Հայոց բանակի օրը՝ հունվարի 28-ին, գլուխս մի փոքր խառն էր, շնորհավորանքի ավանդական խոսքս հետաձգել էի այսօրվան: Բանակ, Արցախ, Հաղթանակ խոսքերն անչափ հարազատ եւ մոտ են ամեն պարկեշտ հայի սրտին ու մտքին: Կար ժամանակ, որ այդ եռամիասնությունն անքակտելի էր: Արցախի ժամանակավոր բացակայությունը, ցավոք, խաթարեց եռամիասնության բովանդակությունը, բայց չկարողացավ կոտրել, ծվատել ոգին:
Հայաստանի համար վահան էր Արցախը, ամուր թիկունք էր, բայց արի ու տես՝ հայոց երկրի պաշտպանության համար հազարավոր զոհեր, եւ ընտրված մի օր՝ հունվարի 27, որն ընդհանրապես առնչություն չուներ եւ չունի հայ ժողովրդի հավաքական կերպարի, նրա մղած պայքարի ու տարած հաղթանակների հետ։
Որքան էլ Արցախը «փշե պսակով» պարուրեն ու ցանկանան խուսափել այդ սրբազնացված անվան գործածությունից, որի համար այնքան զոհեր ենք տվել, միեւնույն է, Արցախն ապրելու է ամենուրեք եւ առհավետ՝ մեր սրտերում, մեր վառած մոմերի առկայծումներում, մեր աղոթքներում, մեր հիշողություններում։ Մեզ չեն կարող բաժանել հազարամյակների մեր պապենական բնօրրանից, մեր մայր հողից:
Զոհվածների հիշատակի մասին խոսել՝ «Արցախ»-ից խույս տալով, մեկ այլ «ուժից» կախվածություն ունենալու հանգամանքով պայմանավորված՝ վախկոտության նշան է։ Ու ինքնին անուններ են ծնվում Արցախի կողքին՝ Անի, Վան, Կարս… Արեւմտյան Հայաստանի, Ցեղասպանության մասին խոսույթ, որ վաղուց «իրական» Հայաստանի հովերով ապրողների կողմից մոռացության տալու ընթացքի մեջ է։
Հավե՜րժ փառք ու խոնարհում մեր բոլոր ժամանակների զոհվածներին, ովքեր չտարանջատեցին Հայաստանն ու Արցախը, հին ու նոր հայրենիքը, իրական ու պատմական հայոց երկիրը… Նրանք հավատարիմ մնացին ազգային արժեքներին, մեր պատմությանը, մեր հավատքին, դարավոր մշակույթին՝ իրենց անունները հավերժացնելով երկնային անդաստանում, բայց իրենց ներկայությամբ միշտ մեր կողքին՝ մեր սրտերում ու խիզախումներում։
Շնորհավորում եմ Հայոց բանակի օրը, հայրենիքի սահմաններն ամուր պահող նվիրյալների, մեր բոլորիս տոնը, ցանկանում եմ ունենալ հզոր, անկոտրում հայկական բանակ, կայուն ու հարատեւ խաղաղություն:
Նատաշա Պողոսյան

