ՌԱՀՀԿ-ն եւ ՔԱՆ-ը համատեղ քննարկեցին ժողովրդավարացման գործում կուսակցությունների ու քաղաքացիական հանրության դերի խնդիրը

2 դեկտեմբերի 2014թ., Երեւան: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) այսօր Քաղաքացիական ազգային նախաձեռնության (ՔԱՆ) հետ համատեղ անցկացրեց սեմինար-քննարկում, որի թեման էր՝ «Ավտորիտար երկրների ժողովրդավարացման ուղիները. ինստիտուտներ, արժեքներ, սկզբունքներ: Կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության դերը»: Հրավիրված էին փորձագետ-վերլուծաբաններ, հասարակագետներ, քաղաքացիական հոսանքների ու նախաձեռնությունների ներկայացուցիչներ, լրագրողներ:

Քննարկումը բացեց եւ նրա մասնակիցներին ողջունեց ՔԱՆ համակարգող Հրայր Մանուկյանը:

Պետությունների կայացման գործում հանրակարգերի, արժեքների ու սկզբունքների դերակատարությանն անդրադարձավ մշակութաբան Աղասի Թադեւոսյանը՝ կարծիք հայտնելով, որ Հայաստանում բուրժուազիան կրում է «էթնիկական ազգի», ոչ թե «քաղաքացիական ազգի» արժեքները, որն էլ հանդիսանում է Հայաստանի՝ որպես բուրժուադեմոկրատական պետության կայացման խոչընդոտներից մեկը ու հանգեցնում նրան, որ բուրժուազիան սեփական պետությունը կայացնելու փոխարեն սկսում է փնտրել արտաքին հովանավորներ: «Մեր բուրժուազիան գտնվում է պաշտպան փնտրելու փուլում: Շատ մեծ բարեհաճությամբ ընդունում է ռուսական պետության հովանավորությունը, այդ կերպ տեսնելով իր վերարտադրության հիմնական երաշխիքը»,- նշեց Թադեւոսյանը:

Իսկ թե իրավական պետության կառուցման սանդղակում ինչ տեղ է զբաղեցնում կուսակցությունների եւ հանրության գործոնը՝ իր զեկուցման մեջ հետաքրքիր վերլուծություն ներկայացրեց ՌԱՀՀԿ գիտական մասի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը: «Հայաստանում 1992թ.-ից գոյությունի ունի մեկ մոբիլիզացնող գաղափար` իշխանափոխություն, բայց այս խնդիրըչի տարանջատվել համակարգային փոփոխությունները կատարելու խնդրից, արդյունքում չի կայանում հանրապետությունը կամ իրավական պետությունը»,- համոզված է քաղաքագետը:

Իր հերթին հրապարակախոս Վարդան Ջալոյանը փորձեց վերհանել օլիգոպոլացված տնտեսության եւ կուսակցական համակարգի փոխառնչությունների համատեքստը: Նրա դիտարկմամբ՝ Հայաստանում կուսակցությունները իրենց պատկերացնում են պետության հետ սերտաճած՝ առանց սեփական շահերի հստակ գիտակցման, ավելի շատ հենվում են ղեկավարների, ոչ թե ակտիվիստների եւ իրենց ասելիքը հանրությանը հասցնում են մամուլի, ոչ թե կուսակցականների միջոցով:

Զեկուցումների շուրջ ծավալված հարցուպատասխաններին եւ կարծիքների փոխանակմանը մասնակցեցին արվեստագետ Արման Գրիգորյանը, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը, փորձագետ Էդգար Վարդանյանը եւ ուրիշներ:

Քննարկմանը ներկա էր նաեւ ՌԱՀՀԿ-ի եւ ՔԱՆ-ի հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը: