Tuesday, 26 November 2024

W Weekly Update

29 հոկտեմբերի - 5 նոյեմբերի

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Հոկտեմբերի 29-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հերթական համագումարը, որը վարում էր կուսակցության վարչության նախագահ, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Համագումարում հաստատվեցին կուսակցության նոր կանոնադրությունը, ծրագիրը եւ ընտրվեց նոր վարչություն։ Համաժողովին մասնակցում էին ՔՊ անդամ պատգամավորներ, համայնքապետներ, մարզպետներ, տարբեր պաշտոնյաներ, ինչպես նաեւ այլ հրավիրյալներ: Վարչության կողմից հաստատված 1309 պատվիրակից ներկա էր 1060-ը: ՔՊ 6-րդ համագումարն ընտրեց 15 հոգուց բաղկացած՝ ՔՊ վարչության նոր կազմ, որի առաջարկությամբ էլ կուսակցության վարչության նախագահ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը:

 

Մեկնաբանությունը

Կուսակցության վարչության նախագահի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրությունը հետաքրքիր խորհրդածությունների տեղիք է տալիս: Եթե չեմ սխալվում, նա երբեք չի ստանձնել իր հիմնադրած կուսակցության ղեկավարումը: Ի՞նչ կարող է նշանակել այն փաստը, որ Փաշինյանն իր ձեռքն է վերցնում ՔՊ-ի սանձը: Առաջին միտքը, որ ծագում է դեռ խնդրի էության մեջ չխորացած՝ մերձավոր շրջապատի հանդեպ անվստահությունն է: Հետեւում բազում մեղքեր ունեցող անձը չի կարող կասկածամիտ չլինել ու չկասկածել անգամ ամենամերձավորին: Վախը, որ իրեն կսպանեն, եւ կասկածամտությունը, որ իր դեմ դավադրություն կնյութեն՝ ողջ կյանքում հետապնդում է չարագործին:

Միգուցե սա այն դեպքն է, երբ կուսակցական առաջնորդությունը, նրա կշռադատմամբ, կարող է հավելյալ վարկանիշ բերել, որի կարիքն այսօր ամենաշատն ունի: Հնարավոր է, ասենք, քաղաքական կերպարի «թարմացումը» որոշ շրջանակներում դրական ազդակներ կառաջացնի: Չի կարելի բացառել, որ պատճառն ավելի էկզոտիկ է: Օրինակ՝ աննպաստ որեւէ զարգացում կամ այլ անհաջողություն պատահելու դեպքում կարող է կուսակցական «բոսսի» պատմուճանով փախչել ժողովրդավարական ավանդույթներ ունեցող որեւէ երկիր, ներկայանալ որպես խղճի հալածյալ եւ քաղաքական ապաստան խնդրել ընտանիքի ու իր համար: Սա եւս տարբերակ է՝ գոնե տեսականորեն:

Մամուլ սպրդած որոշ լուրերի համաձայն՝ ներիշխանական բուրգում «արշալույսներն» այնքան էլ խաղաղ չեն, ինչն ակնբախ էր հատկապես ընտրություններից հետո, երբ հայտնի դարձան վարչության նոր կազմի ընտրության արդյունքները: Շատ «հնաբնակներ» դուրս էին մնացել ՔՊ ղեկավար մարմնի կազմից՝ Արարատ Միրզոյանը, Հակոբ Արշակյանը, Մխիթար Հայրապետյանը, Արսեն Թորոսյանը, Էդուարդ Աղաջանյանը եւ այլք: Իշխող թիմում, ըստ «Հրապարակ» օրաթերթի աղբյուրների, մեծ իրարանցում էր, մի քանի օր շարունակ աղմկոտ քննարկումներ էին գնում, վերլուծում ստեղծված իրավիճակը: Ոմանք նույնիսկ ձայների վերահաշվարկի պահանջ էին առաջ քաշում:

Բուռն քննարկումների տեղիք էր տվել նաեւ այն, որ 83 կուսակցական դեմ էր քվեարկել վարչության կազմում Փաշինյանի թեկնածությանը։ Ընտրությանը մասնակցած 1024 պատվիրակից վերջինիս օգտին քվեարկել է 941 հոգի: Սեփական կուսակցության ներսում 83 «դեմ»-ը առաջնորդից դժգոհողների բավական խոսուն թիվ է: Հավանականության մեծ չափաբաժնով կարելի է պնդել, որ Փաշինյանի՝ ՔՊ կուսակցության վարչության նախագահի հանձնառության ստանձնումը ներիշխանական խմորումները զսպելու, ինչ-որ առումով կառավարելի դարձնելու նպատակ էր հետապնդում:

«Անզեն աչքով էլ տեսանելի է,- իր աղբյուրին հղում անելով՝ գրում է պարբերականը,- որ վարչությունը ձեւավորվել է Նիկոլ Փաշինյանի ճաշակով: Ավելին՝ ակնհայտ է, որ ներքին լուրջ քարոզչություն է իրականացվել. ոմանց՝ իրենց տեղը ցույց տալու, ոմանց՝ պատժելու, մյուսներին էլ խրախուսելու նպատակով: Եվ վարչության անդամներից յուրաքանչյուրի ստացած ձայները կուսակցապետի վերաբերմունքի դրսեւորումն են»։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ կուսակցապետի ճաշակին հարիր են ճամբարափոխները, կիսագրագետ, բայց ընդդիմախոսներին շշպռելու հարցում իրենց արդարացրածները։ Խոսքը ՔՊ-ում «անառակ որդու» ու «դավաճանի» համբավ ունեցող Սասուն Միքայելյանի, Գ.Ծառուկյանի երբեմնի գաղափարական հետեւորդ Հայկ Կոնջորյանի, մի քանի կուսակցություն փոխած Գեւորգ Պապոյանի եւ էլի շատերի մասին է:

Այժմ հպանցիկ անդրադառնանք իշխող քաղաքական ուժի 6-րդ համագումարում հնչած հաշվետու զեկույցի հիմնական շեշտադրումներին, որով հանդես էր եկել Նիկոլ Փաշինյանը: Ըստ այդմ՝ ՔՊ կուսակցությունն իր ծրագրով միջնաժամկետ իրականացնելու 3 կարեւոր անելիք է նախատեսում. 1/ համապարփակ եւ տեւական խաղաղության հաստատում` համաձայն ծրագրում հաստատված սկզբունքների; 2/ բարձրորակ եւ հասանելի կրթական համակարգի ձեւավորում` համաձայն «ՀՀ կրթության մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» պետական օրենքի; 3/ պրոֆեսիոնալ եւ մարտունակ բանակի ստեղծում` համաձայն Կառավարության 2021-26 թթ. ծրագրերի:

Բայց Փաշինյանը Փաշինյան չէր լինի, եթե բաց թողներ այդքան հարմար առիթն ու «չկպներ» ամենասիրած թեմային՝ նախկիններին: Նրա արձանագրմամբ՝ Հայաստանը 1991-ից մինչեւ 2008-ը «հետեւողականորեն հրաժարվել ու քայքայել է պետության հիմունքները»: Թե ինչու՝ մինչեւ 2008-ը, այլ ոչ թե սովորականի նման մինչեւ 2018-ը, միայն ինքը կիմանա, սակայն փաստն այն է, որ «պետության հիմունքների քայքայման» թիրախից այս անգամ խնամքով հեռացնում է Սերժ Սարգսյանի իշխանավարման ժամանակահատվածը: Հավանաբար՝ համարում է, որ նման կերպ ավելի մեծ վնաս է հասցնում Երրորդ նախագահի քաղաքական վարկին՝ թողնելով իր հետ վերջինիս համագործակցության կասկածի պատուհան:

Ամեն դեպքում «պետության հիմունքների քայքայման» արձանագրումն ինքնանպատակ չէր: Դրանով հող էր նախապատրաստում՝ ասվածին հաջորդիվ հակադրելու հետեւյալ միտքը. «ՔՊ-ն՝ իշխանության գալով, իրենից կախված ամեն ինչ արել է ՀՀ պետականության հիմունքները նորոգելու համար»։ Հակադրման ոճը սովորաբար ավելի է տպավորվում ու պահպանվում ունկնդրի կամ ընթերցողի գիտակցականում, եւ Փաշինյանն իր ելույթում ջանում էր առավելագույն օգուտը քաղել դրանից: Նրա խոսքով` ինչպես որ ներքաղաքական առումով փորձել են գնալ պետականության հիմունքների վերահաստատման ուղով, «նույն կերպ էլ գնացել են ԼՂ խնդրի հետեւից»։

Եվ համաժողովականների դիմադրության իսպառ բացակայության մթնոլորտում, նա սահուն անցում է կատարում Արցախի խնդրին, որը նույնպես իր նախընտրելի թեմաներից է, քանի որ այդտեղ եւս մանիպուլյացիաների լայն դաշտ կա: Փաշինյանը նշում է, որ 2007-ին իշխանությունը՝ Մադրիդյան սկզբունքները որպես բանակցությունների հիմք ընդունելով՝ ոչնչացրել է ԼՂ անկախության հռչակման իրավական հիմքերը։ Սա կեղծարարություն է. Մադրիդյան սկզբունքներն ընդունելով որպես բանակցությունների հիմք, նշված ժամանակի իշխանությունը՝ անկախ նրա հանդեպ տողերիս հեղինակի մերժողական վերաբերմունքից, իրականում ոչ թե ոչնչացրել, այլ ամրապնդել է ԼՂ անկախության հռչակման իրավական հիմքերը:

Բավական է հիշել (կամ բացել՝ կարդալ) «Մադրիդյան»-ի երեք սկզբունքները, որոնցից մեկը Արցախի ժողովրդի ինքնորոշման միջազգայնորեն ճանաչված իրավունքի ամրագրումն է: Փաստաթուղթն արցախահայությանը հնարավորություն է ընձեռում հանրաքվեով որոշել սեփական ճակատագիրը եւ մինչեւ ԼՂՀ կարգավիճակի ճշտորոշումն իր տնօրինության տակ ունենալ Քարվաճառի ու Բերձորի ամենամեծ տարածքները: Արցախը, բնականաբար, չէր կորցնում Հադրութը, Շուշին, հարյուրավոր գյուղեր, արոտավայրեր, այգետարածքներ, պատմական ու հոգեւոր-մշակութային այլ արժեքներ: Սա է իրականությունը: Մնացածը՝ ինչ վերաբերում է Արցախի բանակցային գործընթացին, հորինովի շահարկումներ են:

Ընդհանրապես՝ ՔՊ կուսակցության 6-րդ համագումարում հնչած հաշվետու զեկույցի գրեթե ամեն պարբերություն՝ վերաբերվի դա ՀՀ կառավարության հակակոռուպցիոն պայքարին, թե ընտրությունների արդարությանն ու թափանցիկությանը, խոսքի ազատությանը, թե դատական իշխանության անկախությանը, օրենքի գերակայությանը, թե տնտեսական «բումին», հագեցած է մանիպուլյատիվ բովանդակությամբ՝ մանավանդ եթե խնդիրները դիտարկվում են նախորդ իշխանությունների նմանատիպ խնդիրների եւ վիճակագրական տվյալների հետ համեմատության համատեքստում:

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում մատնանշում է, թե ինչպիսի հոռի բարքեր էին տիրում Հայաստանում մինչեւ «թավշյա հեղափոխությունը»։ ՔՊ-ի հիմնադիրները, նրա խոսքով, որոշել են, որ այդպես չպետք է լինի, այդ իրողությունների դեմ պետք է պայքարել: Եվ նրանք «քննարկել ու վերլուծել են կոռուպցիայի, ամենաթողության, ապօրինությունների հետ կապված հարցերը» եւ համապատասխան հետեւություններ մշակել. «Մեր առաջնային խնդիր հռչակեցինք պետության հիմքը նորոգելու հարցը եւ հանրության առաջ հանդես եկանք կոնկրետ ծրագրով»,- հավաստիացնում է ՔՊ առաջնորդը:

Թե ինչ ծրագրի մասին է խոսքը՝ կդժվարանանք ասել, բայց փաստական հողի վրա տեղի ունեցողը, որի ականատեսն ենք արդեն չորսուկես տարի, այնքան էլ «նորոգչական» բնույթի չէ, եթե չասենք՝ ճիշտ հակառակը: ՔՊ-ն 2018-ի գարնանը իր հետ վատ «օժիտ» է բերել հայության երազանքի «Նոր Հայաստան»: Հազար ափսոս:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հրավերով ՀՀ վարչապետը նոյեմբերի 1-ին ժամանել է Թեհրան: Ըստ իրանական mehrnews-ի, նույն օրը «Սաադաբադում» մեկնարկել են Փաշինյան-Ռայիսի բանակցությունները. քննարկվել են երկկողմ եւ տարածաշրջանային հարցեր, ստորագրվել համագործակցության փաստաթղթեր։ Երկու երկրների ղեկավարները հանդես են եկել մամուլի ասուլիսով։ Ռայիսին վերստին պնդել է, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի դերակատարները։ «Օտարների կողմից ցանկացած միջամտություն խնդրի լուծման փոխարեն խնդիրներ կստեղծի»,- հայտարարել է Իրանի նախագահը:

Արցախի խորհրդարանի քաղաքական բոլոր ուժերի նախաձեռնությամբ հոկտեմբերի 30-ին հրավիրվել էր ԱԺ արտահերթ նիստ եւ հանրահավաք՝ նվիրված ԱՀ «արժանապատիվ ու անվտանգ ապագային»: Նիստն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվում էր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որտեղ այդ պահին բազմամարդ հանրահավաք էր ընթանում: Նիստին պատգամավորները միաձայն հայտարարություն ընդունեցին, որտեղ նշվում է, որ ՀՀ ոչ մի իշխանություն իրավունք չունի հրաժարվել Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու առաքելությունից կամ ընդունելի համարել որեւէ փաստաթուղթ, «որտեղ ինքնիշխան ԱՀ-ի գոյությունը կասկածի տակ կդրվի»: Արցախցի խորհրդարանականները դիմեցին ՌԴ-ին՝ Արցախի ժողովրդի անվտանգությունն «ապահովելու հանձնառությունը շարունակելու խնդրանքով»:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, հոկտեմբերի 29-ին ՀՀ վարչապետն ընդունել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանին, ով Երեւան էր ժամանել Համաշխարհային հայկական առաջին գագաթաժողովին մասնակցելու նպատակով: Փաշինյանը ողջունել է հայազգի պատգամավորին, կարեւորել համահայկական օրակարգի խնդիրների քննարկմանը նվիրված գագաթաժողովին նրա մասնակցությունը եւ այդ խնդիրների լուծմանն իր նպաստը բերելու պատրաստակամությունը: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շուրջ: Նույն օրը Գարո Փայլանին ընդունել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Մասնագիտական որոշ շրջանակներ զգուշացնում են, որ Փայլանը Էրդողանի կողմից գաղտնի քաղաքական հանձնարարությամբ ուղարկված գործակալ է:

Նոյեմբերի 3-ին Հայաստանի ԱԽ քարտուղարն իր ռուս պաշտոնակցի՝ Նիկոլայ Պատրուշեւի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակը: Արմեն Գրիգորյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիան, դրա հետեւանքները եւ ընդգծել, որ այն ոչ թե սահմանային միջադեպ էր, այլ լայնածավալ ներխուժում ՀՀ ինքնիշխան տարածք: Պատրուշեւնն ընդգծել է տարածաշրջանում խաղաղության հասնելու կարեւորությունը: Զրուցակիցներն անդրադարձել են երկու ԱԽ գրասենյակների արդյունավետ գործակցության հեռանկարին:

Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Զրուցակիցները կարեւորել են ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում եւ անդրադարձել առաքելության գործունեությանը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության, խաղաղության ու կայունության խնդիրների, այդ ուղղությամբ իրականացվող քայլերի, ԼՂ հակամարտության կարգավորման եւ այլ հարցերի շուրջ: Նախօրեին ԵՄ հատուկ ներկայացուցչին ընդունել էին Հայաստանի ԱԳ նախարարը եւ ԱԽ քարտուղարը:

Բրյուսելում նոյեմբերի 3-ին հանդիպում էին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովները՝ այդ երկրների փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆաեւի գլխավորությամբ։ Սա կողմերի 3-րդ հանդիպումն էր: «ԵՄ-ն կողմերին հորդորում է քայլեր ձեռնարկել՝ բարելավելու անվտանգությունը տեղում եւ առաջընթացի հասնելու սահմանազատման հարցում»,- հանդիպման մեկնարկին Թվիթերում գրել է Եվրամիության արտաքին գործերի ծառայության քարտուղար Ստեֆանո Սանինոն:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.