«Պետք է հասկանալ, թե ինչ է կատարվում աշխարհում և ինչու է դա կոչվում պայքար տեռորիզմի դեմ»,- այսօր հրավիրած հանրային քննարկման ժամանակ ասաց ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանը՝ ներկայացնելով իր «Ահաբեկչության դեմ պայքարի աշխարհաքաղաքական իմաստը» վերլուծությունը:

Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհն այսօր դրա մասին է խոսում, ամեն մեկն իր ցուցակն ունի, ով ում ուզում` ահաբեկիչ է համարում: “Ինչպե՞ս պարզություն մտցնել այս հարցում: Ցանկացած պետություն կարող է ահաբեկչական խմբեր ստեղծել, բայց ինչո՞ւ է այդ երևույթը դրվել ամբողջ աշխարհի առաջ”,- այս հարցադրումները ներկայացրեց Մանվել Սարգսյանը:

Նա նաև նշում է, որ այսօր փորձ է արվում սահմանադրական մշակույթ մտցնել իսլամական աշխարհում, մի տարածաշրջանում, որտեղ հազարամյակներով չի ճանաչվել նման մշակույթ:

«Հիմա Սիրիայում է սկսվել՝ նստեք պայմանավորվենք, վաղը Թուրքիայում է սկսվելու: Սա նշանակում է, որ փորձ է արվում սահմանադրական մշակույթ մտցնել մի տարածաշրջան, որտեղ հազարամյակներով չի ճանաչվել նման մշակույթ: Իրավունք և պայմանագիր իսլամում գոյություն չունի, իսլամում գոյություն ունի մեկ ճշմարտություն և ջիհադ: Այսինքն՝ շատ ավելի խորքային բաներ են կատարվում այսօր աշխարհում, քան մեզ թվում է: Եվ կատարվում է մի պորցեսի մեջ, երբ որ չես հասցնում ծրագրավորես, տեխնոլոգիան արդեն ուրիշ պորբլեմ է ստեղծում», ասում է Մանվել Սարգսյանը: