ՌԱՀՀԿ-ն նշում է իր 20-ամյակը

25 մարտի 2015թ., Երեւան: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) պատրաստվում է մարտի 31-ին ժամը 18:00-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում նշելու իր հիմնադրման քսանամյակը: Սկսած անցյալ տարվա աշնանից՝ հոբելյանի շրջանակում տեղի են ունեցել հանդիպումներ ու սեմինար-քննարկումներ, ինչպես նաեւ տպագրության է ներկայացվել եւ շուտով լույս կտեսնի երկու տասնամյակների ընթացքում ՌԱՀՀԿ-ի բազմաբեղուն գործունեության մասին պատմող պատկերազարդ գիրքը:

Միջոցառումների մեկնարկը տրվել է անցյալ տարվա սեպտեմբերին՝ հայաստանցի եւ արցախցի քաղաքագետների, վերլուծաբանների ու քաղաքական գործիչների մասնակցությամբ բերդաքաղաք Շուշիում անցկացված համատեղ խորհրդաժողովով, որի թեման էր «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիմնախնդիրը միջազգային հարաբերությունների սաստկացման պայմաններում»: