Թոմաս Փինչըն, «Ձգողության ծիածանը», վեպ, անգլերենից թարգմանությունը՝ Արտաշես Էմինի, 1060 էջ, «Անտարես», 2022թ.:
«Ձգողության ծիածանը» վեպը համարվում է հետմոդեռնիզմի սառցահատը, այսինքն՝ գրականության մեջ հետմոդեռնիզմի առաջին դրսեւորումը, հանգրվանը մի ճամփաբաժանի, որից ճյուղավորվում են բարձր արվեստն ու կոմիքսը, գութն ու դաժանությունը, գիտությունն ու մետաֆիզիկան, պարկեշտն ու սանձարձակը… «Այս գործում միայն ոճերի բազմազանությունն ինչ ասես արժե, էլ չասած՝ մնացածը: Կարճ ասած՝ շշմելու գործ է, մի քիչ դժվարամարս, բայց ընթերցասեր մարդու համար նման հասկացողություն չկա»,- հարցազրույցներից մեկում ասել է գրքի թարգմանիչը:
Պաստառի ոճականորեն անբասիր ձեւաչափերը ծավալվում են քերթվածից մինչեւ գիտակցության հոսքը, ներառյալ՝ միջանկյալ կանգառները։ Գիրքը վաստակել է XX դարի գրականության խորհուն կոթողներից մեկի համբավը: Այն առաջադրվել է երեք մրցանակի. Ֆոլքների անվան գրական մրցույթի, Ազգային գրքի մրցանակաբաշխության դափնեկիր է, Պուլիտցերյան մրցանակը չեն տվել, քանի որ խորհրդի անդամները վեպը համարել են «անընթեռնելի» եւ «անպարկեշտ»: Գրականագետները զուգահեռներ են անցկացնում իռլանդացի գրող Ջեյմս Ջոյսի «Ուլիսես»-ի հետ՝ նշելով, որ «Ձգողության ծիածանը» դրա ավելի մատչելի տարբերակն է:
Գրքին վերաբերող բազմաթիվ բնորոշումներ են տրվել՝ «Հետմոդեռնային էպոս», «Ամենամեծ հակապատերազմական վեպ», «Հանրագիտարանային հոգեբանական ուղեւորություն», «Կիբերփանքի «Հին Կտակարան»» եւ այլն: Ասում են՝ այս վեպը մեկ մարդու գործ չէ. այդ մեկ մարդը պետք է կատարելապես ծանոթ լիներ ամերիկյան, անգլիական, գերմանական, ռուսական, լատինամերիկյան, եվրոպական, միջին արեւելյան մշակույթին, պատմությանը, լեզուներին։ Նման մարդ կա՞, գումարած տաղանդի գերադրական աստիճանը՝ հանճարին մոտեցող: