Շաբաթվա անցուդարձը մեկնաբանությամբ
Նոր տարվա՝ 2026-ի նորամուտի ամանորյա ուղերձների շուրջ բանավեճերը դարձան հունվարի առաջին օրերի առանցքային թեման: Տարեմուտի յուրահատկությունն այն էր, որ Վեհափառ Հայրապետն ու Հայաստանի Հանրապետության ղեկավարը հանդես եկան տարբեր հեռուստաալիքներով, ընդ որում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 20-րդի խոսքն ընկալվեց մեծապես դրական լույսի տակ, իսկ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանինը՝ մեծապես բացասական: Մոտավորապես պահպանվեց եկեղեցի-իշխանություն երկու ներհակ ինստիտուտների նկատմամբ հանրության մեջ առկա ընկալումների հարաբերակցությունը` հօգուտ եկեղեցու:
Հանրային հեռուստաընկերությունը նախօրեին հրապարակել էր Ամանորի ծրագիրը, որտեղ կաթողիկոսի ուղերձն ընդգրկված չէր: Համաձայն Հանրայինի կայքում տեղադրված դեկտեմբերի 31-ի եթերացանկի՝ ժամը 22-ի հատվածում ուղերձներ էին հղելու նախագահն ու խորհրդարանի խոսնակը, իսկ 23:40-ին նախատեսված էր միայն վարչապետի ուղերձի հեռարձակումը: Հիշեցնենք, որ նախորդ երկու տարիներին Հանրայինը հրաժարվել էր կաթողիկոսի ուղերձը երկրի ղեկավարի շնորհավորանքից առաջ հեռարձակելու՝ երկար տարիների ավանդույթից: Մայր Աթոռին միշտ առաջարկվում էր Վեհափառի խոսքը եթեր հեռարձակել ժամը 22-ի հատվածում, սակայն Էջնիածինը մերժում էր այս առաջարկը:
Տասնամյակներ շարունակ Ամանորի գիշերը երկրի ղեկավարի ելույթին նախորդել է կաթողիկոսի ելույթը: Հավանաբար՝ Փաշինյանի պատվախնդրությունը խոցվում էր, որ ինքը՝ լինելով պետության ղեկավար, Վեհափառ Հայրապետից հետո պիտի մոտենա ամբիոնին՝ ժողովրդին հասցնելու Ամանորի կապակցությամբ իր ասելիքը: Փաշինյանի պես ինքնասիրահարված, հավակնոտ ու չտես պաշտոնյայի համար դա ստորացուցիչ էր, եւ նա այդ «ստորացումն» այլեւս չէր կարող կուլ տալ, ուստի հրահանգել էր Հանրայինի ղեկավարությանը, որ հետայսու Ամանորի գիշերը՝ որպես ժողովրդի կողմից ընտրված վարչապետ, ինքն է առաջինը մտնելու եթեր ու հրապարակելու իր ուղերձը ժողովրդին:
Այժմ կանդրադառնանք այս տարեմուտի վերոնշյալ երկու ուղերձներին՝ փորձելով համեմատության սկզբունքով շատ հակիրճ դիտարկել դրանցում ներկայացված նյութի էական շեշտադրումները: Եվ այսպես՝ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեքստում գերակշռում են ոչ միայն խաղաղության, համերաշխության, հայրենանվիրումի, եղբայրասիրության, ներողամտության, փոխադարձ հարգանքի, հանդուրժողության ու սիրո գաղափարները, այլեւ մտահոգությունները հանրության մեջ տեղ գտած տագնապալի իրադարձությունների՝ պառակտումների, ատելության, եղբայրադավության եւ այլ մերժելի իրողությունների համար:
«Ազգը զորեղ է եւ պետությունն՝ անսասան, երբ անխաթար են նվիրական արժեքները, ավանդույթներն ու նախնյաց ժառանգությունը, երբ որեւէ պատրվակով չի ձեւախեղվում պատմական հիշողությունը, կասկածի տակ չի դրվում մեր Սուրբ Եկեղեցու բազմադարյա առաքելությունը»,- իր ուղերձում բանաձեւում է Վեհափառ Հայրապետը՝ նկատելով, որ այսօր ընդդեմ Եկեղեցու կատարվող պառակտիչ գործողությունները չունեն արդարացում: Եկեղեցին, ըստ Վեհափառի, չի պատկանում որեւէ դարաշրջանի, որում ապրում է, այլ միայն՝ Քրիստոսին. «Առաքելահիմն Հայոց Եկեղեցին Քրիստոսահաստատ Սբ. Էջմիածնով Երկնավորի շնորհն է մեր ժողովրդին` ազգանվեր, հայրենաշեն ու հայապահպան իր ծառայությամբ»,- պարզաբանում է Կաթողիկոսը:
Վերջում նա հայրապետական իր հորդորն է հղում՝ հավատավոր հայ ժողովրդին՝ կոչ անելով աներեր պահել մեր հավատը, դժվարություններին արիաբար դիմակայելու կամքը, թույլ չտալ, որ անցնող տարվա փորձությունները կարծրացնեն մեր սրտերը, տկարացնեն մեր հույսը եւ թուլացնեն մեր ազգային ոգին։ «Աննվազ նախանձախնդրությամբ գործենք՝ հանուն արցախահայության իրավունքների պաշտպանության եւ Բաքվում անմարդկային նվաստացումների ենթարկվող հայրենակիցների ազատ արձակման։ Սերն առ հայրենին, առ մեր ժողովուրդը եւ մայր եկեղեցին դարձնենք առանցքը մեր կյանքի, ներշնչող ուժը խիզախումների ու հանձնարարությունների, իմաստավորումը՝ ամեն զոհողության»,- ուղերձն ամփոփել է Ծայրագույն պատրիարքը։
Հիմա կբերենք մի քանի դիտարկում Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձից, եւ դուք կհամոզվեք, որ այն, առանց չափազանցելու, կարող է ծառայել որպես ձեռնածությունների, կեղծիքների ու խեղաթյուրումների յուրօրինակ հավաքածու: Ի՞նչ է ասում Փաշինյանը: Նա պնդում է, որ «դարակազմիկ փոփոխություններ» են տեղի ունենում մեր տարածագոտում: Եվ որո՞նք են այդ փոփոխությունները՝ կհարցնեք դուք: Պարզվում է՝ անկախությունից ի վեր առաջին անգամ Ադրբեջանի տարածքով գնացքները բեռներ են բերում Հայաստանի Հանրապետություն: Ասել է թե՝ «Ադրբեջանի հետ երկկողմ առեւտրի առաջին նշաններն են ի հայտ գալիս, ապրանքի ձեռքբերման առաջին խոշոր դեպքերն են արձանագրվել»:
Երբ երկրի ղեկավարը ոչինչ չունի իր ժողովրդին ներկայացնելու՝ ոչ մի հաղթանակ, սոցիալ-տնտեսական ոչ մի նվաճում, գիտատեխնիկական ոչ մի առաջընթաց, իհարկե, նրա համար մի քանի գնացք ղազախական 4-րդ, 5-րդ կարգի ցորենը կամ ադրբեջանական բենզինը «դարակազմիկ» իրադարձություն համարելը զարմանալի չէ: Ամեն դեպքում Ալիեւն իրեն շոյված կզգա հայ գործընկերոջ հաճոյախոսությունից: Ինչո՞ւ չէ, Էրդողանը՝ նմանապես: Փաշինյանն իր երկարաշունչ ուղերձում հպարտանում է մեր պարտությամբ, հավատարմության երդում է տալիս թուրք-ադրբեջանական զույգին՝ ակնկալելով նրանցից աջակցություն՝ իր իշխանության վերարտադրման հարցում։
ՀՀ-ում վարչապետ աշխատող անձը քանիցս նշել է եւ ամանորյա ուղերձում էլի կրկնեց, որ հետանկախական շրջանում ՀՀ-ն «երբեք այսքան ինքնիշխան, անվտանգ չի եղել, որքան Արցախն Ադրբեջանին հանձնելուց հետո»: Այս տրամաբանությունը կարելի է շարունակել՝ ընդգծելով, որ հետանկախական շրջանում ՀՀ-ն երբեք այսքան ինքնիշխան չի եղել, որքան՝ ա/ տարբեր ոլորտներում միակողմանի զիջումներից հետո; բ/ որքան Սոթքից, Ջերմուկից, Սեւ լճից եւ այլ տարածքներից 240 ք/կմ հատվածներ տալուց հետո; գ/ որքան Ալիեւին անկլավներ, ռազմավարական բարձունքներ, ճանապարհներ նվիրաբերելուց հետո; դ/ որքան Մեղրու միջանցքը Թուրքիայի եւ Ադրբեջանի տրամադրության տակ դնելուց հետո, եւ այդպես շարունակ:
Փաշինյանը զարմանահրաշ մի կարողություն ունի. նա ի զորու է պարտությունը մատուցել որպես հաղթանակ, ձախողումը՝ հաջողություն, թերությունը՝ առավելություն, զիջումը՝ ձեռքբերում եւ այլն: Զիջումների թեման, ի դեպ, առանցքայիններից էր նրա ամանորյա ուղերձում, որտեղ շեշտում է, թե 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայի հայտնի հայտարարությունն ինքը չի արել որպես զիջում, ինչպես փորձում են ներկայացնել. «Դրան գնացել եմ որպես ՀՀ-ի գիտակցված շահերից բխող կենսական անհրաժեշտություն»,- ասել է նա՝ շարունակելով. «ճշմարտությունն այն է, որ մենք բացարձակապես ոչ մի զիջման չենք գնացել, մենք գնացել ենք մեր պետության հարատեւության օրակարգի հետեւից»։
Ուղերձի վերջաբանը լի է սին խոստումներով, որոնց ոչ ոք արդեն վաղուց չի հավատում: Բայց վստահեցնում է, թե 2026-ին արտահայտվելու է ՀՀ-ի միջազգային հեղինակության վերելքը. «2026-ը տնտեսական ու ներդրումային մեծ աշխուժություն է խոստանում,- ասել է նա,- որովհետեւ մեկնարկելու է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարեկեցության» նախագծի իրագործումը, որը կինստիտուցիոնալացնի Հայաստանի Հանրապետության ապաշրջափակումը»: Միաժամանակ ընդգծում է, որ 2026 թվականի կարեւորագույն իրադարձությունը հունիսին կայանալիք ԱԺ հերթական ընտրություններն են, որտեղ ՀՀ քաղաքացին «անշրջելիորեն տեր կանգնի իր ստեղծած խաղաղությանն ու իր վերահաստատած պետությանը»։
Ելույթի ամենավերջում կրկին հավաստիացնում է, որ 2026-ը լինելու է համախմբման ու միասնության տարի. «Ընտրությունները կլինեն ազատ, արդար, ժողովրդավարական, եւ ժողովուրդը կհաղթի, Հայաստանի Հանրապետությունը կհաղթի։ Ապագան կհաղթի, որն այսօր է, այստեղ է, հիմա է»,- խոստանում է նա։ Է՛հ, որչա՜փ նման խոստումներ են տրվել ու հօդս ցնդել՝ ժողովրդի տառապանքը փորձ ունի: Համախմբո՜ւմ, միասնությո՜ւն, ազատ, արդար ընտրություննե՜ր, ժողովրդավարությո՜ւն… այսօրինակ հասկացությունները խորթ են Փաշինյանի համար, դրանց հականիշները՝ սրտամոտ ու հարազատ: Այդպես էլ պետք է իր ասածները հասկանալ եւ մերժել:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին հունվարի 6-ին նշեց Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը: Իշխանության թիրախում հայտնված Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Սուրբծննդյան պատարագը մատուցեց Էջմիածնի Մայր Տաճարում: Կաթողիկոսի հեռացումը պահանջող վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ մի քանի թիմակիցների հետ Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում էր մասնակցում պատարագի: Վեհափառ Հայրապետը պատարագի ժամանակ հայտարարեց. «Մեր Սուրբ եկեղեցին շարունակում է ենթարկվել բռնաճնշումների: Այս իրավիճակը լուրջ հարված է մեր ազգի ու պետության հեղինակությանը, եւ խորը վերք՝ հասցված համայնքներին ու հավատացյալներին»: Տոնի առիթով նախօրեին Էջմիածնի Մայր Տաճարում մատուցվել է Ճրագալույցի պատարագ։ Պատարագիչն էր Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը։
Լեռնային Ղարաբաղի վերջին նախագահը հունվարի 8-ին դատարանում մեկ անգամ եւս պնդել է, որ պատմաբան Նժդեհ Հովսեփյանն ու Կրթության եւ գիտության նախարարությունը զրպարտել են իրեն, երբ Հայոց պատմության 9-րդ դասարանի դասագրքում իրեն են վերագրել Ղարաբաղի լուծարումը: Դասագրքի այս մասի հեղինակ Նժդեհ Հովսեփյանն, իր հերթին, հակառակն է ներկայացրել, հիշեցրել, որ իր աղբյուրը եղել է Արցախի տեղեկատվական շտաբը, որն էլ 2023-ի սեպտեմբերին հրապարակել էր Շահրամանյանի հրամանագիրը: Երեւանի քաղաքացիական դատարանը հունվարի 8-ին ավարտեց այս քննությունն ու անցավ խորհրդակցական սենյակ: Ինքը՝ Շահրամանյանը, այսօր չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին: Վճիռը կհրապարակվի 15 աշխատանքային օրից՝ գրավոր ընթացակարգով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկող ծառայողական մեքենայի համարանիշերը կփոխվեն. որոշումն ընդունվեց գոծադիրի հունվարի 8-ի նիստում։ Ներկայում Փաշինյանին սպասարկող մեքենայի համարանիշը բաղկացած է ՀՀ եռագույնից եւ 001 ՍՍ հինգ նշաններից։ ՆԳՆ-ն ուսումնասիրել է Շվեդիայի եւ Իսլանդիայի փորձը, եզրակացրել, որ «պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց սպասարկող տրանսպորտային միջոցների դեպքում շատ հաճախ գործում է ստանդարտից հստակ տարբերվող կանոն»։ Նոր փոփոխությամբ համարանիշը բաղկացած կլինի եռագույնից եւ 1 թվից։ «Որոշակի ինդիկացիա է եղել, որ գործող համարանիշի վրա գրվող ՍՍ տառերը արձանագրվել են որպես Սերժ Սարգսյանի անվանատառեր»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Փաշինյանը:
Հինգշաբթի Երեւանում էր Իրանի ԱԳ փոխնախարար Մաջիդ Թախթ-Ռեւանչին: Ըստ հայկական կողմի հաղորդագրության՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման շուրջ։ Միրզոյանն ընդգծել է Երեւանի հստակ դիրքորոշումը, որ ապաշրջափակումը տեղի է ունենալու հիմնարար սկզբունքների շրջանակում, անդրադարձել է այդ ուղղությամբ մշակվող ծրագրերին եւ ընձեռնվող հնարավորություններին։ Թեհրանը դեռ չի հաղորդել իրանցի դիվանագետի երեւանյան հանդիպումների մասին: Նախօրեին միայն նշվել էր, որ Մաջիդ Թախթ-Ռեւանչին Երեւանում քննարկելու է այդ թվում՝ տարանցիկ, տրանսպորտային ոլորտում հարաբերություններն ու Հարավային Կովկասում խաղաղության թեման: Մանրամասներ չհաղորդվեցին:

