Սուսաննա Հարությունյան, «Անհաշտ վեպեր», վեպ, 2018թ.
«Անհաշտ վեպեր». այսպես է կոչվում արձակագիր Սուսաննա Հարությունյանի վերջերս լույս տեսած գիրքը, որն իր մեջ ներառում է «Սուրբ ստրուկներ» եւ «Եթե բացառենք գիշերը» վեպերը։
Հեղինակը չի թաքցնում՝ ավելի շատ համակրում է «Սուրբ ստրուկներ» վեպը, որովհետեւ իր առաջին երգիծական գործն է ու թեեւ ունի քաղաքական եւ երգիծական պիեսներ, բայց ժանրային առումով սա առանձնանում է։ Հարությունյանն ընդգծում է, որ «Սուրբ ստրուկներ» արտահայտությունը վերցրել է միջնադարյան կաթոլիկ աշխարհից։ Այդ ժամանակ կաթոլիկ աշխարհում եղել է սովորություն՝ ծնողներն իրենց երեխաներին նվիրել են եկեղեցուն, եւ այդ երեխաները եկեղեցում ամենակեղտոտ ու ստոր գործերն էին անում եւ կոչվում էին սուրբ ստրուկներ։
«Եթե բացառենք գիշերը» գործի հետ կապված՝ Հարությունյանը մի փոքր մտավախություններ ուներ, քանի որ հերոսները երկու գրողներ են․«Բոլոր հերոսները հավաքական կերպարներ են եւ չկան կոնկրետ նախատիպեր, բայց վեպում կան թե՛ գործակալի, թե՛ գրողների միության նախագահի, թե՛ գրող ընկերների կերպարներ, եւ այդ վախերը, որ ինչ-որ մեկը կարող է իրեն ճանաչել, ավելի շատ էին, բայց մինչեւ հիմա դեռ ոչ մեկ կռիվ չի ծագել»,- կատակով հավելում է Հարությունյանն ու նշում, որ վեպում կան նաեւ ինքնակենսագրական պահեր՝ չնայած նախորդ գործերում միշտ խուսափել է ինքնակենսագրական նյութ օգտագործելուց: