Նիկկոլո Ամմանիտի, «Ես չեմ վախենում», վեպ, իտալերենից թարգմանությունը՝ Բագրատ Ավետիսյանի, 208 էջ, «Զանգակ», 2023թ.:
Գործողությունները տեղի են ունենում 1970–ականների վերջին Իտալիայի հարավային աղքատ մի ավանում։ Գլխավոր հերոսը՝ 10-ամյա Միկելեն, ամառային շոգ օրերն անցկացնում է ընկերների հետ խաղալով ու մոտակայքում թափառելով։ Մի օր ընկերները հայտնաբերում են լքված տուն, որը մեծ գաղտնիք է թաքցնում։ Միկելեն, չնայած իր տարիքին, ստիպված է լինում կայացնել որոշումներ, որոնք բախտորոշ են թե՛ իր, թե՛ այլոց համար։
Ստեղծագործության մեջ նկարագրված է 1978թ. ամառը, որն Իտալիայի պատմության մեջ կմնա որպես դարի ամենաշոգն ու անտանելին, սակայն տապը չի կանգնեցնի ավանի փոքրիկ բնակիչներին, որոնք նոր արկածներ կփնտրեն ցորենի անծայրածիր դաշտերում՝ մինչ մեծերը նիրհում են։
Այս ամառվա մասին մեզ կպատմի Միկելեն։ Նա հազիվ 10 տարեկան է, ունի փոքրիկ շրջապատ. ընկեր Սալվատորեն, որի հետ խաղում են, կարդում գրքեր, ու կես բառից իրար հասկանում, խմբի պարագլուխը՝ Գանգը՝ դաժան ու հիշաչար, Գանգի հրամանները կատարող Ռեմոն, նույն Գանգի չար կատակների զոհը՝ թմբլիկ Բարբարան եւ, իհարկե, Մարիան՝ Միկելեի փոքր քույրը եւ նրա չարաճճի դաշնակիցը։
Բայց այդ ամռանը Միկելեն ձեռք կբերի եւս մի ընկեր՝ առեղծվածային կերպով հայտնված կորած-մոլորած Ակուա Տրավերսեում, եւ այս հանդիպումը շատ բան կփոխի ավանում…