ՌԱՀՀԿ-ը հրապարակեց եռամսյա վերլուծական հանդեսի հերթական՝ երրորդ համարը

24 դեկտեմբերի 2012թ., Երեւան: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) լույս ընծայեց «Փոփոխվող աշխարհ: Հայացք Երեւանից» ընդհանուր խորագրով վերլուծական իր եռամսյա հանդեսի երրորդ համարը, որի շնորհանդեսն այսօր տեղի ունեցավ ՌԱՀՀԿ գրասենյակում: Շնորհանդեսը ներկայացնելիս` կենտրոնն իր հարկի տակ էր հյուրընկալել հանդեսի անմիջական հեղինակներին, այլ առաջատար վերլուծաբանների, քաղաքագետների ու մամուլի ներկայացուցիչների:

ՌԱՀՀԿ-ը հրապարակեց եռամսյա վերլուծական հանդեսի հերթական՝ երրորդ համարը

Հանդեսի բացման խոսքում ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանը ողջույնի խոսք հղեց հյուրերին եւ հույս հայտնեց, որ նոր թողարկումն իրապես կբավարարի քաղաքական փորձագետների, մեկնաբանների ու լայն հասարակական շերտերի հետաքրքրությունը` առաջարկելով ներքին եւ արտաքին կարեւորագույն խնդիրներին ու մարտահրավերներին առնչվող  համապարփակ վերլուծությունների շարք, որը շաղկապված է Հայաստանի  քաղաքական հրամայականներին, հնարավորություններին եւ շահերին: Սարգսյանը հույս հայտնեց, որ հանդեսը կնպաստի Հայաստանում որոշում կայացնելու գործընթացին` ներքին եւ արտաքին խնդիրների նկատմամբ առավել հեռատես ու ամբողջական ընկալումների ձեւավորման միջոցով:

Հանդեսի ներկայացմանը հակիրճ ելույթներով հանդես եկան պարբերականի հեղինակներ Սարո Սարոյանը, Վարդան Ջալոյանը, Արմինե Ղազարյանը, Էդգար Վարդանյանը, Արման Եղիազարյանը եւ այլոք, որոնք անդրադարձան իրենց աշխատություններում տեղ գտած հիմնական դրույթներին` ուրվագծելով Հայաստանի սոցիալ-քաղաքական համատեքստում հետագա ուսումնասիրությունների ու վերլուծությունների ուղենիշները: Հանդեսի ներկայացումը շարունակվեց հարցերի ու պատասխանների տեսքով եւ կարծիքների աշխույժ փոխանակմամբ:

ՌԱՀՀԿ-ը հրապարակեց եռամսյա վերլուծական հանդեսի հերթական՝ երրորդ համարը

«Փոփոխվող աշխարհ»-ի շնորհանդեսին ներկա էր եւ ամփոփիչ խոսքով հանդես եկավ Հայաստանի առաջին արտգործնախարար եւ ՌԱՀՀԿ հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը, ով կարեւորեց այն անկողմնակալ ուսումնասիրությունների տրամադրման ավանդույթը, որը Կենտրոնը բազմիցս հաստատել է իր շարունակական գործունեությամբ`ծառայելով որպես գիտելիքի ձեռքբերման, հանրային կարծիքի ձեւավորման, ազատ արտահայտման ու տարածման օգտակար եւ արհեստավարժ միջավայր: «Կենտրոնի առաջատար գործունեությունն ու համապարփակ հետազոտությունները լայն ճանաչում ունեն Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս եւ ամենուրեք պահանջված են»,- եզրափակեց Հովհաննիսյանը: