Tuesday, 26 November 2024

B Book Review

Գարեգին Նժդեհ, «Չխրատվող ժողովուրդը»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Գարեգին Նժդեհ, «Չխրատվող ժողովուրդը», Խորհրդածությունների եւ հոդվածների ժողովածու, կազմեցին Արմեն Սարգսյանը եւ Քնարիկ Քյուրքչյանը, «Վերնատուն» հրատարակչություն, 2021թ.:

Այս գրքում Նժդեհը շարունակ դիմում է հայ երիտասարդությանը՝ մղելով ինքնաճանաչողության, անցյալի պատմական անձանց ու դիպվածների քննությամբ անդրադառնում է մեր բնավորությանը, պատմական առաքելությանը, տարածաշրջանում մեր հնարավորություններին: Խոսելով ապագայի պատերազմներից` նա խրախուսում է Հայաստանում ռազմարդյունաբերության հիմնումը: Նժդեհը վերլուծում է Սյունիքում մեր հաղթության մանրամասները եւ այլ պատերազմներում կրած պարտությունների պատճառները:

Կապվա՞ծ է արդյոք «Չխրատվող ժողովուրդը» ժողովածուի ծնունդը ժամանակի հրամայականի հետ: Այս հարցի շուրջ իր դիտարկումներն է ներկայացրել ժողովածուի խմբագիր, գրականագետ Արմեն Սարգսյանը. «Կան գրքեր եւ պատմական անձինք, որոնց ժամանակ առ ժամանակ վերադառնում ենք, երբեմն՝ գիտակցաբար, երբեմն՝ պահի հրամայականով։ Նժդեհը այն կերպարն է, այն պետական, ռազմական գործիչը, որն այսօր առավել քան արդիական է, որովհետեւ այսօր առավել քան երբեք վերահաս վտանգների առջեւ ենք»:

Ըստ նրա, Նժդեհը մեզանում վատ է ուսումնասիրված, եւ դա է պատճառը, որ հասարակության մեջ որոշ շրջանակներ նրա տեքստերին վերագրում են ռասիզմի տարրեր։ Այդ վերագրումները, գրականագետի խոսքով, խեղում են Նժդեհ գործչի տեքստի գաղափարական հենքը եւ գրական արժեքը: «Կարդում եւ մտածում ես, որ այս օրից ուղիղ իննսուն տարի առաջ ասել է բաներ, որոնք դեռ գիտակցված չեն մեզնում, վերլուծված չեն, ամրագրված չեն մեր երկրի ռազմավարության մեջ։ Ասում է, որ ապագայի պատերազմներում մարդո՛ւժը չէ գերական լինելու, այլ զե՛նքը, ասում է, որ պետք է մեր երկրում զենք արտադրենք, ասում է, որ պետք է մեր գիտությանը զարկ տանք, ասում է, որ պետք է գնահատենք մեզ, ճանաչենք մեր ներսուդուրսը, որ մենք… կարող ենք։ Չի՛ ասում մենք լավն ենք ուրիշներից, ասում է՝ մենք լա՛վն ենք»,- նկատում է ժողովածուի խմբագիրը։

Ժողովածուում ներառված են հեղինակի «Բանտային գրառումներ» խորհրդածությունները, որ առաջին անգամ Երեւանում հրատարակվել են 1993 թվականին, «Որդիների պայքարը հայրերի դեմ» հրապարակագրությունը, որ լույս է տեսել Սալոնիկում 1927-ին, «Հիշիր պատերազմը» հոդվածաշարը, որ սկզբնապես հրատարակվեց Բոստոնի «Հայրենիք» թերթում 1930-ին, ինչպես նաեւ «Ինքնակենսագրություն»-ը, որ գրել է 1944-ի սեպտեմբերին Սոֆիայում։ Կազմողներն այս բոլոր նյութերը փոխադրել են գրական արեւելահայերենի, խմբագրել ու ծանոթագրել։

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.