12 փետրվարի 2016թ., Լոս Անջելես: 2016թ. հունվարի 16-ին հարյուրից ավելի հյուրեր էին հավաքվել Մարտիկ եւ Ալին Օրունչակչիելների ջերմ օջախում՝ իրենց աջակցությունը ցուցաբերելու Հայաստանի առաջին անկախ վերլուծական հաստատությանը՝ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնին (ՌԱՀՀԿ):
Տանտերերի ողջույնից հետո մասնակիցներն ունկնդրեցին ՌԱՀՀԿ-ի առաքելության եւ գործունեության մասին Կենտրոնի հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի զեկույցը, ով մանրամասն ներկայացրեց թե՛ բարենպաստ հնարավորությունները եւ թե՛ արդի մարտահրավերները, որ ծառացել են Հայաստանի եւ հայ ժողովրդի առջեւ ամբողջ աշխարհում: Նա երախտագիտություն հայտնեց Օրունչակչիել ընտանիքին՝ Հայոց պետականությունն ամրապնդող նորարար նախաձեռնությունների նկատմամբ նրանց անկոտրում հակվածության համար եւ ներկաների հետ կիսեց նոր Հայաստանի իր տեսլականը՝ որպես համայն աշխարհի մեր հայրենակիցների ներկա ու ապագա սերունդների ոգեշնչման աղբյուր: «Մենք բոլորս պետք է պատասխանատվություն ստանձնենք մեր սուրբ քարակտորի համար եւ շահագրգիռ մասնատեր լինենք այն բնօրրանի հզորացմամբ, որին այնքան սիրում ենք»,- նշեց Հովհաննիսյանը:
Կենտրոնի երկու տասնամյակների հանրային ծառայությունն ամփոփող հակիրճ տեսանյութը (հասանելի է www.acnis.am կայքում) դիտելուց հետո հյուրերը սիրով ընդունեցին եւ ողջունեցին Հայաստանից փոխանակման ուսանողական ծրագրով ժամանած երկու դպրոցականների՝ Աննա Մինասյանին եւ Արմինե Գասպարյանին, որոնք ներկայացրին իրենց խոհերն ու զգացմունքները Հայրենիքի ապագայի մասին եւ կարեւորեցին երիտասարդների դերը Հայկական երազանքն ի կատար ածելու հարցում:
Արա Տապանճեանը՝ «Էլեմենտ Բենդ»-ի երաժիշտ-մաեստրոն, լցրեց երեկոն հայկական երգերի ու մեղեդիների հոգեպարար մշակումներով:
«Ալինն ու ես ուրախ ենք հյուրընկալելու այս տեղեկատվական հավաքը Սփյուռքի ներկա մտածողների համար եւ խրախուսելու ուրիշներին եւս՝ կանգնել ՌԱՀՀԿ-ի ու Հայաստանում նմանատիպ այլ արժանավոր ձեռնարկումների թիկունքին: Մենք երախտապարտ ենք նրանց, ովքեր ընդունել են մեր հրավերը եւ իրենց նյութական ու ոգեղեն զորակցությունն են ամրագրել այս վսեմ նպատակի համար»,- եզրափակեց Մարտիկ Օրունչակչիելը: