Ֆերնանդո Արամբուրու, «Հայրենիք», վեպ, Իսպաներենից թարգմանությունը՝ Ալիս Տեր-Ղեւոնդյանի, 624 էջ, «Անտենոր» տպագրատուն, 2022թ.:
Էպիկական այս հրաշալի պատմությունը բասկ անջատողականների զինված պայքարի 30 տարիների մասին է: Ֆերնանդո Արամբուրուն իր վեպը գրել է, երբ բասկյան ETA ահաբեկչական խմբավորումը հայտարարել էր զինված պայքարը դադարեցնելու մասին։ Գրողը ցանկացել է պարզել, թե այդ ողբերգական ժամանակաշրջանում ի՞նչ է պատահել մարդկանց հետ, ինչո՞ւ էին շատերն աջակցում սպանություններին, համակրում բռնարարներին։ Ինչո՞ւ էին երկչոտաբար լռում նրանք, ովքեր համաձայն չէին:
Վեպի առանցքում երկու բասկ ընտանիքների հարաբերություններն են Սան Սեբաստիանի արվարձանում։ Արամբուրուն, ինքն էլ ծնված լինելով այստեղ, ներկայացնում է անկախության համար պայքարի ահաբեկչական մեթոդները, որոնք թշնամություն են սերմանում երկու մտերիմ ընտանիքների միջեւ եւ խեղում շատերի ճակատագրերը։ Նաեւ ցուցադրում է իսպանական կենտրոնական իշխանության դաժան պատասխանը բասկերի բարձրացրած խնդիրներին։ Հեղինակը հակամարտության որեւէ կողմին չի արդարացնում կամ դատապարտում։ Նա ի ցույց է դնում մարդկանց ողբերգությունն ու դա հաղթահարելու ճանապարհը։
2016 թվականին լույս տեսած «Հայրենիք»-ն Արամբուրուին համաշխարհային ճանաչում է բերել: Այն դարձել է վերջին տարիների գրաքննադատական գլխավոր իրադարձությունը Իսպանիայում: «Ֆերնանդո Արամբուրուն բասկերի երկրի Լեւ Տոլստոյն է»,- գրել է «Գարդիան» պարբերականը: