի նախագահը հանկարծակի Իրան գնաց: Այսինքն՝ նկատելի են նոր քաղաքական լուրջ տարրեր, որոնք ավելի բարդ իրավիճակ են ստեղծել Ադրբեջանի համար: Ես կարծում եմ, իհարկե, տնտեսական, ֆինանսական վիճակը շատ մեծ նշանակություն ունի այդ երկրի համար, իրենք հայտարարել են, որ բանակի ծախսերն են կրճատել, տարբեր ստորաբաժանումներ են կրճատում, կոնկրետ փորձեր են արվում վերանայելու ռազմական քաղաքականությունը, և այն հանգամանքը, որ արդեն տարվա սկզբից Ադրբեջանը կարծես թե թուլացրեց գործողությունները շփման գծում, նույնպես խոսում է այն մասին, որ այդ երկիրը փորձում է ինչ-որ կերպ դուրս գալ այս քաղաքական և տնտեսական ճգնաժամային վիճակից: Եվ, ըստ երևույթին, արդեն իսկ ինչ-որ քայլեր են արվում, որոնք մտահոգում են Ռուսաստանին: Չեմ կարծում, թե Ադրբեջանն արդեն կողմնորոշվել է այս բարդ իրավիճակում, բայց առնվազն չկա այն «տաք» վիճակը, երբ Ադրբեջանը խնդիր չուներ Ռուսաստանի հետ: Եվ տեսնենք, թե Ադրբեջանը դեպի ուր կգնա, ինչ ընտրություն կկատարի. այստեղ խնդիրն Ադրբեջանի ընտրությունն է. ինչ պետք է անի այս իրավիճակում:
Ադրբեջանը փորձում է նորից վերականգնել հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ, անգամ Ադրբեջանի արտգործնախարարն առաջարկել է, որ Եվրամիության հետ նորից բանակցություններ սկսեն, և հնարավոր է, որ պայմանագիր ստորագրեն: Կարծում եմ՝ սա է պատճառը, որ Ռուսաստանը արդեն իսկ փորձում է ճշտել իր հարաբերությունները:
– Իրադրությունը հայ-ադրբեջանական շփման գծում իսկապես վերջին մեկ-երկու ամիսներին համեմատաբար ավելի հանդարտ է. սա միայն Ադրբեջանի տնտեսական վիճակի, ներքին խնդիրների հե՞տ է կապված, թե՞ գուցե ամերիկյան կողմի ճնշումները, եվրոպացիների ճնշումները՝ կապված Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման հետ, ինչ-որ ազդեցություն են ունեցել: Որքանո՞վ են այս գործոններն ազդել:
– Ազդել են իհարկե: Ադրբեջանի առջև Թուրքիայի փորձն է. մի անզգույշ քայլից այդ երկրիրն արդեն կանգնել է այնպիսի ճգնաժամային վիճակում, որ բոլորը խոսում են այն մասին, թե ինչով կվերջանա այդ ամենն այդ երկրի համար: Հիմա շատ վտանգավոր է դարձել այս կամ այն քայլն անելը, անգամ այս կամ այն հարաբերությունը ստեղծելը, էլ չեմ ասում ռազմաճակատում ինչ-որ քայլեր անելը, որովհետև անմիջապես շատ սուր վերաբերմունք է ստեղծվում գերտերությունների կողմից: Եղել են պահեր, երբ Ադրբեջանն անգամ հայկական ուղղաթիռ է խփել, և շատ հանգիստ է ընդունվել, բայց հիմա մենք տեսնում ենք, որ լրիվ ուրիշ վիճակ է: Դրա համար նրանք փորձում են հետ կանգնել այդ քաղաքականությունից շփման գծում և փորձում են քաղաքական ինչ-որ կայուն հարաբերություններ վերականգնել կամ ստեղծել:
Վերջին օրերին ամերիկյան հերթական նահանգը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Սրանք քաղաքական տեսանկյունից լուրջ հարցեր են և նույնպես խաղադրույք են սեղանին: Բոլորը հասկանում են, որ սրանք լուրջ քայլեր են, վերաբերմունքի նշան են: Մինչ այդ ԵԽԽՎ-ում դրվեց բանաձև. դաժան բանաձև էր՝ ամբողջությամբ ադրբեջանամետ, որը չանցավ, դա էլ վերաբերմունքի խնդիր է, և այնքան լուրջ է, որ մենք օրերս տեսանք՝ անձամբ ԵԽԽՎ նախագահը եկավ և բանավոր կրկնեց այդ բանաձևի դրույթները, որպեսզի ցույց տա, որ պատահական չէր այդ ամենը, որ այդ ամենին լուրջ են վերաբերվում, այսինքն՝ բոլոր տեղերում այդ խաղադրույթները կան և օրեցօր ավելանում են: Հիմա ամեն երկիր դա պետք է թե՛ հասկանա և թե՛ կողմնորոշվի:
– ԵՄ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Մոգերինին այցելեց տարածաշրջան՝ Բաքու և Երևան, և Բաքվում գագաթնաժողով տեղի ունեցավ «Հարավային գազային միջանցք» նախագծի իրականացման շահագրգիռ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հասկանալի է, որ սա երևի թե այնքան էլ ձեռնտու չէ Ռուսաստանին: Ռուսաստանի կողմից ֆինանսական կամ ռազմական լծակները կարո՞ղ են օգտագործվել Ադրբեջանի վրա ազդելու նպատակով: Ռուսաստանը կփորձի՞ խափանել այս ծրագիրը:
– Ես չգիտեմ՝ դա ծրագիր է թե ոչ: Նման առաջարկներ եղել են տարիներ շարունակ, և դրանց շատ մեծ տեղ էր տրվում: Ես չգիտեմ այսօր, այս նոր իրավիճաում դա ինչքանով է էական, այսինքն՝ դա նույնպես ավելի շուտ ինչ-որ խաղադրույք է Ռուսաստանի հետ խոսելու համար: Այսօր այդ ամենին պետք է ուրիշ աչքերով նայել, այսինքն՝ սա այն չէ, որ մշակվում են ինչ-որ նախագծեր, և այս կամ այն երկիրը համաձայն չէ, իրար վրա ազդում են, էությունը ուրիշ է. քաղաքականության էությունն է փոխվել, առաջնահերթություններն են փոխվել, թե ինչ են ուզում՝ այս կամ այն հարցը շոշափելով: Առաջ կարծես թե պարզ էր, հիմա պարզ չէ այդ ամենը, այդ պատճառով ես ավելի շուտ կարծում եմ, որ երկրների հետ նոր հարաբերություններ ստեղծելու համար նման երևույթներ են ի հայտ գալիս: Էությունը նույնպես պարզ չէ, թե ինչու հանկարծ Ադրբեջան-Իրան այսպիսի բարձր մակարդակի հանդիպում եղավ: Էական բաներ չեն խոսել այդ մասին, ստորագրված փաստաթղթերը շատ քիչ բան են իրենցից ներկայացնում, որովհետև ստրատեգիական երկաթուղու հարցն ընդամենը շոշափվել է, իրանական Ռեշդի և ադրբեջանական Աստարայի միջև 7 կմ-անոց հատվածը կարող են միացնել, բայց դա ոչ մի բան չի նշանակում, որովհետև դրանից հետո չկա երկաթուղին, բայց դրա ստրատեգիայի մասին չի խոսվել:
Ուզում եմ ասել, որ ավելի շատ ինչ-որ քաղաքական դիրքորոշումների խնդիր էր. Էրդողանը չի կարողանում գալ, ստեղծվում է խզում Ադրբեջանի և Թուրքիայի միջև, և Ադրբեջանը հանկարծակի շրջվում է դեպի Իրան՝ ստիպողական թե հասկանալով, որ ավելի ճիշտը դա է:
Սրանք են էական հարցերը: Այսօր, երբ կոալիցիաներ են ստեղծվում այս հակաահաբեկչական քաղաքականության ներքո, շատ ավելի էական են այդ կոալիցիաները, այդ հարաբերությունները, քան կոնկրետ տնտեսական պլանները: Տնտեսական հարցերն արդեն երկրորդ պլանում են:
– Պարոն Սարգսյան, հաշվի առնելով այսօրվա իրավիճակը, հակամարտության վերջին զարգացումները, ի՞նչ դիրքորոշմամբ և ի՞նչ պայմաններով Ադրբեջանը և Հայաստանը կգնան Վաշինգտոն, եթե իհարկե հանդիպումը տեղի ունենա: Ի՞նչ պայմաններով նրանք կգնան բանակցելու, որքանո՞վ է հավանական Սարգսյան-Ալիև հանդիպումը ԱՄՆ նախագահի միջնորդությամբ:
– Չգիտեմ՝ նման պլաններ կան թե ոչ, ենթադրվում է, որ եթե ԱՄՆ-ը կանչել է նման ժողովի, մանավանդ տվյալ պահին Ադրբեջանին, մտածում ես, որ գուցե ուրիշ պլաններ կան, դա կերևա: Բայց կոնկրետ մի խնդիր կա. Հայաստանի պաշտպանության նախարարությունը հստակեցրել է և հայտարարել է աշխարհով մեկ իր նոր ռազմական քաղաքականության՝ սանձազերծման քաղաքականության մասին. դա արդեն որպես դոկտրին ներկայացվել է ամբողջ աշխարհին: Բնական է, Հայաստանն արդեն դրանով է ներկայանում, սա շատ էական հանգամանք է, հիմա արդեն խոսելու պահին դու դրանից չես հրաժարվում. դա նշանակում է, որ եթե մենք խոսում ենք, դու համաձայն չես, քեզ վատ ես պահում, ես քեզ պատժելու եմ, ես քեզ ստիպելու եմ: Խոսքը Դավիթ Տոնոյանի հայտարարության մասին է, որն արվեց Վիեննայում: Ես սրան շատ ավելի մեծ նշանակություն եմ տալիս: Իսկ Ադրբեջանն այսօր նույն քաղաքականության մեջ է, նոր ռազմական քաղաքականություն չունի: Մենք ընդամենը տեսանք, որ նա մի քիչ հետ կանգնեց իր «ռազմական դիվանագիտություն» կոչեցյալ քաղաքականությունից, հասկացավ, որ դա արդյունավետ չէ, հակառակը՝ ավելի բարդ վիճակ է ստեղծում: Եվ Եվրամիության ներկայացուցիչ Մոգերինին ընդգծեց, որ կարևորագույն խնդիրը Եվրամիության համար այն է, որ ստեղծվի հետաքննությունների մեխանիզմը շփման գծում: Դա մահացու բան է Ադրբեջանի համար:
Մեկ տարուց ավել է՝ Ադրբեջանը փորձում է հանել այդ խնդիրը օրակարգից: Մինսկի խմբի այդ առաջարկը, որը, փաստորեն, պաշտպանեցին և՛ Միացյալ Նահանգների Պետդեպը, և՛ Եվրամիությունը, Ադրբեջանի՝ տարիներ շարունակ վարվող քաղաքականության արդյունք է: Այդ քաղաքականությունը բերեց նրան, որ փոխվեց բանակցային պրոցեսի թեման. փոխանակ խոսվի նախագծերի մասին, խոսվում է ընդամենը այդ մեխանիզմները ստեղծելու մասին: Ադրբեջանն իրեն ծուղակի մեջ գցեց: Հայաստանը արդեն ձևը գտել է. թույլ չի տալիս՝ նա դուրս գա: Եվ հիմա, եթե անգամ որևէ հանդիպում լինի, հիմնական թեման լինելու է նման մեխանիզմ ստեղծելը:
– Հնարավո՞ր է Վաշինգտոնում առաջընթացի հասնել բանակցային գործընթացում՝ ամերիկյան միջնորդությամբ:
– Կարևորը թեման է. ինչի մասին են խոսում: Կարգավորմա՞ն: Ասում եմ՝ երկար ժամանակ Ադրբեջանի քաղաքականությունը, փաստորեն, բերեց նրան, որ այդ թեման դուրս եկավ բանակցային օրակարգից: Ոչ ոք չի խոսում դրա մասին: Հիմա Ադրբեջանը կարո՞ղ է վերադարձնել այդ թեման, ի՞նչ պայմաններում, Հայաստանը ի՞նչ պայմաններով կարող է վերադառնալ այդ թեմային: Ինչո՞ւ պիտի Հայաստանը բանակցի կոնկրետ կարգավորման շուրջ, եթե Ադրբեջանը պատերազմ է վարում շփման գծում: