Monday, 07 October 2024

A Analysis

Ազատության բերկրա՞նք, թե՞ «վակխանալիայի» հաղթարշավ…

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Հուլիսի 26-ին Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ ցուցադրվել է Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք» կտավի թեմայով մի տեսարան, որը սուր ժխտողական արձագանք է առաջացրել։ Օլիմպիական խաղերի կազմակերպիչները պնդում էին, որ տեսարանի հեղինակը ոգեշնչվել է հունական դիցաբանության գինու աստված Դիոնիսոսի մասնակցությամբ տոնական խնջույքից։

Շատերի կողմից որպես «վակխանալիայի» հաղթանակի ցուցադրություն ընկալված արարողությունը վերագրվել է «քաղաքակրթության ավարտի» փաստին։ Նույնիսկ մահմեդական Իրանը՝ ի պաշտպանություն քրիստոնեության, երկրով մեկ տեղադրել էր «Քրիստոսի վերջին ընթրիքը» վերտառությամբ գովազդային վահանակներ: Հավանաբար՝ դա ինչ-որ կերպ վիրավորական է մարդկության ոտնահարված հոգեւոր արժանապատվության համար:

Բացման խոսքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, մասնավորապես, ասել է. «Ֆրանսիացիներն ուրախ են օլիմպիական խաղերի բացման արարողությամբ՝ մենք հպարտ ենք դրանով։ Ես վստահ եմ, որ Ֆրանսիան ցույց տվեց իր իրական գույները։ Նա վերահաստատեց իր քաջությունը եւ դա արեց իրեն բնորոշ գեղարվեստական ազատությամբ»։

Մակրոնը հիմար անձնավորություն չէ. նրա բազմաթիվ ելույթներ վկայում են, որ արդի աշխարհում նա շատ բաների է տիրապետում եւ, հատկապես, ազատական աշխարհի զարգացման կործանարար միտումներին։ Բայց ո՞րն էր այդ արարողության գաղափարի նպատակը, որ նա գովաբանեց: Ցույց տալ Արեւմուտքում անհատական ազատության խորացող հաղթարշավն այն ձեւով, որով այն ցուցադրվո՞ւմ է: Ուրախությո՞ւն արտահայտել այս առիթով մարդկության ազատ ապագայի համար։

Բայց եթե դա այդպես է, ապա ինչո՞ւ իրադարձության բոլոր տեսարանները ցույց տվեցին ոչ թե «ազատության ծաղկման բերկրանքն ամբողջ աշխարհում», այլ մարդկությանը սպառնացող մահվան վտանգը: Որեւէ մեկը մտածե՞լ է այս մասին: Ի՞նչ կարիք կար «ազատության բերկրանքը» մթագնել ողբերգության եւ սգո տեսարաններով:

Որոշակի առումով այն նման էր Խորհրդային Միությունում 1991թ. օգոստոսին Գորբաչովի դեմ կատարված «պետական հեղաշրջման» հեռուստատեսային լուսաբանմանը: Շատերը, անշուշտ, հիշում են, որ այն ժամանակ վաղ առավոտից կենտրոնական հեռուստաալիքը սգո երաժշտություն էր հեռարձակում՝ բնակչությանը տեղեկացնելով երկրում տեղի ունեցած ողբերգության մասին։

Ավելի տրամաբանական կլիներ իշխանությունը տապալած խռովարարներից լսել «պերեստրոյկա»-ի թշնամիների մեքենայություններից «երկիրը փրկելու» ուրախությունը։ Բայց ոչ, նրանք նախընտրեցին սուգ ցույց տալ: Հետո պարզ դարձավ, որ երկրում ցուցադրվում է կատակերգություն «տապալված պուտչի» մասին։ Նույնկերպ այսօր ինչ-որ բան չգումարվեց փարիզյան արարողությանն ու դրա շուրջ խոսակցություններին։

Թեմայի խորապատկերին հիշատակելի է Լոնդոնի վերջին Օլիմպիական խաղերի բացման արարողությունը, որի ժամանակ աշխարհն անամոթաբար պատրաստվել էր «COVID-19»-ի համաճարակին։ Աշխարհը շատ արագ բախվեց այս ողբերգությանը։ Եվ հիմա էլ մարդկությանը մատուցում են «վախճանի եւ անխուսափելի մահվան աստվածաշնչյան դիպաշարերը»։ Կամ գուցե զգուշացնում են ինչ-որ բանի մասին: Օլիմպիական կոմիտեն հաստատել է այս հայեցակարգը Փարիզում օլիմպիական խաղերի բացման արարողության համար։ Եթե անհրաժեշտ էր ցույց տալ մարդկային «վակխանալիան», դա չի նշանակում, որ այն խրախուսվել է։ Այդպես լիներ՝ մարդկության մահվան սպառնալիքի խորհրդանիշները չէին ցուցադրվի։

Բայց ողջ արարողության ընթացքում հաջորդաբար ցուցադրվեցին հետեւյալ տեսարանները. ա/ Ջոն Լենոնի երգի կատարումը, որում կոչ էր արվում մարդկանց՝ միավորվել, ուղեկցվեց կրակով բռնկված դաշնամուրի տեսարանով՝ իբրեւ ներդաշնակության եւ հոգեւոր զարթոնքի խորհրդանիշ; բ/ օլիմպիական դրոշը կրում էր ձիավորը՝ անձնավորելով Հայտնության (Ապոկալիպսիս) չորրորդ ձիավորին՝ մահ բերողին։ Նա անդեմ է; գ/ օլիմպիական կրակը հանձնվում է Զիդանին՝ որպես ուղեցույց դեպի մահացածների աշխարհ, նույնպես անդեմ ջահակիր; դ/ այսպիսով՝ դրոշը հասցում է Ապոկալիպսիսի ձիավորը, իսկ օլիմպիական կրակը Քարոնի նախատիպն էր: Այս պատկերները աղետի հետ զուգադրումներ են առաջացնում:

Այնուհետեւ ազգային դրոշներով բոլոր պատվիրակությունները հետեւում են հեծյալին: Փաստորեն՝ մահվան հրեշտակն իր հետ տանում է ողջ մարդկությանը: Այս ամենը ոչ այլ ինչ է, քան մահվան ուղղակի ծրագիր։ Իրականում ողջ արարողությունը Ապոկալիպսիսի չորրորդ ձիավորի՝ մահ բերողի տոնն էր:

Իսկ բակում Իրանի շուրջ մահացու խաղեր են, որոնց մեջ ներքաշված են բոլորը աշխարհի տարբեր ծագերից։ Բայց ողջ աշխարհում «վակխանալիան» չի հանդարտվում։

 

Մանվել Սարգսյան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.