Սալի Ռունի, «Նորմալ մարդիկ», վեպ, թարգմանությունը՝ Աստղիկ Սարգսյանի, Նյումեգ, 320 էջ, 2021թ.:
Քոնելն ու Մարիաննան մեծացել են նույն փոքր, գավառական քաղաքում, բայց նմանությունները դրանով ավարտվում են: Դպրոցում Քոնելը հայտնի է ու սիրված, իսկ Մարիաննան միայնակ է: Բայց երբ նրանք մի անգամ զրույցի են բռնվում, նրանց կյանքը մեկեն փոխվում է:
Մի տարի անց երկուսն էլ Դուբլինում են, Թրինիթի քոլեջում: Մարիաննան մտնում է նոր սոցիալական միջավայր, մինչդեռ Քոնելը երկչոտ ու անվճռական պատանու պես երկրորդական դերում է: Համալսարանում Մարիաննան ու Քոնելը երբեմն միասին են, բայց հաճախ՝ ուրիշներով տարված։ Նրանք մագնիսի պես ձգում են միմյանց, քանի որ անդիմադրելի կապվածություն են զգում:
Սակայն Մարիաննան ոտք է դնում ինքնակործանման արահետ, Քոնելն էլ սկսում է կյանքի իմաստը փնտրել իր կարիերայում։ Ե՛վ Մարիաննան, ե՛ւ Քոնելը պետք է առանձին-առանձին որոշեն, թե իրենց կյանքում ի՛նչը պետք է զոհաբերեն հանուն սիրելի էակի:
Սալի Ռունիի «Նորմալ մարդիկ»-ը 21-րդ դարում սիրո մասին գրելու կատարյալ օրինակ է: Նրա երկրպագուների թվում է Հոլիվուդի կեսը՝ Ռիզ Ուիզերսպունից մինչեւ Սառա Ջեսիկա Պարկեր եւ Լենա Դանհեմ: Ինչպես Սալի Ռունին տիրեց գրական աշխարհին ՝ հարցը հաճախ են քննարկում քննադատները։ Պատասխանը պարզ է՝ նա սիրո, ընկերության, հարաբերությունների եւ տարիքն առնելու մասին գրում է բոլորովին նոր ոճով, նոր խոսքով։ Ռունին դարձել է նոր հազարամյակի առաջին սերնդի առաջին մեծ վիպագիրը։ Երեսնամյա իռլանդացի գրողը ապրում է Դուբլինում: