8 ապրիլի 2015թ., Երեւան: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) եւ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի մամուլի ծառայություններից ստացված տեղեկությունների համաձայն՝ նշանավոր պատմաբան, ակադեմիկոս Ռիչարդ Գ. Հովհաննիսյանի «Հայաստանի Հանրապետություն. Վերսալից Լոնդոն, 1919-1920» հիմնարար աշխատության երկրորդ հատորի հայերեն թարգմանության շնորհանդեսը տեղի կունենա ապրիլի 21-ին, ժամը 12:00-ին Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում:
Մի շարք լեզուներով ծավալուն արխիվային նյութերի վրա հիմնված բնագիրը քառահատոր է, անգլերեն եւ հրատարակվել է 1971-1996թթ. ընթացքում կամ շուրջ 25 տարում, որը նմանօրինակ հսկայածավալ, տարողունակ աշխատանքի համար մեծ ժամանակամիջոց չէ:
««Հայաստանի Հանրապետության» երկրորդ հատորի վրա աշխատելիս ես կրկին ու կրկին գիտակցեցի առաջին հանրապետության եւ ներկայիս հանրապետության առջեւ ծառացած մարտահրավերների նմանությունները: Հարցն այն է, սակայն, թե ո՞վ է լսելու եւ ո՞վ է սովորելու անցյալի դասերից»,- գրքի նախաբանում գրում է ակադեմիկոսը: