«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը գնահատելով Ղարաբաղյան հարցի կարգավորման արդի հանգրվանը՝ ասաց. «Չեմ կարծում, թե միջազգային նման փոփոխությունների կոնտեքստում կարելի է գալ համաձայնության: Ավելի հանգիստ ժամանակներում անգամ դա գոյություն չուներ: Շատ մեծացել է ԼՂ հակամարտության դերը, և այն դուրս է գալիս լրջագույն խնդիրների շարք, ինչը մտահոգիչ է, որովհետև լրիվ նոր մարտահրավերներ են»:

Անդրադառնալով Նյու Յորքում սպասվող Նալբանդյան-Մամեդյարով հանդիպմանը և հարցին, թե որքանով ենք մենք հասու այդ օրակարգին և ինչու է այն անհրաժեշտ՝ Մ. Սարգսյանը պատասխանեց. «Ամբողջ խնդիրն այն է, թե ինչպես է օգտագործվում ԼՂ հակամարտության գոտին, որը կարծես թե ուղղված է այլ խնդիրների լուծմանը: Մենք պետք է տեսնենք, թե ինչն է հետաքրքում այս կամ այն երկրին: Հազիվ թե հնչեն կրակոցները դադարեցնելու, լարվածությունը թուլացնելու կոչեր: Այդ կրակոցների ուղերձը ուղղված է Թուրքիային, ինչը մտահոգիչ է»:

Դուշանբեում հնչեցված առաջարկը՝ Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահներ պատրաստելու մասին, Մանվել Սարգսյանը կապում է նոր հարաբերությունների հետ, և քանի որ Ռուսաստանը իր այս նոր քաղաքականության մեջ հաշվի չի նստում Հայաստանի հետ, բնականաբար՝ Հայաստանը պետք է փորձի այլ դաշնակիցներ գտնել: Ստեղծվող նոր հարաբերությունների՝ Սիրիայում տեղի ունեցող գործընթացների, Իրանի ակտիվացման մասին խոսելով՝ նա ասաց. «Մենք պետք է հետևենք Ռուսաստանում նոր ձևավորվող քաղաքականությանը»:

1in.am