Նոյեմբերի 24-ին Բրյուսելում Եվրամիության Արեւելյան գործընկերության հինգերորդ գագաթաժողովում Հայաստանի ու Եվրամիության միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը մեծ արձագանք գտավ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում: Այլ բան չէր էլ կարող լինել գրեթե երկու տարի շարունակվող այն վեճերի խորապատկերին, թե արդյո՞ք հնարավոր է՝ այս ծրագիրը հերթական անգամ ձախողվի Ռուսաստանի ճնշման ներքո: Այս վեճերը միանգամայն օրինաչափ էին 2013թ. պատմության հետ կապված, երբ մեկ գիշերում Հայաստանը հանկարծ հրաժարվեց ստորագրել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը եւ վերցրեց Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ) մտնելու ուղեգիծ: Այնժամ բոլորը Հայաստանի այդ վարքագիծն իրավացիորեն համարեցին Ռուսաստանի դիրքորոշումից վախենալու հետեւանք: Ուկրաինայում եւ նրա շուրջ հետագայում ծավալված ապակառուցողական գործընթացները միայն ամրապնդեցին այս տեսակետը:
Սակայն Ռուսաստանը, չգիտես ինչու, այս անգամ ոչ միայն համաձայնել է նման պայմանագրի ստորագրմանը, այլեւ պաշտոնական մակարդակով «օրհնել» է այն՝ հիշելով, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է: Այս խնդրով հետաքրքրվող անձանց մեծ մասը համաձայնագրի ստորագրման հաջողությունը պայմանավորում է նրանով, որ Եվրոպան հրաժարվել է «կամ-կամ» սկզբունքից` հօգուտ «եւ-եւ»-ի: Հասկանալի է, որ այս հանգամանքը նույնպես իր նշանակությունն ունեցել է: Եվրոպացիները, որոնք Արեւելյան գործընկերության ծրագիրը դիտարկում են, նախեւառաջ, իբրեւ իրենց անվտանգության երաշխիքների ձեւավորման ծրագիր, չմանրացան Ռուսաստանի հետ իրենց վեճերում: Սակայն Հայաստան-ԵՄ համաձայնագրի շուրջ համերաշխորեն համաձայնելու իմաստը շատ ավելի լայն եւ խորն է: Ամենեւին պատահական չէ, որ չնայած Ռուսաստանի պաշտոնական համաձայնությանը, նրա լրատվամիջոցները չեն դադարում Հայաստանին մեղադրել բոլոր մեղքերի, նույնիսկ եղբայրական հարաբերությունների «դավաճանության» մեջ: Անկասկած, Ռուսաստանը Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի հաստատումը հավանության արժանացրեց ակամա` ելնելով բոլորովին այլ պատճառներից:
Բանն այն է, որ այն պահից ի վեր, երբ 2015 թվականի սեպտեմբերի 30-ին տիեզերաօդային ուժերն առաջին ավիահարվածները հասցրին Սիրիայի տարածքում, միջազգային հարաբերությունների գերակայություններն արմատապես փոխվեցին: Արեւմտյան հանրության կողմից Ուկրաինայի իրադարձությունների հետեւանքով անկյուն քշված Ռուսաստանը ստիպված էր միջամտել սիրիական հակամարտությանը`դրանով փոխելով արեւմտյան աշխարհի հետ իր հարաբերությունների տրամաբանությունը: Միայն առաջին հայացքից է թվում, թե Արեւմուտքում ինչ-որ մեկը դեմ էր Ռուսաստանի՝ Սիրիա մուտք գործելուն: Երկու տարի անց բոլորը համոզվեցին, որ ճանաչված էր Ռուսաստանի այդ իրավունքը, իսկ իրականում նրան ստիպել էին ստանձնել ողջ Մերձավոր Արեւելքի քաղաքական գործընթացները կարգավորողի դերը: Դրա խորհրդանիշը դարձավ նոյեմբերի 11-ին Վիետնամում տեղի ունեցած՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթաժողովում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների համաձայնագիրը: Իսկ Սոչիում Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի նախագահների նոյեմբերի 22-ի հանդիպումը ակնբախ դրսեւորումն էր այն բանի, որ Ռուսաստանն արդեն նշված դերի մեջ է մտել: Երկու օրվա ընթացքում Սոչին դարձել էր Մերձավոր Արեւելքի երկրների բոլոր դժբախտությունների կարգավորման շտաբը: Այդ դերն, իհարկե, Ռուսաստանի սրտովն է: Բայց ամեն ինչի համար վճարել է պետք. եթե ինչ-որ բան ստանում ես, պետք է ինչ-որ բան էլ տաս:
Դրա համար մեկ տասնօրյակում նկատեցինք Ռուսաստանի «տարօրինակ» գործողությունները, որը ոչ մի կերպ չէր թաքցնում Միացյալ Նահանգների կողմից այդ գործողությունները հովանավորելու փաստը: Ինչ ասես, որ չարժեր Ռուսաստանի արտգործնախարարի խոսելաձեւը Բաքվում եւ Երեւանում: Հապա ԱՄՆ, Եգիպտոս, Իսրայել, Սաուդյան Արաբիա Վ.Պուտինի հեռախոսազանգերի մասին բարձրագոչ հայտարարությունները... մի հրա՛շք: Այդ ժամանակ էլ պաշտոնապես արտահայտվեց եվրոպական ուղղությամբ Հայաստանի գործողությունների հանդեպ Ռուսաստանի դիրքորոշումը: Մեկ օրում չէ, որ պատրաստվեց Վիետնամում Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահների համաձայնագիրը՝ այն պատրաստվել էր Ռուսաստանի՝ Սիրիա մտնելուց հետո: Իսկ թե ինչ կա թաքնված այդ համաձայնագրի շրջանակների ետեւում` կերեւա միայն ապագայում: Զարմանալի չէ, որ Թուրքիան եւ Իրանը շտապեցին նետվել Ռուսաստանի գիրկը` քրդական «ռումբը» եւս պատրաստվում էր Սիրիայում ռուսական գործողությունների շրջանակներում:
Ամեն ինչ այդպես է: Բայց կա մեկ կարեւոր կողմ եւս. Եվրամիության հետ Հայաստանի համաձայնագրի ողջ իմաստը, կարծես թե, հանգում է Հայաստանի ժողովրդավարացման եւ կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրերին, բայց ազատ առեւտրի գոտու ստեղծման հանգամանքը տարօրինակ կերպով դուրս է մնացել տեսադաշտից: Այս դեպքում ինչու են Հայաստանի իշխանություններն իրենց վրա վերցրել նման խնդիրների բեռը: Պատասխանը պարզ է. իրենք չէին որոշում կայացնողները, նրանց փոխարեն որոշում էին այլոք, ում ՀՀ իշխանություններն իրենց ֆինանսական եւ քաղաքական հովանավորներն են համարում: Իսկ հովանավորների հետ չեն վիճում: Ինչ վերաբերում է Հայաստանում այս համաձայնագրի հետ կապված իրարանցմանն ու ոգեւորությանը, ապա դա, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է նրանով, որ հովանավորները՝ ի դեմս Արեւմուտքի եւ Ռուսաստանի, հանկարծ համաձայնեցված դիրքորոշում ցուցաբերեցին: Կասկած չկա, որ Ռուսաստանի՝ հակադրվելու դեպքում ոչ միայն պայմանագիրը չէր կնքվի, այլեւ ստորագրելիս իշխանության այս ողջ անձնակազմը լեզուն կուլ կտար ու կթաքնվեր՝ որտեղ պատահեր:
Բայց տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Հայաստանի իշխանություններն էլ՝ դատելով նրանց վարքագծից, հոգով չընկճվեցին. արտաքին ատյանների հետ բազմամյա հարաբերությունների փորձը ամրապնդել է նրանց վստահությունն առ այն, որ կարող են պաշտպանել իրենց օլիգարխիկ էությունը: Իսկ կորպորատիվ հանգստությունը պահպանելու համար, նրանք, ինչպես միշտ, նախանձելի եռանդով «հանգստացնող թերապիա» կծավալեն: Այս թերապիան լիովին մատչելի եւ ունիվերսալ է բոլոր ստրկական վարչակարգերի համար. օրական 24 ժամ ներշնչել ինքնիրեն եւ իր միջավայրին, որ կարող է աշխարհում բոլորին խորամանկությամբ գերազանցել: Այս լաքեյների վարվելաձեւը (հստակեցնենք. լաքեյ՝ խորամանկ ստրուկ, ստորաքարշ) բնորոշ է բոլորին, ով իր բարեկեցությունը կառուցում է արտաքին հովանավորների փնտրտուքի վրա: Իրենց հովանավորներին սեփական երկրի ազգային շահերի հաշվին էական ծառայություններ մատուցելով՝ նրանք ընկնում են ստրկության ցանցը, բայց փորձում են երեւակայել, թե կարող են ճարպկորեն ձեռնածու դարձնել իրենց հովանավորներին: Սրանում է օլիգարխիկ իշխանության էությունը. ստրուկներ, որոնք իրենց պատկերացնում են իրենց տերերի տերը: Դրանից Հայաստանի իշխանություններին երբեմն ինչ-որ բան հաջողվում էր` ընտրությունների կեղծում եւ այլն:
Բայց ժամանակները հիմա այն չեն, ավելի լավ կլիներ՝ սույն անձնակազմը հասկանար, որ ժամանակն է «կարթը փաթաթել» ու արագ ետ քաշվել: Չէ՞ որ մի բան նրանք շատ պարզ հասկացել են՝ այս աշխարհում իրենք ոչինչ չեն որոշում: