Friday, 29 March 2024

I Interview

Դանիել Իոաննիսյան. «Բարեփոխումների իմիտացիայի ահռելի ալիք կլինի ԵՄ-Հայաստան պայմանագրի իրագործման շրջանակներում»

User Rating: 5 / 5

Star ActiveStar ActiveStar ActiveStar ActiveStar Active
 
«Հայացք Երեւանից» կայքէջի զրուցակիցն է Իրազեկ քաղաքացիների միավորման ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանը:

- Պարոն Իոաննիսյան, ըստ տարբեր հետազոտական շրջանակների, նոյեմբերի 24-ին ստորագրված Հայաստան-ԵՄ համաձայնագիրը նկատելիորեն թույլ եւ չափավոր է, ինչում անմասն չէ նաեւ ռուսական կողմը: Ինչ եք կարծում, այն ունի՞ բավականաչափ կենսունակություն` ազդելու Հայաստանի թե´ քաղաքական, թե´ տնտեսական ուղեգծի վրա:

- Տեսեք, համաձայնագրի տնտեսական հատվածը բավական համեստ է, եւ դա պայմանավորված է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ: Քաղաքական մասով, կարծես թե, արմատապես չի տարբերվում այլ երկրների հետ Եվրամիության ստորագրած ասոցացման համաձայնագրերից, այսինքն` շատ սկզբունքային տարբերություններ, ասենք, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի նմանատիպ փաստաթղթերից չկա: Տարբերությունները գերակշռում են տնտեսական բլոկում` չնայած, հանուն արդարության, պետք է ասել, որ անգամ տնտեսական հատվածի այդ համեստ կարգավորումներն ու դրույթները բավական լավն են: Օրինակ՝ կոնյակի անվանման հետ կապված դրույթը, որը երկար ժամանակ է ընձեռում Հայաստանին, որպեսզի այդ արտադրատեսակի ռեբրենդինգ տեղի ունենա եւ այլն: Ինչ վերաբերում է ռուսական գործոնին` ասեմ, որ համաձայնագիրն ինքնին ՀՀ-ում բարեփոխումներ չի երաշխավորում, ուղղակի հնարավորություն տալիս է, որպեսզի իրականացվելիք բարեփոխումների վրա քաղաքացիական հասարակությունն ավելի մեծ ազդեցություն ունենա: Այսինքն` սա մեզ համար լավ հնարավորություն է ավելի շատ լծակներով իշխանություններին ստիպելու առաջ գնալ, իսկ իշխանությունների համար` օգտվելու Եվրամիության աջակցությունից: 

- Քաղաքացիական հասարակության մասով հնարավորություն ասելով` նկատի ունեք կոնկրետ գործիքակա՞զմ, թե վերահսկողական մեխանիզմ-լծակ, որն, օրինակ, առկա է Ուկրաինայի դեպքում: Թե՞ այս կետը նույնպես համաձայնագրով նախատեսված հանձնառությունների շարքից է:

- Քաղհասարակությունը, բնականաբար, ինքնուրույն բարեփոխում չի կարող իրականացնել, նա պետք է պահանջի իշխանություններից` իրականացնել այն, վերահսկի, թե ինչպիսին է կատարման ընթացքը, օգտագործի իշխանությունների վրա ազդելու ժողովրդավարական միջոցների ողջ զինանոցը, ստիպի ժամանակին ու անթերի կենսակոչել խոստացածը: Այդ լծակներն այս համաձայնագրով ավելացել են: Քաղհասարակությունը մինչ այդ էլ էր պահանջում, եւ պահանջների մասով բան չի փոխվելու: Հիմնականում ավելացել են լծակները: Օրինակ` իշխանությունները հիմա պարտավորված են քաղաքացիական հասարակության հետ պարբերաբար քննարկել համաձայնագրի իրագործումը եւ, երկրորդ, ավելի շատ հնարավորություններ են բացվել եվրոպական կողմի միջոցով Հայաստանի իշխանություններին ստիպել իրական բարեփոխումներ կատարել` առանց աչքակապության: Ես մեծ գաղտնիք չեմ բացի, եթե ասեմ, որ շատ ռեֆորմների մենք կարողացել ենք հասնել ոչ թե ուղիղ լոբբինգի միջոցով, այլ ԵՄ-ի միջնորդավորվածությամբ: Այսինքն` բացատրել ենք ԵՄ-ի մեր գործընկերներին, որ տվյալ բարեփոխումները չափազանց կարեւոր են Հայաստանի համար, Եվրամիությունն էլ, թող կոպիտ չհնչի, ասել է իշխանությանը` ուզում եք ստանալ բյուջետային աջակցություն, ուրեմն իրականացրեք այսինչ-այնինչ ռեֆորմները: Հիմա այսօրինակ լծակները շատանում են: Ես, իհարկե, շատ կուզեի, որ կարողանայինք ուղղակիորեն Հայաստանի իշխանությունների հետ աշխատել եւ հասնել մեր առաջարկների կատարմանը: 

- Հաշվի առնելով Ուկրաինայի եւ Մոլդովայի` ինչ-որ իմաստով ոչ այնքան հաջող զարգացումները ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո, ԵՄ-ում ի՞նչ ակնկալիքներ ունեն Հայաստանից: Այսինքն` այն հանձնառությունները, որ Հայաստանի իշխանությունները ստանձնեցին այս համաձայնագրով, արդյո՞ք կամք կդրսեւորվի դրանց իրականացման համար, թե ժամանակի ընթացքում ականատես կլինենք նույն չիրականացված խոստումներին, ինչը նախընտրական հավաստիացումների պես սնամեջ մի բան կհիշեցնի:

- Մոլդովայի եւ Ուկրաինայի փորձերը, անշուշտ, ինչ-որ տեղ անպտուղ դուրս եկան, որովհետեւ Մոլդովայում փաստացի գործ ունեինք եվրոպամետ, բայց կոռումպացված իշխանության հետ, ինչը զգալապես արժեզրկեց եվրաինտեգրման գաղափարը, իսկ Ուկրաինայում մասամբ տեղ գտան բարեփոխումների տապալման դեպքեր, թեպետ, պետք է ասել, Եվրաինտեգրմանը զուգահեռ, եղան նաեւ հաջողված բարեփոխումներ, մասնավորապես նկատի ունեմ «Եվրամայդանից» հետո հակակոռուպցիոն բյուրոյի կամ ապակենտրոնացման մոդելի օրինակները: Չնայած նույն Ուկրաինայում բավական խնդիրներ կան, ասենք, դատաիրավական բարեփոխումների հետ կապված եւ այլն: Այնտեղ հետաքննչական մարմինները վատ չեն աշխատում կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարի ճակատում, բայց դատարանները հետո բացահայտված կոռուպցիոներներին ազատ են արձակում: Հայաստանի հետ կապված` տարբերությունն այն է, որ մեզանում շատ լավ են մասնագիտացած բարեփոխումների նմանակման ուղղությամբ: Այսինքն` իրականում չկատարել խորքային բարեփոխումներ, բայց տպավորություն ստեղծել, թե այս կամ այն ոլորտն արմատապես բարենորոգված է` սկսած դատաիրավական համակարգից, վերջացրած ոստիկանության ոլորտի «ռեֆորմներով»: Այնպես որ, մենք պետք է չթուլացող վերահսկողության տակ պահենք, թե ինչքանով է բարեփոխումն իրական եւ ինչքանով` իմիտացիա, ու այդ ամենը «ջրի երես» հանենք: Սա իրականում շատ կարեւոր է: Նմանակման կուլմինացիան մեզանում, թերեւս, Ընտրական օրենսգիրքն էր, որը, կարծես թե, քաղհասարակության եւ ընդդիմության հետ քննարկվեց, կարծես թե, բազմաթիվ պահանջ-առաջարկներ տեղ գտան Ընտրական օրենսգրքում, սակայն արդյունքում իշխանությունը հասավ ընտրություններում իր ցանկալի արդյունքին: Բնականաբար` ոչ ժողովրդավարական ճանապարհով, բայց արդեն «լավ» Ընտրական օրենսգրքով: Այս հարցում իշխանություններն, իրոք, շատ հմուտ են, եւ կարծում եմ` բարեփոխումների իմիտացիայի ահռելի մի ալիք կլինի այս պայմանագրի իրագործման շրջանակներում: Հենց դա է, որ մենք պարտավոր ենք կանխարգելել:

Հարցազրույցը վարեց
Գեւորգ Ղահրամանյանը

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.