Monday, 28 April 2025

W Weekly Update

8-15 մարտի 2025թ.

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Պաշտոնական մեկնարկը դեռ չհայտարարված՝ «Քաղպայմանագիր»-ը, փաստացի, սկսել է Գյումրու եւ Փարաքարի համայնքներում ավագանու՝ մարտի 30-ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախապատրաստությունները: Մարտի 9-ին Նիկոլ Փաշինյանը որոշեց անձամբ մասնակցել նախընտրական արշավների կազմակերպական փուլին եւ բոլոր նախադրյալներն ու երաշխիքները ստեղծել՝ ապահովելու համար իշխող քաղաքական ուժի անառարկելի հաղթանակը, ինչը մասնավորապես ՀՀ երկրորդ խոշոր քաղաքում խիստ թեական է՝ հաշվի առնելով գյումրեցիների նախընտրական տրամադրությունները:

Ինչպես հայտնի է, Գյումրիում իշխանության՝ քաղաքապետի թեկնածուն ժամանակին «Լուսավոր Հայաստան»-ի ցուցակով ԱԺ պատգամավոր դարձած Սարիկ Մինասյանն է, որը 2024թ. դեկտեմբերի 10-ին ՔՊ-ի անցկացրած եռօրյա «փրայմըրիզի» հաղթողն է: Այդ օրվա դրությամբ նա անկուսակցական էր եւ ղեկավարում էր Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի տարածքային կենտրոնը: Իսկ դրանից ընդամենը 5 օր անց, երբ արդեն նշանակվել էր Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ՔՊ-ին անդամակցելու դիմում ներկայացրեց՝ անշուշտ Փաշինյանի հորդորով: Հասցրեց նույնիսկ «խմբագրել» Ֆեյսբուքում 2021թ. հունիսին ՔՊ-ի դեմ զետեղած իր գրառումը:

Հետաքրքիր է՝ կադրային աղքատիկ զինանոցի առումով այս ի՞նչ օրի է հասել ՔՊ-ական իշխանությունը, որ մնացել է ԼՀԿ-ի, ՀՀԿ-ի եւ չգիտես էլ ում «տարած-ետ բերած» Սարիկի հույսին, որին մի կերպ դզել-փչելով՝ յուրային են դարձնում, այսինքն՝ իրենց «պոլի փետը»: Ինչ ասել կուզի՝ «Քաղպայմանագրի» վիճակն օրհասական է. Գյումրիում՝ սկսած անցյալ տարվա աշնանից, ինչեր ասես, որ չեն արել փաշինյանականները՝ իշխանությունը վերցնելու համար, բայց չեն հաջողել: Այն բռնաճնշումներն ու ապօրինությունները, որ ՏԻՄ ընտրություններում համատարած կիրառել եւ կիրառում է Հայաստանում կառավարման լծակներին առայժմ տիրապետող քաղաքական ուժը, աննախադեպ են:

Գյումիում ունեցած ելույթի ժամանակ Փաշինյանը մատնում էր ներքին տվայտանքները. նա խիստ ջղաձգված ու անհանգիստ էր, անիմաստ շարժումներ էր անում: Այդպիսի հոգեվիճակում չէր կարող չանդրադառնալ «նախկիններին», որ միշտ իր փրկօղակն են: Այդ օրը եւս բացառություն չեղավ: Առաջինը հնչեցրեց ՀՀ երկրորդ նախագահի անունը, որից ամենաշատն է վախենում: Խոսեց թալանի, կոռուպցիայի մասին եւ այդ համատեքստում «թարմացրեց» Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շուրջ իր հորինվածքները: Ասում են՝ ելույթի պահին դահլիճում ոչ մի գյումրեցի չի եղել, մարդիկ հոգնել են նրա ստերից, չեն ուզում լսել. այդ անձը խոստացել էր թալանածը հատիկ առ հատիկ ետ բերել՝ չբերեց, կոռուպցիան արմատախիլ անել՝ չարեց եւ այլն:

Փոխարենը ինքն ու իր թիմակիցները մինչեւ կոկորդները խրվեցին կոռուպցիայի եւ թալանի ճահճում՝ փաստերը բազմաթիվ են: Բայց սա այլ խոսակցության նյութ է, դառնանք մեր թեմային՝ հակիրճ անդրադարձ կատարելով նաեւ Փարաքարում նախատեսվող ՏԻՄ ընտրություններին: Սա Արմավիրի մարզի խոշորացված համայնքներից է, ունի մոտ 30 հազար բնակիչ, համայնքապետի թեկնածուներ են առաջադրվել այն նույն անձինք, որոնք առաջադրվել էին համայնքի նախորդ ընտրություններում: «Քաղպայմանագրի» թեկնածուն նախկին համայնքապետ, այժմ համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Լյուդվիգ Գյուլնազարյանն է, որը հաղթել էր հունվարի 3-ին անցկացված նախնական ընտրություններում՝ «փրայմըրիզում»:

Սակայն անկախ դիտորդների կարծիքով՝ Գյուլնազարյանի շանսերը մեծապես զիջում են «Ապրելու երկիր» ընդդիմադիր կուսակցության անդամ Վոլոդյա Գրիգորյանին, որը նախորդ ընտրություններում ամենաշատ ձայնն էր ստացել՝ 10 մանդատ, առաջ անցնելով 6 մանդատ ստացած ՔՊ-ական Գյուլնազարյանից: Բայց նման դեպքերում իշխող ուժը ուրիշի հաղթանակն իրենով անելու ձեւը արագ գտնում է՝ իր ստացած 6 մանդատով նա միանում է 5 մանդատ ունեցող «Դավիթ Մինասյան» դաշինքին («Ազգային առաջընթաց») եւ որոշում են հերթով կառավարել համայնքը. Դավիթ Մինասյանը՝ 2.5 տարի, իսկ Լյուդվիգ Գյուլնազարյանը՝ լիազորությունների ժամկետի վերջին 5 ամիսը:

ՔՊ-ն, ի դեպ, գիտի նաեւ «վտանգավոր» հակառակորդին չեզոքացնելու մեկ այլ ձեւ՝ վերջինիս տեղեկատվական ահաբեկչության ենթարկելու տարբերակը, որի համար օգտագործվում են Փաշինյանների ընտանեկան «Հայկական ժամանակ» թերթի էջերը: Այն արդեն Վոլոդյա Գրիգորյանին ու նրա գլխավորած խմբակցությանը «մրոտելու» գործընթաց է սկսել: «ՀԺ»-ն չի շրջանցել նաեւ Վոլոդյայի՝ քրեական գործերով անցնող եղբոր՝ Պայքարի եւ հոր՝ Լեւոնի անունները: Եղբայրն այժմ կալանավորված է, իսկ հոր գործը դատարանում է: Պայքարը մեղադրվում է մահվան ելքով մի միջադեպի մասնակցություն ունենալու, իսկ հայրը, որ Մերձավան համայնքի երկարամյա ղեկավարն է եղել, 2007-2008-ին համայնքի բնակիչներ չհանդիսացող անձանց կեղծ քաղվածքներ տալու համար:

Սրանք սոսկ գործեր չեն, այլ «ռումբեր», որոնք մարտի 30-ի համար պահված են Վոլոդյայի գլխավերեւում եւ պայթելու են, եթե նա հանկարծ փորձի հրաժարվել իշխանության առաջարկած գործարքից: Իսկ գործարք հաստա՛տ առաջարկվելու է:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Ձայների գերակշիռ մեծամասնությամբ` 523 կողմ, 3 դեմ, 84 ձեռնպահ հարաբերակցությամբ, Եվրախորհրդարանը մարտի 13-ին հրատապ կարգով բանաձեւ ընդունեց Բաքվում պահվող հայերի, այդ թվում՝ Արցախի նախկին ղեկավարության մասին, կոչ անելով Ադրբեջանին նրանց անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակել։ Եվրոպական խորհրդարանի բոլոր խոշոր խմբակցությունների համատեղ փաստաթուղթն ընդգծում է՝ հայերի դեմ դատավարությունները կեղծ են, նրանք ենթարկվում են անմարդկային եւ նվաստացուցիչ վերաբերմունքի, այդ թվում՝ արգելված հոգեմետ միջոցներով:

Հայրենական կյանքի արտաքին եւ ներքին մարտահրավերները, Ադրբեջանում պահվող գերիների եւ Հայաստանի ժողովրդագրական խնդիրները քննարկման առարկա դարձան Գերագույն հոգեւոր խորհրդի (ԳՀԽ) ժողովում, որն աշխատանքներն էր սկսել մարտ 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Կաթողիկոսի նախագահությամբ անցկացվող ԳՀԽ ժողովին մասնակցում էր նաեւ Պոլսո Հայոց պատրիարքը: Քառօրյա ժողովի օրակարգում ընդգրկված էին Ազգային-եկեղեցական ժողովի կազմակերպական աշխատանքներին, Եկեղեցու հովվական, կրթական, կանոնական, վարչական, կարգապահական, սոցիալական ու Եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչված այլ հարցեր:

Հայաստան-Եվրոպայի խորհուրդ գործընկերությանը, կազմակերպության աջակցությամբ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր են քննարկել Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը եւ ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն մարտի 11-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ: «Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատմանն ու տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցերին»,- հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը: Այլ մանրամասներ պաշտոնական հաղորդագրությունում չեն հրապարակվում:

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը մարտի 12-ին դադարեցրեց հացադուլը նաեւ Ռուբեն Վարդանյանի կնոջ եւ քրոջ հորդորով՝ կոչ անելով ակտիվ գործողությունների: ՄԱԿ-ի ՀՀ գրասենյակից նա, մասնավորապես, պահանջեց Բաքվի իրենց գործընկերներին հորդորել ներկա գտնվել Վարդանյանի դատավարությանը եւ երկրորդ՝ հանրային պահանջ ներկայացնել Կառավարությանը՝ ակտիվ զբաղվել գերիների ազատ արձակման գործով: Թանդիլյանը մարտի 1-ից հացադուլ է սկսել Ազատության հրապարակում՝ ի պաշտպանություն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ու Բաքվում պահվող մյուս հայ գերիների։

Հայաստանը եւ Հնդկաստանն ունեն բազմաշերտ համագործակցություն, որը շարունակում է դինամիկ զարգանալ: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ երկուշաբթի օրը Նյու Դելիում ելույթ ունենալով Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում (ICWA): Միրզոյանը հանդիպում է ունեցել իր պաշտոնակցի՝ Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ, որի ընթացքում քննարկվել են երկու երկրիների միջեւ համագործակցության ու գործընկերային կապերի համապարփակ խորացման հարցեր: Անցած ամիս էլ Հնդկաստան էր մեկնել ՀՀ Պնախարար Սուրեն Պապիկյանը, հանդիպել իր պաշտոնակցի հետ եւ քննարկել պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

Գլխավոր դատախազությունը մարտի 12-ին դիմել է ԱԺ-ին՝ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու միջնորդագրով։ Ըստ այդմ՝ Գլխավոր դատախազությունը փաստական հիմքեր ունի Աղազարյանի նկատմամբ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու եւ պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու հոդվածներով քրեական հետապնդում հարուցելու համար: Մյուս պատգամավորի՝ Երեւանի նախկին քաղաքապետ Մարգարյանի դեպքում նշված են առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունների չարաշահման, պետական, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման հոդվածները:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.