Ջոնաթան Քոնլին, «Պարոն հինգ տոկոս», վավերագրական արձակ, թարգմանությունը՝ Սիլվա Հովակիմյանի, «Էդիթ Պրինտ», 2019թ.
Այս գիրքը բացահայտում է Գյուլբենկյանի՝ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի կյանքն ու գործունեությունը: Այն ստեղծվել է Գյուլբենկյանի արխիվային նյութերի ուսումնասիրությունների հիման վրա: Ամբողջ կյանքում Գյուլբենկյանը միտումնավոր խուսափում էր մամուլից՝ այն աստիճան, որ այսօր նրանք, ում ծանոթ է այդ անունը, հաճախ շփոթում են գաղտնասեր Գալուստին հանրաճանաչության ձգտող նրա որդու՝ Նուբարի հետ:
«Ժամանակակից աշխարհի մասին ի՞նչ կարող է մեզ սովորեցնել Օսմանյան կայսրությունում ծնված, ծագումով հայ նավթային մագնատը: Դատելով Գյուլբենկյանի հետաքրքրաշարժ կենսագրությունից՝ շատ բան... Երբ 1869-ին ծնվեց Գյուլբենկյանը, հայերը Ստամբուլում մեծ թիվ չէին կազմում եւ, գլխավորապես, զբաղվում էին առեւտրով: Սակայն արդեն 1880-ականներից քաղաքն անապահով էր հայության համար, ինչն ի վերջո վերաճեց 1915-ի Հայոց ցեղասպանության:
Գալուստի գաղտնասիրությունը հետագայում դժվարացրել էր անգամ իր ընտանիքի, կրթության կամ կարիերայի վերաբերյալ փաստերի հիմնավորումը։ Չի եղել նավթարդյունաբերության ողջ պատմության մեջ որեւէ այլ գործարար, որ այսքան ուժեղ ազդեցություն ունենար՝ այսքան մեծածավալ ու երկարատեւ։
Գյուլբենկյանը հայտնի էր նաեւ արվեստի հավաքածուների հանդեպ ունեցած սիրով: Նա Էրմիտաժի գլուխգործոցների առաջին գնորդն էր, երբ Խորհրդային Միության իշխանությունները որոշեցին դրանք վաճառել: Շնորհիվ հաջող բանակցություններ վարելու՝ Գյուլբենկյանի հմտության, Էրմիտաժից բացակայում է Ռեմբրանտի մի քանի կտավ: