Ալեսանդրո Բարիկկո, «Մետաքս», վիպակ, իտալերենից թարգմանությունը՝ Հասմիկ Եղիազարյանի, 152 էջ, «Անտարես», 2020թ.:
Ինքը՝ հեղինակը, այս ստեղծագործության մասին գրել է. «Սա վեպ չէ: Ոչ էլ պատմվածք: Սա պատմություն է: Սկսվում է մի մարդուց, որը կտրում է աշխարհը, եւ ավարտվում մի քամոտ օր, մի լճով, որն իր տեղում է: Մարդու անունը Էրվե Ժոնկուր է: Լճինը՝ հայտնի չէ: Կարելի էր ասել, որ սիրո պատմություն է: Բայց եթե միայն դա լիներ, իմաստ չէր ունենա այն պատմելը: Արանքում կան ցանկություններ, ցավեր, որ լավ գիտես՝ ինչ են, բայց իսկական անուններ չունես, որոնցով կոչես դրանք…»:
Այս պատմության սիրային թելերը բազմաթիվ են, նուրբ ու զգայուն, ինչպես մետաքսյա գործվածքը։ Եվ ամեն ընթերցող ինքն իր համար կբացահայտի, թե որտեղ էր այս վիպակում սերը, երբ այն սկսվեց եւ որտեղ վերջացավ։ Բայց «Մետաքս»-ը զուտ սիրային գործ չէ, քանի որ այդ դեպքում, ինչպես գրողն է նշում, իմաստ չէր ունենա այն գրել։ Անգամ եթե այս կարճ ստեղծագործությունը չհամարենք սիրային, անկասկած, հիմնական գիծը դա է՝ գլխավոր հերոս Էրվե Ժոնկուրի եւ նրա կնոջ՝ Էլենի սիրո պատմությունը:
Սերն այստեղ, կարծես թե, նույն մետաքսն է։ Եթե թրթուրները ժամանակին բացվեն ու դրանց հետ ճիշտ վարվես՝ այն կդառնա մետաքս։ Իսկ եթե ուշացնես կամ շտապես, ապա ուրախություն ու թեթեւություն դառնալու փոխարեն, դրանք կդառնան տխրության, ցավի եւ հիասթափության պատճառ։
Վիպակում, սակայն, կկարդաք նաեւ, թե ինչ կարեւոր քաղաքական, հասարակական ու տնտեսական իրադարձություններ էին տեղի ունենում Եվրոպայում եւ աշխարհում 19-րդ դարակեսին։ Գիրքը ողջ ընթացքում լարված հետաքրքրության մեջ է պահում Ժոնկուրի եւ Ճապոնիայում հանդիպած ոչ արեւելյան աչքերով առեղծվածային կնոջ միջեւ ծավալվող հարաբերություններով: