19 փետրվարի 2015թ., Երեւան: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) այսօր անցկացրեց կլոր սեղանի շուրջ քննարկում, որի թեման առնչվում էր հունվարյան աղմկալի միջադեպերի՝ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության եւ բերձորյան բռնությունների պատճառներին ու քաղաքական հետեւանքներին: Հրավիրված էին փորձագետ-վերլուծաբաններ, հասարակագետներ, քաղաքացիական եւ հանրային կառույցների ներկայացուցիչներ, լրագրողներ:
Քննարկումը բացեց եւ նրա մասնակիցներին ողջունեց ՌԱՀՀԿ վարչական տնօրեն Կարապետ Կալենչյանը:
«Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը եւ անվտանգությանն ուղղված նոր մարտահրավերները» թեմայով օրախնդիր զեկույց-վերլուծություն ներկայացրեց ՌԱՀՀԿ հետազոտությունների ղեկավար Մանվել Սարգսյանը: ՀՀ անվտանգությանն ու ինքնիշխանությանը սպառնացող թիվ մեկ մարտահրավերը, ըստ նրա, Ադրբեջանի սադրած սահմանային միջադեպերն են, որոնցում ի հայտ են եկել նոր տարրեր, «ինչը հայկական կողմին ստիպել է նույնպես որդեգրել նոր ռազմավարություն՝ խորանալ հակառակորդի տարածք եւ պատասխան գործողությունները տեղափոխել այնտեղ»: Սակայն վտանգը, Սարգսյանի դիտարկմամբ, կարող է գալ ոչ միայն սահմանից, այլեւ այնտեղից, որտեղից ամենաքիչն ես սպասում. գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի սպանդը դրա խոսուն վկայությունն է: «Միջադեպից հետո հայ-ռուսական իրավական վեճը վերածվեց ռուսական կողմից՝ արհամարհանքի, իսկ հայկական կողմից՝ անզորության ցուցադրության, մինչդեռ տեղի ունեցածն առնչվում էր ոչ միայն երկրի անվտանգությանն ու ինքնիշխանությանը, այլեւ ազգային արժանապատվությանը»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմական հենակետը, ամենայն հավանականությամբ, ուզում է հեռանալ եւ դրա համար առիթներ է մտմտում:
Պակաս հետաքրքրական չէր քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի զեկուցումը, որը նվիրված էր Արցախի Հանրապետության ներքին եւ արտաքին աճող սպառնալիքների լուսաբանմանը: Քաղաքագետի կարծիքով՝ Արցախի անվտանգությանը նպաստող գործոնները՝ մասնավորապես Ռուսաստանի դերը, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու ԵՄ-ի համապատասխան փաստաթղթերում արձանագրված դրույթները, Մինսկի խումբը, ԵԱՀԿ-ն, համահայկական սատարման գործոնը եւ այլն, վերջին շրջանում նվազման միտումներ են ցույց տալիս: Նույնը վերաբերում է անվտանգության այնպիսի գործոնների արժենվազմանը, ինչպիսիք են ԼՂՀ Սահմանադրությունը, Հռչակագիրը եւ Արցախի իշխանությունների նկատմամբ ժողովրդի վստահությունը: Զեկուցողի համոզմամբ՝ հունվարի 31-ին Բերձորի մոտ տեղի ունեցած միջադեպով, ըստ էության, խախտվեց սահմանադրական կարգը, եւ իշխանությունը չկարողացավ բացատրել խաղաղ ակցիայի մասնակիցների հանդեպ կիրառած բռնի գործողությունները: «Փաստորեն այդ օրն Արցախում կասեցվեցին Սահմանադրության կարեւորագույն հոդվածները: Եվ ամենացավալին այն է, որ ԼՂՀ քաղաքական ուժերը, Ազգային ժողովը ի վիճակի չեղան համարժեք գնահատական տալ կատարվածին, այսինքն՝ խուսափեցին մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարման համար պատասխանատվությունից»,- նշեց Ղուկասյանը:
Զույգ զեկուցումների շուրջ ծավալված հարցուպատասխաններին եւ կարծիքների փոխանակությանը մասնակցեցին «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի հաղորդակցության համակարգող Արթուր Ավթանդիլյանը, Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, նույն կազմակերպության փորձագետ Արմեն Վարդանյանը, Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանը, քաղաքական վերլուծաբաններ Էդգար Վարդանյանը, Սարո Սարոյանը եւ ուրիշներ: