Friday, 30 January 2026

W Weekly Update

29 նոյեմբերի - 6 դեկտեմբերի 2025թ․

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Շաբաթվա անցուդարձը մեկնաբանությամբ

 

Եկող տարվա բյուջետային քննարկումների վերջին ակորդը ֆինանսական թիվ մեկ փաստաթղթի օրինագծի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթն էր: Դեռ բյուջետային տարին չավարտված՝ նա լավատեսորեն է տրամադրված ավարտվող տարվա բյուջեի հարկային եկամուտների կատարման առումով: «Պիտի ասեմ՝ վստահ ենք, որ 2025 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները 2017 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից ավելի կլինեն 1 տրիլիոն 542 միլիարդ դրամով կամ 133%-ով։ Սա շատ լավ ցուցանիշ է»,- ասել է Փաշինյանը՝ ընգծելով, որ այս տարվա բյուջեի ավելացած մասը 2017 թվականի համեմատ ավելին է, քան 2017-ի ընդհանուր բյուջեն էր:

Մի փոքր տարօրինակ է, իհարկե, որ բյուջեի այս տարվա հարկային եկամուտների տվյալները համեմատելու համար ընտրվել է հենց 2017 թվականը, այլ ոչ թե, ասենք, 2018-ը կամ թեկուզ նախորդ տարին, բայց դա այնքան էլ էական չէ, ՀՀ 3-րդ նախագահի հետ է, հավանաբար ցանկանում «չափվել»: Ինչ-որ է, ներկայացնենք ելույթից էլի մի քանի թվեր, օրինակ՝ աշխատատեղերի մասին: Փաշինյանի ասելով՝ այս տարվա հոկտեմբերին ՀՀ-ն «կրկին ունեցել է գրանցված եւ աշխատավարձով ապահովված աշխատատեղերի բացարձակ ռեկորդ»՝ 223.895 աշխատատեղ, որը 2018-ի նկատմամբ ավելի է 38 տոկոսով։ Ասել կուզի՝ 2018-ից ի վեր ՔՊ-ի իշխանավարման շրջանում ՀՀ-ում 223.895 աշխատատեղ է ստեղծվել, ինչը «ՀՀ պատմության մեջ երբեք չի եղել»:

Ընդ որում՝ այդ աճը, ըստ նրա, շարունակական է. 2024թ. համեմատ հոկտեմբերը՝ հոկտեմբերի նկատմամբ 31.000 աշխատատեղ է ստեղծվել՝ 4%–ով ավելի: Միջին աշխատավարձը հոկտեմբերին 313.000 դրամ էր, 2018-ի նկատմամբ աճը 135.657 դրամ է կամ 76 տոկոս: Այնուհետեւ անդրադառնում է տնտեսական աճի ցուցանիշներին՝  հիշեցնելով, որ 2021թ. ԱԺ ընտրությունների ժամանակ ՔՊ-ն խոստացել էր տարեկան միջինում ապահովել 7% տնտեսական աճ։ «Այս խոստումը լիուլի կատարված է, քանի որ վստահ ենք, որ հինգ տարվա արդյունքում նվազագույնը 7.5-7.6% տնտեսական աճ կապահովենք»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ 2021-2024 թթ. ՀՆԱ-ի աճը կազմել է 36.6%:

Թվերը, խոսք չկա, տպավորիչ են՝ բյուջեի աճ, տնտեսական աճ, աշխատատեղերի աճ եւ էլի այլ աճեր: Բայց դրանց տակը, կարծես թե, բան չկա: Իրական գետնի վրա ականատեսն ենք հակառակ պատկերի՝ պետական պարտքերի աճ, աղքատության աճ, գործազրկության աճ, գների աճ, հանցագործությունների աճ եւ այլն: Մերկախոս չլինելու համար վերը նշվածներից համեմատության մեջ դիտարկենք աշխատատեղերի աճը եւ աղքատության հակաաճը: Փաշինյանի ելույթում աշխատատեղերի ու ժողովրդի բարեկեցության մասին դիֆերամբներ են ձոնված, բայց ո՞ւմ են պետք այդ ձոներգերը, եթե իրականում ունենք գործազրկության եւ աղքատության աճեր:

Ավելին՝ կառավարությունն իրեն պատասխանատու չի համարում աղքատների թիվը կրճատելու, քաղաքացիների բարեկեցությունը բարձրացնելու համար՝ հայտարարելով, որ եթե մարդն ուզում է լավ ապրել, պետք է աշխատի, եւ որ աղքատությունը մարդկանց գլուխների մեջ է: Հայաստանի բնակչության գրեթե ¼-ն աղքատ է: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ՀՀ-ում 2023թ. դրությամբ՝ ոչ աղքատ է բնակչության 57.4 տոկոսը, ըստ վերին գծի՝ աղքատ է բնակչության 42.6 տոկոսը, չափավոր աղքատ է 9.7 տոկոսը, ծայրահեղ աղքատ՝ 1.1 տոկոսը կամ ավելի քան 30 հազար մարդ: Մասնագետների գնահատականով՝ աղքատությունը չի նվազում, մի բան էլ՝ գնալով խորանում է:

2018-ին, երբ Փաշինյանը եկավ իշխանության, աղքատությունը կազմում էր 23.5 տոկոս, դրանից հետո, չնայած մեթոդաբանության փոփոխությանը, աղքատությունը սկսեց աճել՝ 2019-ին հասնելով 26.4 տոկոսի, 2020-ին՝ 27 տոկոսի, 2021-ին՝ 26.5 տոկոսի եւ այլն: «Իրականում աղքատությունն ավելացել է, ոչ թե նվազել է։ Ըստ իս, աղքատությունը պետք է գնահատվի վերին գծով, այսինքն՝ այն մարդիկ, որոնք ունեն է 64.146 դրամից պակաս եկամուտ, համարվում են աղքատ, քանի որ դա սպառողական նվազագույն զամբյուղից էլ քիչ գումար է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասել է Աուդիտորների պալատի նախագահ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը՝ համոզմունք հայտնելով, որ երկրում աղքատ է բնակչության գրեթե կեսը։

Ելույթում արծարծված մանիպուլյատիվ մյուս թեմաների մասին՝ հաջորդիվ:

 

Անցած կիրակի՝ նոյեմբերի 30-ին, «խռովարար» հոգեւորականների խմբակը որոշել էր հիմա էլ պղծել Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցին, որտեղ առավոտ կանուխ ոստիկանների հոծ ջոկատ էր ժամանել: Նախօրեին Նիկոլ Փաշինյանն իրազեկել էր աջակիցներին, որ կիրակնօրյա հերթական հանդիպավայրը Սուրբ Սարգիս եկեղեցին է լինելու, որտեղ ինքը, իբր, տարիներ առաջ մկրտվել է: [Այս տնաշենն այնքան ստեր է մոգոնել, որ մի բան էլ հանկարծ ճիշտն ասի՝ հավատդ չի գա-Գ.Լ.]: Ինչ-որ է: Այդ օրն անվտանգային խստացված միջոցառումների փաստն ակնբախ էր:

Պատճառը, ըստ երեւույթին, եկեղեցում «Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի ներկայությունն էր: Նա եւս մեկ օր առաջ է տեղեկացրել, որ սովորականի պես այս կիրակի էլ պատարագի կմասնակցի Սուրբ Սարգիս եկեղեցում: Արարողությունը սկսելուց մեկ ժամ առաջ Կարապետյանն այցելեց եկեղեցի՝ այս անգամ առանց տիկնոջ ու երեխաների: Հավանաբար՝ հնարավոր անցանկալի զարգացումներից խուսափելու, ընտանիքը սթրեսի չենթարկելու համար: Նա եկեղեցու իր մշտական անկյունում էր՝ մի քանի ընկերներով, իսկ ներսում իշխանական ամբոխն էր՝ ՔՊ առաջնորդի եւ մի խումբ կուսակցականների հետ:

Փաշինյանի կողքին էին քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, պատգամավոր Վահագն Ալեքսանյանը եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Մամուլի տվյալներով՝ պետական ապարատը մարդիկ է հավաքագրում վարչապետի այս «քաղաքական ակցիային» մասնակցելու համար: Պատարագը մատուցեց Երեւանի Ս.Երրորդություն եկեղեցու սպասավոր Արարատ քահանա Օրդոյանը: Սուրբ Սարգիս էր ժամանել նաեւ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, որը խոնարհաբար ողջունեց Փաշինյանին եւ Ավինյանին:

«Խռովարար» արքեպիսկոպոսի տնօրինությամբ մատուցվող պատարագը, սակայն, առանց միջադեպերի չանցավ: Պատարագի այն հատվածում, երբ պետք է երգվեր՝ «Երկար կյանք տուր Հայոց Հայրապետին», Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը ձեռքսեղմումով սկսեց զրուցել Փաշինյանի հետ՝ դիտավորությամբ անտեսելով արարողակարգի այդ հատվածը։ Ինքն անտեսեց, բայց պատարագին մասնակցող հավատացյալները՝ ոչ. նրանք սկսեցին բղավել եւ հնչեցնել կաթողիկոսի անունը, որից հետո մի քանիսին բռնությամբ դուրս հանեցին եկեղեցուց: Հիշեցնենք, որ Եպիսկոպոսաց վերջին ժողովից հետո Մայր Աթոռից հայտարարել էին, որ կաթողիկոսի անունը զեղչող քահանաներն այսուհետ կարգալույծ կարվեն:

Կար ժամանակ, որ Նիկոլ Փաշինյանի եւ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ջրերը մի առվով չէին գնում: Վերջինիս անունը կապված էր օֆշորային մի գործարքի հետ, որի արդյունքում սնանկացել է գործարար Փայլակ Հայրապետյանը: Երբ լրագրողներից մեկը եկեղեցու բակում Նավասարդ արքեպիսկոպոսին հարցրեց՝ Փաշինյանին ներե՞լ է արդյոք իրեն «Բենթլի Կճոյան» անվանելու համար կամ նրա այն խոսքերի համար, թե «տարբեր երկրներում ընտանիք, երեխա, սիրուհիներ ունեք», նա վախվորած պատասխանել էր. «Մի արեք էդպիսի բան…»։ Հիմա Հայ Առաքելական Եկեղեցու դեմ համատեղ պայքարը, կարծես թե, նրանց մտերմացրել է:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Ազգային ժողովը դեկտեմբերի 4-ի նիստում քննարկեց «Զինծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Օրինագծի համաձայն՝ 2025թ. ձմեռային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրումը սկսելու է 2026-ի հունվարի 7-ից, որի արդյունքում 18-ամսյա ժամկետով ծառայություն են իրականացնելու 2025թ.-ի ձմեռային զորակոչից սկսած պարտադիր զինծառայության զորակոչված քաղաքացիները: Ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026թ. հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա:

Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ հանդիպմանն ընդառաջ դեկտեմբերի 2-ին Բրյուսելում կայացավ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի առանձնազրույցը: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության լրատվականն իր հաղորդագրությունում մանրամասներ չի փոխանցում: Այդ օրվա քննարկումների օրակարգում են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցեր էին, այդ թվում՝ նոր օրակարգի հաստատում, ինչպես նաեւ տարածաշրջանային թեմաներ՝ ներառյալ փոխկապակցվածության խթանում: Կայա Կալլասը հայտարարեց 15 մլն եվրոյի մասին, որն ուղղվելու է խաղաղությանը եւ ավելի դիմակայուն Հայաստանին՝ ԵՄ-ի կողմից:

Ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր են քննարկել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եւ Եգիպտոսի ռազմարդյունաբերության պետնախարար Մուհամմադ Սալահ ալ-Դին Մուստաֆան նոյեմբերի 30-ին Կահիրեում կայացած հանդիպման ժամանակ: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը եւ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը: Հայ նախարարը մասնակցել է «EDEX 2025» միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը, շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, հանդիպել Եգիպտոսի պաշտպանության նախարար, գեներալ Աբդել Մագիդ Սակրի հետ: Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող  հարցեր:

Դեկտեմբերի 1-ին ԵԱՀԿ-ն ավարտեց Մինսկի գործընթացի եւ դրա հետ կապված կառույցների լուծարումը: Դա իրագործվել է՝ համաձայն նախարարների խորհրդի որոշման, որը կայացվել էր ՀՀ-ի եւ Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ նախագահությանն ուղղված համատեղ դիմումի հիման վրա։ Արցախյան հակամարտության կարգավորման նպատակով ստեղծված եւ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի համանախագահությամբ գործող այս խմբի լուծարման պահանջը Ադրբեջանն էր առաջադրել՝ որպես խաղաղության համաձայնագրի նախաստորագրման պայման։ Օգոստոսի 8-ին Մինսկի խմբի լուծարումը նախատեսվում էր վաշինգտոնյան Թրամփ-Փաշինյան-Ալիեւ եռակողմ հռչակագրի երկրորդ կետով։ ԵԱՀԿ անդամ 57 երկրներից որեւէ առարկություն չի հնչել:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.