27 մարտի 2014թ., Երեւան: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) այսօր անցկացված սեմինար-քննարկումը նվիրված էր «Ճգնաժամ Ուկրաինայում. ի՞նչ ազդեցություն կարող է այն գործել միջազգային հարաբերությունների վրա» թեմային: Հրավիրված էին ՀՀ-ում հավատարմագրված մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներ, խնդրին փորձագիտական մակարդակով տիրապետող գործիչներ, քաղաքագետ-վերլուծաբաններ, քաղաքացիական ակտիվիստներ եւ լրագրողներ:
Բացելով Կլոր սեղանի շուրջ քննարկումը, մասնակիցներին ողջունեց եւ բեղմնավոր աշխատանք մաղթեց ՌԱՀՀԿ հիմնադիր-նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Անցյալ տարվա փետրվարյան ընտրությունները կեղծած նախագահի՝ Ղրիմի խնդրին տված գնահատականն անխոհեմ քայլ էր,- ասաց նա՝ հավելելով. - Մենք միանշանակ կողմ ենք բանակցված լուծումներին, տվյալ երկրի ժողովրդավարական ընտրությանը եւ դեմ ենք ուժի կիրառմանը՝ ում կողմից էլ այն ի հայտ գա»:
Սեմինարը վարող՝ ՌԱՀՀԿ վարչական տնօրեն Կարապետ Կալենչյանն իր խոսքում շեշտեց. «Հարցերը բազմաթիվ են, եւ հուսով ենք ստանալ դրանց պատասխանները. ինչո՞ւ է Ռուսաստանը սրում իրավիճակը, ինչպիսի՞ հետեւանքների կարող է հանգեցնել Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեն, մի՞թե բացվեց Պանդորայի արկղը, ի՞նչ է սպասվում աշխարհին, նորելուկ Մաքսային միությանը, որի ապագան մշուշոտ է, ինչպես երբեք»:
Ղրիմյան հանրաքվեից հետո Ուկրաինայում ստեղծված քաղաքական իրավիճակը վերլուծաբար ներկայացրեց Հայաստանում այդ երկրի դեսպանության խորհրդական Իգոր Ռոմանը: Նրա դիտարկմամբ՝ մարտի 16-ին անցկացված հանրաքվեն իսկական ֆարս էր, քանի որ դրան մասնակցեց թերակղզու ընտրողների 30 տոկոսից ոչ ավելին, իսկ եվրոպական Ասոցացման կողմնակիցների թիվը գերազանցում էր 60 տոկոսը: «Ռուսաստանյան հեռուստաեթերը խեղաթյուրված էր լուսաբանում Մայդանի բովանդակությունը, օրվա իշխանություններից դժգոհ հասարակությանը, որի գերակշիռ մեծամասնությունն ու ոգին ուսանողությունն էր, ներկայացնելով իբրեւ արմատական տարրեր՝ ազգայնականներ, ֆաշիստներ, բենդերականներ եւ այլն: Ուկրաինայի նկատմամբ ագրեսիա էր իրականացվում բոլոր ուղղություններով: Խախտվել էին միջազգային պայմանագրերն ու համաձայնագրերը, մասնավորապես Բուդապեշտյան հուշագիրը, որով Ռուսաստանը Ուկրաինայի անվտանգության ու տարածքային ամբողջականության երաշխավորն էր»,- փաստեց դիվանագետը:
Իր զեկույցում ուկրաինական իրադարձությունների հետ կապված միջազգային կայունության եւ անվտանգության մարտահրավերների թեման արծարծեց Կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: «Ղրիմն այն չէ, ինչ իրականում Ռուսաստանն ուզում էր Ուկրաինայից,- նշեց քաղաքագետը,- բայց, միեւնույն ժամանակ, Ղրիմն ամենահեշտ միջոցը կամ հնարավորությունն էր, որ կարող էր վերցնել, ինչը եւ արեց»: Մինասյանի կարծիքով՝ այդ հնարավորությունը Ռուսաստանի ձեռքին լավ լծակ կլինի ե՛ւ Արեւմուտքի, ե՛ւ Ուկրաինայի նոր իշխանությունների հետ բանակցությունների ընթացքում: «Դա, թերեւս, ճնշման վերջին միջոցն է, որով Ռուսաստանն ուզում է ստանալ այն, ինչի մասին բացահայտ հայտարարել է՝ Ուկրաինայի դաշնայնացում, ռուսերենի հռչակում՝ որպես երկրորդ պետական լեզու, եւ Ղրիմին այնպիսի կարգավիճակի շնորհում, ինչպիսին կցանկանա նրա բնակչությունը»,- ընդգծեց բանախոսը՝ համոզմունք հայտնելով, որ ուկրաինական ճգնաժամը Մաքսային միության ու եվրոպական Ասոցացման միջեւ դժվար ընտրություն կատարելու հետեւանք է:
Աշխարհում իրավաքաղաքական կոլապսի առաջացման սպառնալիքներ է տեսնում ՌԱՀՀԿ գիտական մասի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը: Ըստ նրա, Ուկրաինայում ստեղծված իրավիճակի առնչությամբ պաշտոնական Մոսկվայի կտրուկ անհամաձայնությունը շատ արագ վերաճեց առաջատար տերությունների դիրքորոշումների հակադրության, ինչպես նաեւ ծագող այս կամ այն խնդիրների նկատմամբ միջազգային իրավունքի հանգուցային սկզբունքների գործադրելիության շուրջ համապարփակ վեճի: «Ռուսաստանն ու Արեւմուտքը իրար են մեղադրում միջազգային իրավունքը խախտելու մեջ՝ սպառնալով կիրառել պատժամիջոցներ եւ ռազմական ուժ: Ուկրաինայում վտանգի տակ են հայտնվել Սահմանադրությունը, իշխանությունների օրինականությունը, երկրի տարածքային ամբողջականությունն ու ներքին անվտանգությունը»,- համոզմունք հայտնեց Սարգսյանը՝ չբացառելով գերտերությունների ազդեցության ոլորտներում անօրինական գործողությունների աշխարհագրության ընդլայնման հնարավորությունը:
Զեկուցումների շուրջ ծավալված հարցուպատասխաններին եւ կարծիքների փոխանակմանը մասնակցեցին ու անցանկալի որոշ զարգացումների կանխարգելման իրենց տեսլականը ներկայացրին Հայաստանում Ուկրաինայի նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոն, ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը, Հայաստանում ՌԴ դեսպանության առաջին քարտուղար Ալեքսանդր Վասիլեւը, «Նովոստի Արմենի» լրատվական գործակալության մեկնաբան Հայկ Խալաթյանը, հանրային հատվածի ներկայացուցիչ Նիկիտա Զարոբյանը, քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության աշխատակից Սարգիս Հարությունյանը եւ ուրիշներ: