17 հունիսի 2014թ., Երեւան: Այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) եւ International Alert («Միջազգային տագնապ») կազմակերպությունը, արցախյան հակամարտության կարգավորման լույսի ներքո, անցկացրին երկրորդ համատեղ սեմինար-քննարկումը, որը նվիրված էր «Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության եւ բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները. Հյուսիսային Իռլանդիայի դասերը» ուսումնասիրությանը:
Քննարկմանը մասնակցում էին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը, ՌԱՀՀԿ հիմնադիր-նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Conciliation Resources» կովկասյան ծրագրի մենեջեր Զիգֆրիդ Վյոբերը, փորձագետ-վերլուծաբաններ, հանրության եւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:
Ողջույնի խոսքով սեմինարը բացեց եւ նրա մասնակիցներին արդյունավետ աշխատանք մաղթեց քաղաքագետ Սարո Սարոյանը:
Առաջինը հանդես եկավ ուսումնասիրության հեղինակներից Գեղամ Բաղդասարյանը՝ շարադրելով հանգուցային այն թեզերը, որոնց վրա հիմնված է խնդրո առարկա հետազոտությունը: «Հյուսիսային Իռլանդիայի փորձին անդրադառնալը պատահական չէր,- նշեց Բաղդասարյանը,- ընդունված է այդ հակամարտությունը համարել որպես հաջողած լուծման մոդել: Բայց այն, իմ կարծիքով, լիարժեք լուծված չէ, քանի դեռ Բելֆաստում կաթոլիկների ու բողոքականների թաղամասերը շարունակվում են առանձնացված մնալ պատերով: Դա նշանակում է, որ տակավին բաժանարար «պատեր» կան տարբեր դավանանքի մարդկանց հոգիներում»: Այդուհանդերձ, հռետորի խոսքով, հյուսիսիռլանդական հակամարտության լուծումը հաջողված է այնքանով, որքանով կողմերի միջեւ կնքվել է խաղաղության համաձայնագիր:
Իր զեկույցում ՌԱՀՀԿ գիտական ծրագրերի ղեկավար Մանվել Սարգսյանն ընդգծեց յուրաքանչյուր հակամարտության եզակիության գործոնը։ Ըստ նրա, վիճահարույց է այն հարցը, թե արդյոք Լեռնային Ղարաբաղի դեպքում կիրառելի է կարգավորված ուրիշ հակամարտությունների, մասնավորապես հյուսիսիռլանդական փորձը: «Եվ այստեղ խնդիրը այս կամ այն առճակատման տարբեր միջազգային-իրավական ու քաղաքական իմաստների մեջ է: Հակամարտությունները կարող են ծագել միանման պատճառներից, բայց վերաճել բոլորովին տարբեր քաղաքական խնդիրների: Ուրեմն՝ երբ խոսվում է ամեն մի հակամարտության եզակիության մասին, նախեւառաջ պետք է առանձնացնել կողմերի միջեւ եղած վեճի առարկան եւ տվյալ իրավիճակով շահագրգիռ սուբյեկտների դիրքորոշումների առաջացող գծապատկերը»,- կարծիք հայտնեց քաղաքագետը:
Անկախ փորձագետ Արմեն Գրիգորյանն էլ՝ զուգահեռներ անցկացնելով Հյուսիսային Իռլանդիայի եւ արցախյան հակամարտությունների միջեւ, շեշտեց մասնավորապես դրանց ինստիտուցիոնալ եւ քաղաքակրթական տարբերությունները: «Հյուսիսիռլանդական փորձը հուշում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման բանալին մեր տարածաշրջանում ժողովրդավարության կայացումն է: Եվ, բացի դրանից, Դուբլինում «բարի ուրբաթը» աշխատեց, որովհետեւ հանրությունը լայնորեն ներգրավված էր այդ գործընթացում. բոլոր կողմերը կարողացան հստակորեն ներկայացնել ու լսելի դարձնել իրենց խնդիրները»,- ասաց փորձագետը:
Վերջում թեմայի վերաբերյալ իրենց դիտարկումները ներկայացրին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը, Գլոբալացման եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, լրագրող Թաթուլ Հակոբյանը, հասարակագետ Նիկիտա Զարոբյանը, ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը եւ ուրիշներ:
Ռուսերեն եւ անգլերեն լեզվով հրատարակված սույն հետազոտության էլեկտրոնային տարբերակին կարելի է ծանոթանալ www.international-alert.org/news/nagorny-karabakh կայքէջում: Ուսումնասիրությունը, որը բաղկացած է «Հայացք Ստեփանակերտից», «Հայացք Բաքվից» եւ «Հայացք Երեւանից» բաժիններից, կատարել են փորձագետներ Գեղամ Բաղդասարյանն ու Մասիս Մայիլյանը՝ Արցախից, Միքայել Զոլյանը՝ Հայաստանից եւ Ավազ Հասանովն ու Գյուլշան Փաշաեւան՝ Ադրբեջանից: Հետազոտողների խմբին աջակցել է «Եվրոպական գործընկերություն` հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման» (EPNK) կազմակերպությունը։