Լույս է տեսել ՌԱՀՀԿ եռամսյա հանդես առաջին համարը

19 ապրիլի 2016թ., Երեւան: Այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) տեղի ունեցավ «Փոփոխվող աշխարհ. Հայացք Երեւանից» եռամսյա պարբերականի այս տարվա առաջին համարի շնորհանդեսը, որին ներկա էին ժողովածուի հեղինակները, փորձագետ-վերլուծաբաններ, լրագրողներ եւ հասարակական ակտիվիստներ:

Շնորհանդեսը բացեց ու ներկաներին ողջունեց ՌԱՀՀԿ գիտական տնօրեն Մանվել Սարգսյանը: Նա նշեց, որ քաղաքագիտական վերլուծությունների գլխավոր արժանիքը տվյալ ժամանակի ամենահրատապ իրողությունները խորությամբ տեսնելու, մատուցելու եւ ճիշտ եզրահանգումներ անելու մեջ է: «Փոքր ընդմիջումից հետո վերահրատարակվող սույն թողարկումը հենց այդ նպատակն ունի՝ տարածաշրջանային եւ համաշխարհային զարգացումների լույսով ուրվագծել այսօրվա ու վաղվա առանցքային խնդիրները, մարտահրավերները, հեռանկարները եւ առաջարկել նոր մոտեցումներ, գաղափարներ ու այլընտրանքային լուծումներ»,- ասաց Սարգսյանը:

Այնուհետեւ ելույթ ունեցան պարբերականի առաջին համարի հոդվածագիրներից Գոհար Սիմոնյանը, Սարո Սարոյանը, Կարապետ Կալենչյանը, Վարդան Ջալոյանը եւ ուրիշներ` հակիրճ ներկայացնելով իրենց հետազոտությունների հիմնադրույթները:

«Փոփոխվող աշխարհ» հանդեսի հերթական թողարկումը, որն ընդգրկում է հունվար-մարտ ամիսները, բացվում է հարցազրույցով, որտեղ դիտարկվում է Հայաստանի տեղի ու դերի խնդիրը միջազգային նոր իրադրության պայմաններում: Աշխարհաքաղաքական բուռն գործընթացների հենքին արծարծվում են նաեւ հետխորհրդային որոշ հանրապետությունների անվտանգության, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցերը, մեր երկրի մշակութային միջավայրի ու դրա հետ կապված՝ պատմական զարգացումների յուրահատկությունները եւ այլ թեմաներ: Հատուկ բաժնով ներկայացված է 2016թ. առաջին եռամսյակում ՀՀ-ում եւ աշխարհում տեղ գտած կարեւոր դեպքերի, հասարակական-քաղաքական իրադարձությունների ու փաստական այլ նյութերի ժամանակագրությունը: