Ալան Բադիու, «Դարը», փաստավավերագրական, ֆրանսերենից թարգմանությունը՝ Նազենի Ղարիբյանի, «Նյումագ» հրատարակչություն, 304 էջ, 2021թ.:
«Դարը» աշխատության 13 տեքստի հիմքում Փիլիսոփայության միջազգային քոլեջի սեմինարներում (1998-2001) Բադուի՝ ֆրանսիացի մեծ մտածողի ու հռչակավոր փիլիսոփայի կարդացած դասախոսություններն են: Նա խոսում է 20-րդ դարի մասին։ Ինչպե՞ս ընկալել այդ դարը։ Ինչպե՞ս ըմբռնել «դասական հանցագործության» էությունը (Հոլոքոստ, Հայոց ցեղասպանություն, Գուլագ). չէ՞ որ այդ ոճիրները բնութագրվում են մտքի բացակայությամբ, չէ՞ որ այդ միտքը փոխարինվել է վիճակագրությամբ (միլիոնավոր զոհեր):
Բադիուն համարում է, որ 20-րդ դարն ամենեւին էլ չի առաջնորդվել «պայծառ ապագայի» խոստումներով կամ «երկրային դրախտի» պատրանքով։ Ճիշտ հակառակը. առաջմղիչ ուժն իրականի հանդեպ կիրքն էր, ամեն ինչ «այստեղ եւ հիմա» իրագործելու տենչը: Այն ավետյաց դար չէր, այլ կենսագործելու դարաշրջան։ Իրագործման, իրացման, իսկույնեւեթ իրակերտելու դար էր, ոչ թե՝ խոստումների եւ հուսադրման: Դարավերջին 20 տարիները Բադիուն կոչում է 2-րդ Ռեստավրացիա:
Իրականի տեղը բռնում է թիվը (հարցում, հաշիվ, բյուջե, վարկ, բորսա), մտքին փոխարինում է կարծիքը: Ըստ Բադիուի՝ դարի ոճրագործությունը չի ավարտվել. «թերեւս հռչակավոր հանցագործներին փոխարինել են մանրմունր քրեականները, որոնք նույնքան անանուն են, որքան բազում բաժնետիրական ընկերությունները»: Ալան Բադիուն համոզված է, որ փիլիսոփայությունը պետք է խոսի իր ժամանակի մասին։ Նա պայքարում է այն մտքի դեմ, թե փիլիսոփայական խնդիրները հավերժական հարցեր են, որոնք միշտ եւ ամենուր միանման մշակումների են ենթարկվել:
Բադիուն անվիճելիորեն համարվում է Ֆրանսիայի սահմաններից դուրս ամենահայտնի ֆրանսիացի փիլիսոփան: Նրա մասին «Ֆիգարո»-ն գրել է. «Մի կողմ դնելով մաքուր փիլիսոփայությունը՝ Բադիուն ներկայացնում է 21-րդ դարի վերջնահաշիվը: Արդյունքը տպավորիչ է»:
Գիրքը հայերեն է հրատարակվել «Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշար» ծրագրի շրջանակում։