Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ
Հանրության եւ լրահոսի ուշադրության կենտրոնում շարունակում է ամենահրատապը մնալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած՝ «Տավուշը հանուն հայրենիքի» համազգային շարժման թեման: Հայաստանյան անկախ քաղաքագիտական-փորձագիտական շրջանակները, խորհրդարանական ընդդիմությունը եւ հասարակության գերակշիռ մեծամասնությունը դրական են գնահատում Սրբազանի հայրենասիրական ձեռնարկը, վստահում ու աջակցում են նրան՝ աներկբայորեն հավատալով Շարժման հաջողությանը: Անշուշտ, կան նաեւ հակառակորդներ՝ հանձինս ՀՀ իշխանությունների, ինչպես նաեւ թուրք եւ ազերի նիկոլասերների:
Այսպիսով՝ չհաշված բացառությունները, ընդհանուր տրամադրությունն այն է, որ Շարժումը դատապարտված է հաղթել, քանզի այլընտրանքը, բարձր հավանականությամբ, կարող է պետականության կորուստը լինել: Ազգադավ իշխանությունները մեր երկրի կործանման «ճանապարհային քարտեզի» բոլոր հիմնական քայլերը, կարծես թե, կատարել են, մնում են մի քանի ձեւական «շտկումներ»: Շատերը հստակ կամ, գոնե, մոտավորապես հասկանում են տեղի ունեցողը, բայց մի տեսակ կաշկանդված են: Ոմանք էլ,- սրանք ամենավախկոտներն են,- իրենք-զիրենք հանգստացնում են, թե որեւէ վտանգ չկա՝ պետությունը հո խաղալի՞ք չէ, որ ուզեն՝ կքանդեն, ուզեն՝ կհավաքեն:
Հաշվետու շաբաթը բավական հագեցած էր այցելություններով, հյուրընկալություններով ու շփումներով: Այդ ընթացքում Շարժումը համալրում ստացավ. նրան միացան նոր խմբեր ու անհատներ՝ արտախորհրդարանական ուժեր, արվեստի եւ մշակույթի գործիչներ, գիտակրթական համակարգի աշխատողներ եւ քաղհասարակության ներկայացուցիչներ: Շարժումը մարած տեսնելու՝ արայիկհարությունյանների երազանքը չիրականացավ: Վկան Հանրապետության հրապարակում հունիսի 9-ին եւ հունիսի 12-ին անցկացված երկու մեծ հանրահավաքներն էին: Առաջինում Բագրատ Սրբազանը մասնակիցներին ներկայացրեց 3 կարեւոր քայլ՝ նշելով դրանց հաջորդականությունը:
Մասնավորապես որոշվեց՝ ա/ տվյալ պահից սկսած 4 օր կամ 96 ժամ, առանց դադարի, մնալ փողոցում՝ ժողովրդի կամքը պատադրելու օրիշխանությանը. բ/ դիմել Ազգային ժողովին, որպեսզի ընդդիմադիրները հունիսի 11-ին ժամը 16:30-ին նախաձեռնեն նիստ՝ կառավարության հրաժարականի եւ նոր կառավարության ձեւավորման օրակարգով. գ/ «համաժողովրդական պահանջի հիման վրա ԱԺ-ն արտահերթ նիստով հավանություն է տալիս գործող կառավարության հրաժարականին եւ նոր կառավարություն ձեւավորելու որոշմանը»: Քանի որ հունիսի 10-ին ԱԺ խորհրդի կողմից ընդդիմության միջնորդությունը մերժվեց, ուրեմն հունիսի 17-ին՝ ժամը 18։30-ին, արդեն օրենքի ուժով, կգումարվի ԱԺ արտահերթ նիստ։
Ակնհայտ է, սակայն, որ ՔՊ խմբակցությունը մտադիր է տապալել արտահերթը՝ ասելով, որ դրա իմաստը չեն տեսնում: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ ՀՀ վարչապետն ու կառավարությունը, իբր, վայելում են ժողովրդի վստահությունը, ուստի կառավարության հրաժարականի հարցն անպատեհ է։ Այն, որ իշխանականները պատրաստվում են տապալել հունիսի 17-ի նիստը, գրեթե կասկած չի հարուցում: Անիրատեսական է նաեւ ՔՊ-ից երկու տասնյակի չափ քվե ակնկալելը: Սակայն ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները չեն վհատվում, անսասան են՝ գնալու մինչեւ վերջ եւ սահմանադրական ճանապարհով վերականգնելու սահմանադրական կարգը: Իսկ այն, արդարեւ, վերականգնելու կարիք ունի:
Այս համատեքստում տեղին է դիտարկել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հաջորդ հանրահավաքը, որը տեղի ունեցավ հունիսի 12-ին: Միանգամից ասենք՝ այդ օրվա տեղի ունեցածը կարելի է կեսգիշերային ծանր մղձավանջ որակել: ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի առերեւույթ քաջալերմամբ եւ ապօրինի հրահանգով ոստիկանությունը, որը կոչված է նման միջոցառումերի ժամանակ պաշտպանել հասարակական կարգն ու քաղաքացիների իրավունքները, հերթական անգամ գնաց բիրտ գործողությունների, թերեւս, ավելի ճիշտ կլինի ասել՝ գնաց հանցագործության:
Այն, ինչ հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում արեցին ոստիկանները, նախապես մշակված տեխնոլոգիայի «ժանրի» կանոններով էր: Նախ՝ խաղաղ հավաքի շարքերում ներդրված անձանց, քաղաքացիական հագուստով ոստիկանների միջոցով սադրանքներ հրահրեցին՝ բազմության կողմը նետելով քարեր, ապակե շշեր եւ ինչ պատահի: Ապա իրավիճակի սրացումից եւ ոստիկան-ցուցարար բախումներից հետո իրենց իրավունք վերապահեցին հատուկ միջոցներ կիրառել անզեն քաղաքացիների նկատմամբ: Քիչ համարելով «ավանդական» ծեծուջարդը, իրավակարգի պահապանները հանրահավաքի մասնակիցների կողմը նետեցին երկու տասնյակի չափ լուսաձայնային եւ բեկորային նռնակներ: Ընդ որում՝ անթույլատրելի հաճախականությամբ:
Հետեւանքը եղավ այն, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվեցին 100-ից ավելի ցուցարարներ, այդ թվում միջին ու ծանր վիրավորում ստացած շուրջ 30 քաղաքացի: Տուժել են նաեւ ոստիկաններ եւ միջոցառումը լուսաբանող լրագրողներ: Երիտասարդներից մեկի ձեռքն է դաստակից պոկվել, մյուսի աջ ձեռքի երեք մատները, երրորդի ոտքն է դաձել բարդ վիրահատության ենթակա եւ այլն: Փորձագետների դիտարկմամբ՝ ռուսական արտադրության այդ նռնակները նախատեսված են հանցավոր խմբերի հետապնդման համար: Բայց 2008-ի մարտիմեկյան ժամանակներից արյան ծարավ անձնավորությանը նման «մանրուքները» հետաքրքիր չեն: Փաստացի՝ նրա ձեռամբ դարձյալ հայի արյուն թափվեց:
Հունիսի 12-ի իրադարձությունները վերահաստատեցին, որ մենք շարունակում ենք գտնվել բարոյապես եւ քաղաքականապես անպատասխանատու մի վարչախմբի կառավարման ներքո, որն իր գծուծ, եսասիրական նպատակների համար չի խնայի քաղաքացու կյանքն ու առողջությունը: Վարչակարգ, որը չունի ոչ մի կարմիր գիծ եւ ունակ է ամենապիղծ միջոցներով ու ամենահանցավոր եղանակներով ոտնահարել ոչ միայն սահմանադրական կարգը, այլեւ թքած ունենալ քաղաքացիների հիմնարար իրավունքների եւ ազատությունների միջազգայնորեն ճանաչված սկզբունքների վրա: Վարչակարգ, որը պատրաստ է իր աթոռի սիրույն զոհաբերել ցանկացած մեկի եւ ամեն ինչ:
…Այդ օրերին Փաշինյանը հոգեցնցումների մեջ էր: ՀՀ ողջ ոստիկանական ուժերը կենտրոնացրել էր Հանրապետության հրապարակում, կառավարական ամառանոցի ու ԱԺ-ի մատույցներում, Բաղրամյան եւ Դեմիրճյան փողոցներում, բոլոր հնարավոր վայրերում, որտեղից վտանգ էր զգում իր կյանքի ու, հատկապես, աթոռի համար: Նույն հունիսի 12-ին ԱԺ-ում նա ջղաձիգ շարժումներ էր անում, մեկ էլ սկսեց անկանոն գոռգոռալ, վախվորած նայել այս ու այն կողմ, հեռախոսազանգեր հղել եւ ընդունել: Անգամ հասցրեց խորհրդարանից ճողոպրելուց առաջ պատգամավորների միջեւ բախում սադրել: Հետո՝ իրիկվա մթան տակ կատարվեց այն, ինչ կատարվեց, եւ ինչի մասին զգուշացնում էին Փաշինյանին լավ ճանաչողները:
Բայց հատկանշական մի նրբերանգ կա. վնասվածքներ ստացած մի քանի տասնյակ ցուցարարներ հաջորդ օրը՝ հունիսի 13-ին, հիվանդանոցներից վիրակապերով եկել էին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում Բագրատ Սրբազանի կազմակերպված հավաքին: Ավելին՝ շատերն իրենց հետ նոր ընկերներ էին բերել…
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն հունիսի 12-ին Վատիկանում ընդունել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ին։ Վատիկանի պաշտոնաթերթի փոխանցմամբ՝ եկեղեցապետերի առանձնազրույցը տեւել է 30 րոպե, քննարկված հարցերի մասին, սակայն, չի հաղորդվում։ Արամ Ա-ն Սուրբ աթոռ է այցելել Լիբանանի կառավարության եւ Քահանայապետական Արեւելյան ինստիտուտի հրավերով։ Հաղորդվում է, որ այցի ընթացքում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը կհանդիպի նաեւ Վատիկանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի եւ այլ բարձրաստիճան հոգեւորականների հետ:
Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից ելնելով՝ ՀԱՊԿ-ում համարում են, որ Հայաստանը մնում է կազմակերպության լիիրավ անդամ. այս մասին կառույցի քարտուղարությունից հայտնել են TASS ռուսաստանյան գործակալությանը։ «Ձեր ուշադրությունն ենք հրավիրում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի համապատասխան մեկնաբանությանը. «Փաշինյանը չի ասել, որ դուրս ենք գալիս ՀԱՊԿ-ից, նա ասել է, որ մենք կորոշենք՝ երբ դուրս գանք»։ Հետեւաբար՝ մենք ելնում ենք նրանից, որ չնայած ՀԱՊԿ միջոցառումներին ՀՀ-ի մասնակցության նկատելի նվազմանը, այն շարունակում է մնալ Կազմակերպության լիիրավ անդամ», - ասված է հունիսի 13-ին տարածած հայտարարության մեջ:
Երեւանում հունիսի 11-ին կայացել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության 2-րդ նիստը, որի արդյունքներով ՀՀ-ի եւ ԱՄՆ կառավարությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: ԱՄՆ-ը վերահաստատել է իր աջակցությունը ՀՀ-ի ինքնիշխանությանը, անկախությանը, ժողովրդավարությանը եւ տարածքային ամբողջականությանը Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան: Պատվիրակությունները քննարկել են ավելի սերտ համագործակցության միջոցով փոխադարձ բարգավաճման, տնտեսական եւ էներգետիկ դիմակայունության խթանմանն ուղղված համատեղ ջանքերը՝ հաշվի առնելով 2024թ. ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի համատեղ հանդիպման ժամանակ կայացած կարեւոր քննարկումները:
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, որը մայիսի 24-ին խորհրդակցությունների էր կանչվել Մոսկվա, հունիսի 10-ին վերադարձել է Երեւան՝ ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Ռուսաստանի ԱԳՆ-ն մայիսի վերջին հայտարարել էր Երեւանում ՌԴ դեսպանի՝ Մոսկվա խորհրդակցությունների կանչի մասին։ «Սերգեյ Պավլովիչը մասնակցել է խորհրդակցությունների եւ, որքան ես գիտեմ, նա արդեն Երեւանում է»,- գործակալությանն ասել է Միխայիլ Գալուզինը: Նա ընդգծել է. «դեսպանին խորհրդակցությունների կանչելը ստանդարտ ընթացակարգ է, որ բավականին հաճախ է կիրառվում»։
Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանին արգելել են մուտք գործել Վրաստան: Նա «Ազատությանն» ասաց, որ իրեն՝ գրառմանը կցված փաստաթուղթ են ներկայացրել՝ Վրաստան մուտքն արգելելիս ու չեն բացատրել՝ ինչո՞ւ է արգելված մուտքը: «Այսօր՝ 2024թ. հունիսի 12-ին, վրացական սահմանապահ ոստիկանությունն ինձ թույլ չտվեց մուտք գործել Վրաստան, որտեղ ես մեկնում էի մեկօրյա գործնական այցով։ Երեք ժամ պահելուց հետո առանց բացատրությունների վերադարձրին անձնագիրս, եւ ես ոտքով եկա Հայաստան»,- մամուլին հայտնել է Խզմալյանը: