Հենրի Քիսինջեր, «Աշխարհակարգ», մենագրություն, էջերի քանակը՝ 380, «Բուկինիստ» հրատարակչություն, 2020թ.:
Խորը ինտելեկտի, գրագիտության եւ փորձառու պետական գործունեության համաձուլումը համաշխարհային քաղաքականության պատմության մեջ հազվագյուտ երեւույթ է: Հենրի Քիսինջերի վերջին` «Աշխարհակարգ» գիրքն աշխույժ բանավեճ առաջացնող մեծ իրադարձություն է: Գրքի հանդեպ այսպիսի արձագանքը բացատրվում է նաեւ 91-ամյա հեղինակի` գիտնական, քաղաքական գործիչ եւ պետական այր լինելու հանգամանքով:
Քիսինջերը փորձում է ցույց տալ աշխարհակարգի հայեցակարգի պատմությունն ու զարգացումը, որը ներկայացվում է հարցերի տեսքով: Նրա մեկնությամբ՝ աշխարհակարգն ամբողջական իրավաբանական համակարգ եւ մեծ տերությունների շինարարության ու կամքի արգասիքը չէ, այլ որոշ մարդկանց բնույթով եւ փորձառությամբ ձեւավորված մշակութային եւ պատմական արտեֆակտ:
Գրքի հիմնական ուղերձն այն միտքն է, որ մենք ապրում ենք անկարգության եւ քաոսի մեջ: Թեեւ «միջազգային հանրությունն» այսօր վկայակոչվում է թերեւս ավելի համառորեն, քան որեւէ այլ ժամանակաշրջանում, այն չունի նպատակների, մեթոդների կամ սահմանափակումների հստակ կամ համաձայնեցված համակարգ: «Քաոսն աննախադեպ փոխկախվածությամբ մեր կողքին է` որպես սպառնալիք»,- համոզված է գրքի հեղինակը: Որպես հետեւանք` կարգուկանոն կառուցելու պահանջը կարող է հավասարակշռել ժողովուրդների մրցակցող ցանկությունները:
Ըստ Քիսինջերի` այդպիսի շինարարության ելակետն ուժերի հավասարակշռման վեստֆալյան համակարգն է, որը ծնունդ էր առել Եվրոպայում: