Tuesday, 26 November 2024

I Interview

Հովսեփ Խուրշուդյան. «Եթե Մոսկվան վերջին պահին նորից չփոշմանի...»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 
Հովսեփ Խուրշուդյան
«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների
աջակցման կենտրոնի նախագահ

- 2013 թվականին ԵՄ-ի հետ համաձայնագիրը չստորագրվեց նաեւ ԵԱՏՄ մուտք գործելու պատճառաբանությամբ, այսինքն՝ արտաքին ազդակների թելադրանքով: Ներկայումս կա՞ արդյոք այդ կարգի արտաքին խոչընդոտների կամ միջամտության վտանգ՝ նոյեմբերին ստորագրվելիք համաձայնագրին ընդառաջ:

Վտանգը միշտ էլ կա, քանի որ Հայաստանի գործող իշխանություններին «դաբրո» տվող կամ չտվող Կրեմլը անկանխատեսելի է: Բայց այս անգամ վախենամ, որ ոչ պակաս վտանգ լինի նաեւ Եվրամիության անդամ որոշ երկրների կողմից այս համաձայնագիրը վավերացնելու առումով: Ընդ որում, դա կարող է ինչպես ուղղորդված լինել Եվրահանձնաժողովից, այնպես էլ տեղական նախաձեռնությամբ: Ամեն դեպքում՝ Հայաստանն առանձնապես մեծ հետաքրքրություն չի ներկայացնում Եվրոպայի համար, մինչդեռ Հայաստանի գործող իշխանությունների համար այն միլիոնավոր դոլարները, որոնք գալու են այս համաձայնագրի վավերացումից հետո, կենսական նշանակություն ունեն: Միլիոններ, որոնք պետք են թոշակ ու աշխատավարձ տալու համար, արտաքին պարտքը սպասարկելու համար: Միլիոններ, որոնք Ռուսաստանը չի տալիս եւ միակ հույսը Արեւմուտքն է, մասնավորապես` ԵՄ-ն եւ նրա արբանյակ ֆինանսական ինստիտուտները: Բրյուսելում եւ եվրոպական երկրների մյուս մայրաքաղաքներում դա քաջ գիտակցում են եւ 2013-ի ուխտադրժության հետեւանքները, եթե կուզեք` պատիժը, դեռ նոր կարող են երեւակվել բոլորովին անսպասելի ձեւով:

- Համաձայնագրում նաեւ հղում է արվում Մինսկի խմբի սկզբունքներին, ջանքերին՝ ուղղված ղարաբաղյան բանակցային գործընթացին, որտեղ, ինչպես գիտենք, գերակա չէ տարածքային ամբողջականության սկզբունքը: Առաջին. սա կարո՞ղ ենք դիտարկել որպես Ադրբեջանին ուղղված «մեսիջ», եւ երկրորդ. կարո՞ղ ենք բանակցային գործընթացում աշխուժություն եւ ԵՄ-ի կողմից նախաձեռնողականություն ակնկալել:

Այն, որ ԵՄ-ն արցախյան հակամարտությունը թողնում է Մինսկի խմբին, դժվար է ասել՝ լա՞վ է, թե՝ վատ: Լավ է այն իմաստով, որ դա նպաստելու է ստատուս-քվոյի պահպանմանը, որի ցանկացած խախտում հղի է տարածաշրջանում ձեւավորված ուժերի հավասարակշռության խախտմամբ: Լավ է նաեւ այն իմաստով, որ սա մի գործիք է, որը լավ-վատ, բայց քաղաքական զսպաշապիկի դեր խաղում է Ադրբեջանի համար` նրա ռազմատենչ նկրտումներում (ռազմական զսպաշապիկը տվյալ դեպքում հայկական բանակն է): Սակայն եթե նախկինում Ադրբեջանն արդյունավետ աշխատում էր ԵՄ-ի եւ Եվրախորհրդի հետ, եւ մեզ համար վտանգավոր էր այդ կառույցների ներգրավվածության ուժեղացումը Արցախյան հակամարտության կարգավորման հարցում, ապա այժմ Ադրբեջանը դառնում է «իզգոյ» Արեւմուտքի համար. ԱՄՆ-ը անգամ սպառնում է պատժամիջոցներ կիրառել այդ երկրի դեմ, իսկ Եվրոպայում բացահայտում են Ադրբեջանի կաշառած պաշտոնյաների ցանցը: Նման պայմաններում Եվրոպայի ավելի ակտիվ ներգրավվումը կարող է դրական լինել Հայաստանի համար: Հատկապես, որ Եվրահանձնաժողովում՝ ընդհուպ հանձնակատարների մակարդակով, սկսում են գիտակցել Արցախի ներգրավման անհրաժեշտությունը Արեւելյան գործընկերության քաղաքացիական ձեւաչափերում:

- Եթե համաձայնագրի տնտեսական մասը բավական սահմանափակ է, ապա քաղաքականին վերաբերող կետերն ինչպե՞ս կգնահատեք. կարո՞ղ ենք համեմատել 2013 թվականի համաձայնագրի հետ:

Համաձայնագրի տեքստը օրերս է հրապարակվել եւ այն մանրամասնորեն ուսումնասիրելու համար ժամանակ է պետք: Առավել եւս բարդ է այն համեմատել նախորդի հետ, որը չի հրապարակվել: Կարող եմ միայն ասել, որ նախորդի համեմատ այն ծավալով գրեթե 8 անգամ փոքր է (որքանով որ ինձ հայտնի է նախորդի ծավալը): Միայն Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ հատվածը շուրջ 2000 էջ է ունեցել, իսկ այս մեկի ծավալը չի հասնում 400 էջի: Ամեն դեպքում, որքանով հասցրել եմ ծանոթանալ այս համաձայնագրի տեքստին, ձեւակերպումները բավական մեղմ են, հաճախ` որեւէ բանի չպարտավորեցնող: Օրինակ՝ միջազգային քրեական դատարանին միանալու մասով կա ընդհանուր մոտեցման արձանագրում, բայց որեւէ պարտավորություն չկա, նույնը եւ մի շարք այլ՝ այդ թվում մարդու իրավունքների ոլորտին վերաբերող հարցերի կտրվածքով: Այնպես որ, ընդհանուր առմամբ, կարող եմ գնահատել այս համաձայնագիրն ավելի շատ հերթապահ, բավականաչափ թույլ եւ խիստ սահմանափակ փաստաթուղթ: Տարօրինակ չէ, որ Մոսկվան իր համաձայնությունը տվել է այն ստորագրելու, եթե, իհարկե, վերջին պահին նորից չփոշմանի: Սակայն մի արժեքավոր դրույթ հատկապես կուզեի արձանագրել. դա 366-րդ կետն է, որում հատուկ ուշադրություն է դարձված այս համաձայնագրի իրագործման հարցում քաղաքացիական հասարակության՝ այդ թվում Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային ծրագրահենքի (պլատֆորմի) դերին, ընդ որում հստակ նշված են կողմերի, այսինքն` նաեւ Հայաստանի իշխանությունների պարտավորությունները՝ ոչ միայն պարբերաբար հանդիպելու քաղհասարակության ներկայացուցիչներ հետ ու նրանց տեղյակ պահելու համաձայնագրի կատարման ընթացքի մասին, այլեւ ներգրավելու նրանց ներդրումն այդ գործում: Սա կարեւոր է այնքանով, որ եթե, ի վերջո, համաձայնագիրն ուժի մեջ մտնի` այն իրականացնելու ընթացքի համար կապահովվեն որոշակի թափանցիկություն ու վերահսկելիություն քաղաքացիական հասարակության եւ ժողովրդի կողմից:

- Շնորհակալություն պարզաբանումների համար:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.