Թուրքի հետ բարեկամանալու խաբկանքը, ցավոք, դարձել է օրակարգային թիվ մեկ խնդիր։ Չեմ էլ անդրադառնում այն ցավոտ զգացմունքային ասպեկտին, որ դա հրամցվում է իբրեւ հրատապ հարց՝ տառացիորեն 44-օրյա պատերազմի բարբարոսություններից անմիջապես հետո։ Բարեկամության քարոզիչներն, առաջին հերթին, իրենք են մոլորյալներ, թող որեւէ մեկին չթվա, թե այդ բարեկամությունն իր ու իր սերունդների համար ապահովելու է կայուն եւ երկարատեւ բարեկեցիկ կյանք։
Գրիգոր Զոհրապից ու իր դարաշրջանի մտավորականներից ավելի խելոք չլինեք, նրանք էլ էին միամտաբար հավատացած թուրքական հեքիաթներին։ Հիշե՛ք, ցեղասպանությունը միայն էթնիկ հատկանիշներով մարդկանց բռնությամբ ոչնչացնելը չէ, բնաջնջել կարելի է նաեւ ժամանակակից քաղաքակիրթ հնարքներով, բավական է միայն թիրախավորես հավատքը, մշակույթն ու ազգային ինքնությունը, որպեսզի էթնիկ զտումներն ինքնաբերաբար ավարտին հասցվեն՝ առանց մեկ փամփուշտի։
Հիշե՛ք, ներդրում կոչվածը երկնային մանանա չէ, այն անհեռանկար ռազմավարության պարագայում ցանկացած երկրի ողջ տնտեսական համակարգը անտեսանելիորեն քայքայելու, ինքնիշխանության որակներից զրկելու հզոր զենք է։ Պետք լինի՝ հեռահար նպատակներով թուրքական ապրանքները մի ինչ-որ ժամանակաշրջան անհամեմատ էժան կվաճառեն, անգամ՝ ինքնարժեքից ցածր, բայց դա կլինի սոսկ մի կարճ ժամանակահատված, իսկ թե դրան ինչ կհաջորդի՝ պատկերացնելն անգամ ահավոր է։ Տնտեսագետներն այդ մասին քանիցս զգուշացրել են:
Բարիդրացիական հարաբերություններն, անշուշտ, կարեւոր են, սակայն դրա համար մեզ անվտանգային պատշաճ ռազմավարություն է անհրաժեշտ, ոչ թե փոխադարձ այցելություններ հիշատակող պարզունակ դատողություններ։ Մեր տնտեսությունը եւ քաղաքականությունը ներկա պահին խիստ խոցելի են։ Սա չպետք է մոռանալ:
Չի կարելի բարեկամություն հաստատել առանց նախապայմանների, դա հակասում է փոխշահավետության սահմանադրական սկզբունքին, իսկ Հայաստանի շահը պարտադրում է, որպեսզի Թուրքիայի գործադիր իշխանությունն առնվազն չանտեսի իր իսկ երկրի դատական ատյանների դատավճիռներով արդեն իսկ հաստատված Հայոց Եղեռնը, ընդունի դրա իրավական հետեւանքները, ներողություն խնդրի 44-օրյա պատերազմում իր անմիջական, մեղմ ասած, անթույլատրելի մասնակցության համար (հատկապես՝ զինված ահաբեկիչների ներդրման մասով), պատրաստակամություն հայտնի փոխհատուցելու պատճառած վնասը եւ երբեք չփորձի միջամտել Արցախի միջազգային կարգավիճակի խնդրի լուծման գործընթացին։
Եթե Թուրքիան պատրաստ չէ սրան, ուրեմն հույս չունենաք, որ պատրաստ կլինի աջակցելու Հայաստանի հզորացմանը:
Գեւորգ Դանիելյան