«Ես քիչ եմ տարբերում ընդդիմություն կոչվող կուսակցություններին իշխանությունից: Նույն աշխարհընկալումն է, նույն մոտեցումն է, նույն խաղի կանոններով աշխատող մարդիկ են: Այս ամենը հայտարարվում է տպավորություն ստեղծելու, որ իրենց դերակատարության մեջ են»,-անդրադառնալով ընդդիմության կողմից առաջ քաշած օրակարգին, այն է՝ թույլ չտալ, որ Սերժ Սարգսյանը 2018-ին վարչապետ դառնա, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Մանվել Սարգսյանը:
Նրա խոսքերով՝ համընդհանուր հանրային անտարբերություն կա, քանի որ ամեն ինչ պարզից պարզ է, և որևէ մեկը չի տեսնում փոփոխությանը միտվող գործողություն. «Ես չեմ կարծում, որ որևէ մեկը կարողանա իսկապես այնպիսի խնդիր ձևակերպել, որ փորձի խաղի կանոնների մեջ լուրջ փոփոխություն մտցնել»,- ասաց Մանվել Սարգսյանը:
Ըստ նրա՝ արտախորհրդարանական ուժերի գործունեությունը Հայաստանում շատ բարդ է, չկա երկարատև գործող ուժ, որ կարողացել է փոփոխություն բերել. «Նույն ցիկլի մեջ ենք, որևէ փոփոխություն չկա»,- հավելեց նա:
Հարցին՝ ինչպես է Հայաստանում հնարավոր արագ փոփոխությունների հասնել, Մանվել Սարգսյանը նշեց. «Խնդիրն այն է, որ պետք է վերանան, չեզոքանան, թուլանան այն ուժերը, ովքեր ուզում են օգտվել այս վիճակից, որոնք ուզում են այս խաղի կանոնները պահպանվեն: Ուժ է պետք, որը ժպտում է այս իրականությունը սկզբից, և մենք նման ուժեր չենք ունեցել»: