Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ
Ամառվա առաջին քաղաքական շաբաթը թեւակոխեց ներհայաստանյան հարցերի հարցով՝ մարմա՞ն է գնում արդյոք Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, թե՝ ոչ: Իշխանական շրջանակներում մերթ ընդ մերթ տեսակետներ են հնչում, թե մայիսի 9-ից Երեւանում բազմամարդ հանրահավաքով մեկնարկած ու ցայսօր վարչապետի հրաժարականի պահանջով շարունակվող բողոքի զանգվածային գործողությունների թափը, իբր, գնալով մարում է: Այդ մասին հունիսի 3-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
«Իմ քաղաքական փորձառությամբ եւ այն ընթացքով, որ տեսնում եմ, երբ շատ հաճախ առաջնորդներն իրենք իրենց փակուղի են մտցնում, եզրակացություն ունեմ, որ Բագրատ Սրբազանի շարժումը մարում է»,- նշել է նա: Խորհրդարանական ընդդիմությունը, բնականաբար, համամիտ չէ այս գնահատականի հետ եւ գտնում է, որ «քաղաքական լավ մտածված, բազմաշերտ գործիքակազմ որդեգրելու պարագայում շարժումն ուղղակի դատապարտված է հաջողության»: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի այս համոզմունքը կիսում են ընդդիմադիր գրեթե բոլոր պատգամավորները:
Ակնհայտորեն շարժման մարման մասին իշխանականների խոսույթը պայմանավորված է քաղաքական մեծամասնության եւ նրան սպասարկող միջավայրի ինքնասփոփանքով ու ներքին վախերով: Ինքը՝ Բագրատ արքեպիսկոպոսը, հունիսի 4-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում իրեն հատուկ անմիջականությամբ հակադարձել է իշխող ուժի հայտարարություններին՝ ասելով. «Իրենք ինչո՞ւ են անհանգստացած՝ շարժումը մարում է, չի մարում, իրենց ի՞նչ գործն է»: Եվ իսկապես, եթե մարում է, պիտի որ ուրախ լինեն՝ իրենց ուզածն էլ հենց դա է, էլ ինչո՞ւ են այդքան մտահոգվում:
Պարզ է, թե ինչու. առնվազն կույր ու անզգա պետք է լինել՝ չտեսնելու-չզգալու տարբեր խավերի համախմբման իմաստով շարժման վիթխարի ներուժը, չնկատելու հանրային մեծացող աջակցությունն ու սպասումը եւ չգիտակցելու Հայաստանի աղետալի ընթացքը կասեցնելու՝ հանրային պատվերն ու համազգային շահագրգռությունը: Սակայն իշխանականների համար հեշտ չէ նայել ճշմարտության աչքերին: Նրանք համոզված են կամ այդպիսի պատրանք են ստեղծում, որ Փաշինյանի կառավարության դեմ հանրային ճնշում չկա, հետեւաբար՝ չեն պատրաստվում որեւէ մեկի հետ քննարկել կառավարության ղեկավարի հրաժարականի հարցը:
Այստեղ ՔՊ-ական խմբակի ներկայացուցիչներն ու պալատական սազանդարները չարաչար սխալվում են. նախ՝ կառավարության, մասնավորաբար Փաշինյանի նկատմամբ կա հանրային ճնշում, ուղղակի իշխանությանն առայժմ հաջողվում է դրա դեմ դուրս բերել բարձր վարձատրվող հազարավոր ու տասնյակ հազարավոր ոստիկաններ, սեւ եւ կարմիր բերետավորներ ու բիրտ ուժի, միջնադարյան վայրագությունների գործադրման միջոցով խանձարուրում խեղդել հանրային ընդվզումն ու ձեւացնել, թե ոչինչ չկա: Եվ երկրորդ՝ կառավարության ղեկավարի հրաժարականը ոչ թե քննարկման նյութ է, ինչպես թվում է ՔՊ-ին, այլ հանրային պահանջ, ընդ որում՝ հրամայական պահանջ, քանի որ այլընտրանքը պետականության կորուստն է:
Շաբաթվա ընթացքում Սրբազանի նախաձեռնությամբ կայացած (կամ չկայացած) տարաբնույթ միջոցառումները՝ այցերը ԱԳՆ, Քննչական կոմիտե, ՄԻՊ եւ պետական այլ հիմնարկներ, Գյումրիում, Վարդենիսում, Սոթքում տեղի ունեցած բավական մարդաշատ հանրահավաքները երկու կարեւոր արձանագրման են հանգեցնում՝ ա/ Շարժումը մարելու մասին տեսակետները խիստ չափազանցված են, ավելին՝ շարժումը գնում է ընդլայնման; բ/ ոստիկանական բռնությունների աննախադեպ սաստկացումը, որպիսին տեսանք ԱԳՆ շենքի առջեւ, իշխանության վախերի առհավատչյան է: Կառավարման համակարգի միջին ու միջինից ցածր օղակների իշխանավորների վարքագծում եւս տիրապետողը զբաղեցրած պաշտոնները կորցնելու վախն է:
Վախը չի շրջանցել անգամ սովորաբար «վախազդու» համարվող կառույցներին, որոնց հետ միջին վիճակագրական քաղաքացին նախընտրում է երբեւիցե գործ չունենալ՝ այդպիսիներից է, օրինակ, Քննչական կոմիտեն, որի՝ հանցագործության վերաբերյալ հաղորդագրություններն արդեն զավեշտի են հասնում: Հիշեցնենք օրեր առաջ «Հ1»-ով սփռված այդպիսի մի հաղորդագրություն՝ երկու արցախցու պատահական հեռախոսային խոսակցության գաղտնալսման հիմքով: Հեռախոսազրույցի բովանդակությունը ՔԿ-ն ներկայացնում է խայտառակ աղավաղված ձեւով՝ իբրեւ Սրբազանի կազմակերպած հանրահավաքներին դրամի դիմաց մասնակցող անձանց խոսակցություն, մինչդեռ զրույցը բոլորովին այլ թեմայի շուրջ է:
Քյարամյանական երեւակայություն պետք է ունենալ, որպեսզի իր դառը կյանքը ցավով նկարագրող բռնագաղթվածի անմեղ խոսքի մեջ «կրիմինալ» որոնել: Մարդն իր հագի 2.200 դրամանոց կոշիկի (Արցախի բարբառով՝ վննաման-Գ.Լ.) մասին է խոսում եւ համեմատում իր վիճակը անցած-գնացած ժամանակների հետ, երբ առնվազն 40 հազար դրամանոց կոշիկներ էր կրում: Ճիշտ է, «Հ1»-ը հայցեց հեռուստադիտողների ներողամտությունը, բայց դրանից շատ բան չփոխվեց, Քյարամյանի գրասենյակի հաջորդ հաղորդագրությունը պակաս նենգափոխված չներկայացրեց ԱԳ նախարարության շենքի մոտ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ձեռնարկած անհնազանդության գործողությունները:
Ըստ Քննչականի՝ «առերեւույթ զանգվածային անկարգությունների փաստով» քրեական վարույթ է նախաձեռնվել, 28 մարդ ձերբակալվել է: «Ակցիայի մասնակիցների շրջանակից նշված վայրում իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանների ուղղությամբ նետվել են քարեր, ջրով լցված տարաներ, ծխարձակող ճայթուկներ եւ այլ առարկաներ։ Այդ գործողությունների ժամանակ զանգվածային անկարգությունների մասնակիցներից ոմանք հնչեցրել են ՀՀ ԱԳՆ շենքը գրավելու կոչեր»,- ասված է ՔԿ-ի հաղորդագրությունում: Եվ էլի սրտաճմլիկ տողեր ծառայողական պարտքը կատարող «պուպուշ» ոստիկանների ու նրանց ուղղությամբ քարեր, ճայթուկներ եւ ջրով լի շշեր նետող «քըխ» ցուցարարների մասին:
Դե, ՔԿ-ն հո չէ՞ր ասելու, որ ոստիկանների «ծառայողական պարտքը» խաղաղ ցույցի մասնակիցներին ջարդուխուրդ անելն է կամ՝ հո չէ՞ր ասելու, որ ակցիայի մասնակիցների շրջանակից քարեր ու շշեր նետողները եւ, առավել եւս, ԱԳՆ շենքը գրավելու կոչեր հնչեցնողները իշխանության կողմից ցուցարարների շարքերում ներդրված մի քանի տասնյակ սադրիչներն են:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Հայաստան-Ֆինլանդիա հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր են քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ նախագահ Ալեքսանդր Ստուբը հունիսի 4-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ: Երկու երկրների ղեկավարները կարեւորել են տնտեսական գործակցության ընդլայնման ուղղությամբ հետեւողական քայլերի իրականացումը: Փաշինյանը եւ Ստուբն անդրադարձել են Հայաստան-ԵՄ համագործակցության խորացմանը, ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաեւ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցերի:
«Ազգային անվտանգության ծառայությունում ստուգմամբ տվյալներ չեն հայտնաբերվել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի՝ Կրեմլի գործակալ լինելու մասին»,- հունիսի 3-ին «Ազատության» հարցմանն ի պատասխան փոխանցել են ՀՀ դատախազությունից։ Ավելի վաղ Civic.am կայքի լրագրող Դավիթ Լեւոնյանն էր հայտարարել, թե Բագրատ արքեպիսկոպոսը ԿԳԲ գործակալ է, միլիոնավոր դոլարներ է ստացել Կրեմլից։ Տավուշի թեմն էլ իրավապահներից պահանջել էր քրեական պատասխանատվության կանչել կա՛մ Բագրատ Սրբազանին, կա՛մ լրագրողին՝ սուտ մատնության համար։
Հայաստանում տեղակայված Եվրամիության դիտորդները ոչ թե պաշտպանում են այդ երկրի սահմանները, այլ զբաղված են Ադրբեջանի, Իրանի եւ Ռուսաստանի դեմ հետախուզական տվյալների հավաքագրմամբ: Այս մասին ТАСС գործակալության հետ զրույցում հունիսի 4-ին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։ Բարձրաստիճան դիվանագետի խոսքով՝ «այն ռիսկերից շատերը, որոնց հիմա բախվում է Հայաստանը, կարելի կլիներ չեզոքացնել, եթե Երեւանը համաձայներ իրականացնել ՀԱՊԿ հովանու ներքո նախատեսված եւ իրավիճակի կայունացմանը միտված գործողությունների ծրագիրը»։ Այդ ծրագիրն, ըստ Գալուզինի, նախատեսում էր ռազմատեխնիկակական աջակցություն, դիտորդական առաքելության տեղակայում եւ սահմանապահ զորքերի մարզումներ:
Եվրամիությունը շարունակելու է ակտիվորեն նպաստել ՀՀ-ի հետ հարաբերությունների ընդլայնման օրակարգի լիարժեք իրացմանն ու կյանքի կոչմանը՝ հունիսի 4-ին Երեւանում Հայաստանի գործադիրի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության տնօրեն Միխայել Զիբերթը։ Ըստ հայկական կողմի՝ Զիբերթը ԵՄ անունից զորակցություն է փոխանցել Լոռու եւ Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների հետեւանքով զոհերի առթիվ եւ պատրաստակամություն է հայտնել՝ ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն վերականգնողական աշխատանքներում:
Բուլղարիա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 5-ին այցելել է Պլովդիվ քաղաքում բացված «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես։ ՊՆ լրատվական վարչության հաղորդագրության համաձայն՝ Պապիկյանը մասնակցել է ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը: Այնուհետեւ նախարարը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել սպառազինության ներկայացված ցուցանմուշներին, զրուցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների հետ։ Ցուցահանդեսի շրջանակում ՀՀ Պնախարարը նաեւ կարճատեւ զրույց է ունեցել Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւի հետ: