Էրիխ Մարիա Ռեմարկ, «Արեւմտյան ճակատում նորություն չկա», վեպ, թարգմանությունը գերմ.՝ Վանուհի Բաղմանյանի, «Էդիթ Պրինտ», 2018թ.
Գերմանացի աշխարհահռչակ գրողի՝ պատերազմի մասին պատմող երբեւէ ստեղծված գրքերից ամենավաճառվածն է, որն, ի դեպ, նացիստական Գերմանիայում արգելված գրականության ցանկում է եղել: Ստեղծագործության հերոսները գերմանացի զինվորներ են, գործողությունները ծավալվում են Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին:
Գրքում ականատեսի սուր հայացքով ներկայացված են պատերազմող զինվորիների ապրումները, կյանքը, հոգեվիճակը եւ մտորումները:
Վեպը եզակի է թեմաների բազմաշերտությամբ՝ կան արտաքին եւ ներքին թեմաներ: Այն ամբողջությամբ Առաջին աշխարհամարտի մասնակից Պաուլ Բոյմերի ապրումներն են‚ տպավորությունները‚ զգացմունքները‚ պատերազմի մասնակցի աչքով տեսածի‚ մաշկով զգացածի ու ականջով լսածի՝ երբեմն սահմռկեցուցիչ‚ երբեմն հաճելի ու սրտամոտ դիպվածները: Վեպում արտառոց‚ գերշոշափելի պատկերավորությամբ ձգվում են պատերազմի տարիները, հերոսների կյանքը՝ ռազմաճակատի, բարաքների‚ հիվանդանոցի ու տան միջեւ: Այս թեմային՝ ռազմաճակատի ու տան հակադրության համատեքստում, զուգորդվում է արտաքին մյուս թեման՝ զինվորի եւ նրա համադասարանցի զինակիցների՝ կյանքին ու պատերազմին պատրաստ լինել-չլինելու ցավագին խնդիրը: