Friday, 29 March 2024

I Interview

Հրայր Մանուկյան. «Ազգայնականությունը ժողովուրդներին ստրկացնելու ու թալանելու գործիք է»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 
«Հայացք Երեւանից» կայքէջի զրուցակիցը հասարակական ակտիվիստ Հրայր Մանուկյանն է:

- Պարոն Մանուկյան, Ձեր վերջին հրապարակման մեջ նշել եք, որ ազգայնականության եւ ժողովրդավարության միջեւ հակասություն կա, քանի որ ազգայնականությունը, ըստ Ձեզ, սահմանափակում է քաղաքացու ազատությունները։ Ինչքանո՞վ է սա վերաբերում Հայաստանին։

- Հայաստանում տարածված ազգայնական գաղափարները գրեթե ոչնչով չեն տարբերվում աշխարհին արդեն հայտնի ազգայնականությունից։ Հայկական ազգայնականությունն այն քննադատողների համար նույնիսկ ավելի «ցցուն» եւ ավելի անընդունելի տարբերակով է հանդես գալիս։ Խորքային գաղափարն այն է, որ հայը պետք է ծառայի հայկական ինքնության՝ արժեքների, ավանդույթների պահպանմանը եւ, առհասարակ, Հայաստան պետությանը։ Այսինքն` ստացվում է, որ ոչ թե այդ արժեքներն ու պետությունն են հայի համար, այլ հակառակը՝ հայի կյանքի իմաստը հայկականությանը ծառայելն է։

Ի հակադրություն այս հայացքների, լիբերալ-դեմոկրատական պատկերացումներում բարձրագույն արժեքը անհատն է եւ նրա ազատությունները: Դրան են ծառայեցվում թե´ մշակույթը, թե´ ավանդույթները եւ թե´ պետությունն առհասարակ: Ըստ այդ պատկերացումների՝ պետությանը պետք է տալ բացառապես անհատի ազատություններն ու հավասարությունը պաշտպանելու առաքելություն։ Ազգայնականները, սակայն, գտնում են, որ պետությունը պետք է կատարի նաեւ այլ գործառույթներ՝ ինքնության պահպանությունից մինչեւ սահմանների մեծացում։ Եվ քանի որ պետությունը գործում է բացառապես ի հաշիվ անհատի ազատությունների, (համենայն դեպս՝ ըստ հասարակական դաշինքի տեսության), բնականաբար, պետք է այլ առաքելությամբ զբաղվելու համար սահմանափակի անհատի ազատությունները։ Տեսական այս պարզ եզրակացությունը բազմիցս հաստատվել է գործնականում։ Ե՛վ ֆաշիզմի, ե՛ւ նացիզմի դեպքերում անհատն ու նրա ազատությունները այնքան են ստորադասվում պետությանը եւ/կամ ազգային ինքնությանը, որ անհատը զրկվում է գրեթե բոլոր իր ազատություններից, ու նրա կյանքի իմաստը դառնում է պետությանը եւ/կամ ազգային ինքնությանը ծառայելը։

- Ինչո՞ւ են Հայաստանի իշխանություններն այսօր խրախուսում, քարոզում հենց ազգայնականությունը՝ իբրեւ կենսականորեն կարեւոր միակ գաղափարախոսություն Հայաստանի եւ հայ ժողովրդի համար:

- Հենց այն պատճառով, որ ազգայնականությունը սահմանափակում է քաղաքացիների ազատությունները եւ դրա հաշվին ավելացնում իշխողների կամայականությունների ու հարստանալու ազատությունը։ Բանաձեւը հետեւյալն է. որքան քիչ ազատություններ անհատին, այնքան շատ ազատություններ պետությանը։ Իսկ քանի որ Հայաստան պետությունն այսօր իշխողները դարձրել են իրենց սեփականությունը, ավելի շատ ու մեծ առաքելությամբ պետություն` նշանակում է ավելի շատ կամայականություններ ու հարստություն (քաղաքացիների հաշվին) հենց իրենց համար։

- Որքանո՞վ է իշխանություններին հաջողվում հասնել իրենց նպատակներին՝ ազգայնականության գաղափարների ընդունմանը հասարակության լայն շրջանակների կողմից։

- Կարծում եմ` դժվարությամբ, բայց հաջողվում է, եւ գլխավորապես` ԼՂ խնդրի շահարկման պատճառով։ Լարվածությունը սահմանին ինքնին ազգայնական տրամադրությունները խթանող գործոն է՝ առանց իշխանությունների ջանքերի։ Իշխանություններն ուղղակի ամեն ինչ անում են՝ Արցախի հարցը ներկայացնելու ոչ թե որպես ազատությունների ու հավասարության երաշխիք, այլ որպես ազգային ինքնության կամ հայկական պետությունների «հզորացման» միջոց։ «Հզոր» ասելով, անշուշտ, հասկացվում է պետության ռազմական հզորությունը կամ Ադրբեջանին ինչ-որ բան պարտադրելու ներուժը, այլ ոչ թե այն, որ Արցախի ու Հայաստանի բնակչությունն ապրի ավելի ազատ, հավասար ու արժանապատիվ կյանքով։ Իրենց քարոզած «հզորացումը», իհարկե, ժամանակակից աշխարհակարգում չի ստացվում, եւ Հայաստանը չի կարող Ադրբեջանին լուրջ բաներ պարտադրել։ Սա Հայաստանի իշխանությունները շատ լավ գիտեն։ Բայց քանի որ նրանց համար առաջնայինը իրենց իշխանությունն «ըմբոշխնելն» ու անձնական բարեկեցությունն է, նրանք կշարունակեն քարոզել ազգայնականություն, որը ժողովրդին ստրկացնելու ու թալանելու գործիք է։

Հարցազրույցը վարեց
Գեւորգ Ղահրամանյանը

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.