Գոհրիլ Գաբրիելսեն, «Ոխերիմ քույրեր», վեպ, 116 էջ, «Գիտանք» հրատարակչություն, 2021թ.:
Նորվեգիայի հեռավոր հյուսիսում, հայրական տանը միայնակ ապրում են երկու միջին տարիքի քույրեր: Մահճակալին գամված կրտսեր քրոջ ու նրան խնամող ավագի դժվար հարաբերություններն ավելի են բարդանում, երբ ավագ քույրն ամուսնանում է եւ տուն է բերում տղամարդուն: Ի՞նչ ավարտ կունենա եռյակի համատեղ կյանքը: Ո՞վ կհաղթի այս հոգեբանական դաժան հակամարտության արդյունքում:
Այդպիսի հարաբերությունների համար անգլերեն նույնիսկ հատուկ բառ կա՝ frenemy (friend+enemy), հայերեն՝ «բարեկամ-թշնամի»: «Ոխերիմ քույրեր» վեպում հեղինակը նկարագրում է հենց այդպիսի հարաբերություններ:
Մահճակալին գամված քրոջ մտորումները հանգում են կյանքի անորոշությունների ու առեղծվածների հավերժական շրջապտույտի փիլիսոփայությանը.
«Ամեն ինչ շատ շփոթեցնող է. ի՞նչ է կատարվում իրականում: Արդյո՞ք նույնիսկ իմ սեփական մահը` այդ անողոք վախճանը, որ ինձ միշտ թվացել է պարզ ու անխուսափելի իրողություն, իմ ապրած ողջ կյանքի պես լի է լինելու անորոշությամբ ու ենթադրություններով: Ես զգում եմ, որ դա ինձ ուժասպառ է անում. ինձ անընդհատ հոգնեցնում է այն, որ երբեք ստույգ չգիտեմ, լրիվ չեմ հասկանում եւ միշտ անում եմ, ո°չ, ինձ միշտ ստիպում են անել ենթադրություններ ու կռահումներ: Գուցե ներում չկա. անհետանալուց հետո վերջնական բացատրություն չի լինում, նաեւ չի լինում հաշտեցնող խաղաղություն. լինում են նոր առեղծվածներ եւ հնարավոր անթիվ պատասխաններ»: