Անտուան դը Սենտ Էքզյուպերի, «Մարդկանց երկիր»,
թարգմանությունը՝ Շուշանիկ Թամրազյանի, «Էդիթ Պրինտ», 2017
«Մարդկանց երկիր»-ը հեղինակի լավագույն ստեղծագործություններից է, որը ժամանակին արժանացել էր արձակ երկի համար սահմանված բարձրագույն մրցանակի:
Ինքը՝ Անտուան դը Սենտ Էքզյուպերին, Մարդկանց երկրի բնակիչ է: Մարդ, ով ընտելացնում է անապատն ու լեռները, երկիրն ու աստղերը, ով գերիներ է ազատագրում, արթնացնում մարդկանց: Նա հասկանում է բոլորի ճշմարտացի լինելը, խոսում է պարզության ու խորամտության լեզվով, որ լսելի եւ ընդունելի է բնության ամեն մի արարածի համար: Գրքում տեղ են գտել հեղինակի՝ տարիների ընթացքում գրված պատմվածքները, խոհագրությունները, հուշերը, որոնք այստեղ հանդես են գալիս որպես առանձին գլուխներ: Օդաչուի նկատառումները, թանկագին ընկերների, անապատի, օազիսի, թափառական ցեղերի կենսակերպի մասին պատմող դրվագները ամբողջացնում են ընդգրկուն խորհրդածությունը մարդկային ճակատագրի, երկրի վրա մարդու առաքելության շուրջը:
Ըստ Էքզյուպերիի՝ յուրաքանչյուր մարդու ճակատագիրը բացահայտվում է միայն անվերջանալի ինքնահաղթահարման ճանապարհին: Ավարտուն պատմվածքները փոխկապակցված են ներդաշնակ, շարունակական հյուսվածքով, որ աչքի է ընկնում բովանդակային եւ կառուցվածքային ամբողջականությամբ: Տարբեր գլուխներում հանդիպում ենք նույն հարցադրումներին եւ նույն լեյտմոտիվներին՝ քաղքենին ու հոգսերի բեռան տակ կքած մարդը, մենության զնդանն ու սիրելի ընկերը, որն ընդունակ է անօրինակ սխրանքների, կենացմահու սահմանին կանգնած արթուն պահապանը, ում կյանքը թելից է կախված: