Շաբաթվա անցուդարձը մեկնաբանությամբ
Անցած կիրակի՝ սեպտեմբերի 14-ին, ՀՀ-ում վարչապետ աշխատող անձը «ՀանդԱրտ» մշակութային այգում ներկա է գտնվել «Ցանկապատ» բացօթյա ներկայացմանը, որը բեմադրվել է Ստեփան Զորյանի համանուն պատմվածքի հիման վրա։ Բայց նախ՝ երկու խոսք մեծ գրողի ստեղծագործության մասին, որը թվացյալ՝ կենցաղային-առտնին գրական հյուսվածքի մեջ բավական խորքային ընդհանրացումներ ունի: Սյուժեի հիմքում երկու ամբարիշտ հարեւանների՝ Թեւոսի եւ Մինասի մշտական վիճաբանություններն են այն անշուք ցանկապատի շուրջ, որն իրարից բաժանում է նրանց բակերն ու այգիները:
Ամեն գարնան հետ պապենական այդ վեճն ու կռիվը նորանում է, որովհետեւ կողմերից յուրաքանչյուրը մյուսին մեղադրում է ցանկապատի ուղղությունը ճիշտ չպահպանելու եւ իր տարածքի մեջ 1-2 ոտնաչափ «խորանալու» համար: Հերթական վիճաբանություններից մեկի ժամանակ լուր են տալիս, որ թշնամին հարձակվել է հարեւան գյուղի վրա եւ, ուր որ է, հերթն իրենց է հասնելու, պետք է շտապ տեղահանության պատրաստվել: Ողջ գյուղն իրար է խառնվում՝ գյուղացիք կապում են ճամպրուկները, բարձում ձիերն ու սայլերը, ոմանք ընտանի կենդանիներն են հետները վերցնում:
Իրավիճակն այլ կերպ, քան ողբերգական, չես նկարագրի՝ մինչ Մինասն ու Թեւոսը կռվում են «1-2 ոտնաչափ» տարածք միմյանցից «թռցնելու» համար, թշնամին գրավում է նրանց տները եւ ամբողջ ինչքը: Սա է Զորյանի «Ցանկապատ»-ի ուղերձը: Այսինքն՝ ամեն ոք իր փոքրիկ սեփականությունն «ատամներով» պաշտպանելու փոխարեն պետք է միավորյալ ուժերով պաշտպանել ընդհանուրինը, ասել է թե՝ հայրենիքը, հայրենիքի ամեն մի թիզը: Միայն այսպես կարող է երաշխավորված լինել յուրաքանչյուրի սեփականության եւ դրա ազատ տնօրինման իրավունքը:
«Ցանկապատ»-ի բեմականացմանը ներկա Փաշինյանը հեղինակային ու դերասանական խմբին այլ գաղափար, հետեւություն կամ ուղերձ էր առաջարկում՝ սեփականության շուրջ երկու հարեւանի վեճը «կանխվեց» թշնամու հանկարծահաս հարձակման պատճառով, երբ բնակիչները բռնեցին գաղթի ճանապարհը: Նա ցանկանում էր նմանօրինակ ուղերձ լսել դերասանների շուրթերից, եւ մասամբ լսեց՝ անտեսելով հանդիսատեսների ավելի ողջամիտ առաջարկները: Օրինակ՝ ուղերձ առ այն, որ թշնամուն չպետք է զիջել ոչ մի թիզ հող: Կամ՝ «Պետք է սիրել հայրենիքը եւ պայքարել յուրաքանչյուր սմ հողի համար»: Այս առաջարկները դուր չեկան Փաշինյանին, թե «շատ են անորոշ»:
Մամուլի հաղորդումների համաձայն՝ ներկայացման վերջում նա պահանջել է, որ դերասաններն ու ներկայացման բեմադրիչը հաշվետվություն տան, թե որն է նրանց ուղերձը: Սա արվեստագետների ստեղծագործական աշխատանքներին երկրի առաջին դեմքի միջամտության անընդունելի, մտահոգիչ վարքագիծ է: «Ավելի մտահոգիչ է, որ նա ուզած ձեւով նկարահանել եւ մոնտաժել է դերասանների պատասխանները՝ ստեղծելով տպավորություն, թե վերջիններս համաձայն են խորամանկորեն արված իր գրաքննության հետ, ինչի արդյունքում հանրության տրամադրությունները լարվել են ստեղծագործողների դեմ»,- սեպտեմբերի 16-ին տարածած հայտարարության մեջ արձանագրել է «Ակն ընդ ական» վավերագրողների համայնքը:
Ականատեսների վկայությամբ՝ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը Բյուրականի «ՀանդԱրտ» մշակութային այգի էր գնացել նախապես պատրաստված՝ «նկարահանող խմբով, թամաշա անողների ու գլուխը հեզաբար տմբտմբացնողների թիմով։ Ասելիքը նախապես պարապած՝ ներկայիս իր պատկերացումների համատեքստում քաղաքական պրիզմայով ստեղծագործության հայրենասիրական ուղերձները մերժելու, ամեն բան «իրական Հայաստանի գաղափարախոսությանը» ենթակայեցնելու կրքով բռնկված»։
Ասում են՝ հանդիսատեսների մեծ մասն այդ ներկայացման մեջ տեսնում էր դավաճան այս իշխանությանը: Ամենայն հավանականությամբ՝ ենթադրյալ դավաճանը նույնպես իրեն էր տեսնում: Հակառակ դեպքում Հայաստանում «դարի գրաքննություն» չէր ձեռնարկի:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդ սեպտեմբերի 16-ին հանդիպել է Հռոմի Սբ. Քահանայապետ Լեւոն 14-րդ Պապի հետ: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու Հովվապետերը առանձնազրույցի ընթացքում անդրադարձել են աշխարհում տեղ գտնող արհավիրքներին ու մտահոգիչ զարգացումներին, ՀՀ-ի եւ հայ ժողովրդի առջեւ ծառացած մարտահրավերներին ու դիմագրավվող փորձություններին։ Մայր Աթոռի փոխանցմամբ՝ Գարեգին 2-րդը Պապի ուշադրությանն է ներկայացրել նաեւ Արցախից տեղահանված արցախահայության խնդիրները, Արցախում ոչնչացման վտանգի առջեւ կանգնած հայ հոգեւոր եւ մշակութային ժառանգության պահպանության, ռազմագերիների ու պատանդառվածների ազատ արձակման հրամայականը։ Գարեգին 2-րդը Լեւոն 14-րդ Պապին հրավիրել է այցելելու Հայաստան։
Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ ասուլիսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 18-ին դարձյալ հիշել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։ Ռուս-ուկրաինական պատերազմի մասին հարցին պատասխանելիս նա Վաշինգտոնի կարգավորած հակամարտության օրինակ է ներկայացրել հայ-ադրբեջանական փաստաղթղի ստորագրումը։ Թրամփը երկրների անուններն էլի սխալ է արտաբերել՝ Հայաստանն անվանելով «Ալբանիա», Ադրբեջանը՝ «Աբերբեջան»: «Այն տարիներ շարունակվում էր եւ երբեք չէր կարգավորվի: Եթե հիշում եք, վարչապետն ու նախագահը իմ գրասենյակում էին, սկզբում նրանք հեռու էին միմյանցից նստել։ Մեկ ժամ միասին աշխատելուց հետո նրանք ավելի մոտեցան, եւ երբ ավարտեցինք, բոլորս գրկեցինք միմյանց»,- ասել է Թրամփը:
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը սեպտեմբերի 17-ին Բաքվում դատական նիստի ժամանակ «միջնորդել է հարցաքննել» վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին եւ Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին՝ իր դեմ հարուցված քրգործի շրջանակներում։ Վարդանյանը ներկայացրել է նաեւ այլ միջնորդություն։ Նա նշել է, որ զինվորական չէ եւ համաձայն չէ իր գործը Բաքվի ռազմական դատարանում քննելու որոշման հետ։ Միաժամանակ իր անհամաձայնությունն է հայտնել սահմանը հատելու ապօրինի մեղադրանքի առնչությամբ: Միջնորդությունները կամ չեն քննարկվել, կամ մերժվել են: Վարդանյանը մեղադրվում է չորս տասնյակից ավելի հոդվածներով: Նրան ցմահ ազատազրկում է սպառնում Բաքվում:
Կառավարության որոշմամբ 2025թ. նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի-ելքի սահմանահատման կնիքի վրա այլեւս չի լինելու Արարատ լեռան պատկերը, չեն լինելու նաեւ այլ տվյալներ, բացառությամբ սահմանահատման վերաբերյալ տեղեկությունների: Գործադիրի այս որոշումը ներառված է եղել չզեկուցվող հարցերի շարքում: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը սոցիալական ցանցում ներկայացրել է որոշման հիմնավորումները՝ կնիքները համապատասխանեցվել են սահմանահատումներին ներկայացվող ժամանակակից պահանջներին, ինչպես նաեւ «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը։
Ադրբեջանական APA-ն՝ հղում անելով այդ երկրի ՆԳՆ-ին, հայտնում է, որ Ստեփանակերտում սեպտեմբերի 14-ին Կարեն Ավանեսյան անունով հայազգի բնակիչ է ձերբակալվել: Ըստ գերատեսչության՝ Ավանեսյանին ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են, երբ «ինքնաձիգով փորձել է մոտենալ Ստեփանակերտում անցկացվող միջոցառման վայրին»: Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ «ձերբակալության պահին Ավանեսյանը զինված դիմադրություն է ցույց տվել: Պատասխան կրակի հետեւանքով նա հրազենային վնասվածք է ստացել եւ ձերբակալվել»: