Պարզվում է՝ ՀՀ-ում գոյություն ունի 60 բուհ, ինչը նշանակում է 60 ռեկտորի, մոտ 120 պրոռեկտորի, մի քանի 100 դեկանի եւ շուրջ 1000-ի չափ փոխդեկանների աշխատատեղեր, որոնք ավելորդ են համարվում:
Ակադեմիական քաղաքում կմնան շատ նվազ քանակով բուհեր։ Վերջին տարիների գիտական աշխատողների կորուստը կհամալրվի նրանով, որ աշխատանք չունենալով՝ ստիպված կլինեն աշխատազուրկ դասախոսները՝ տարբեր գիտական աստիճաններով, թողնել հայրենիքը կամ արցախցիների նման դառնալ սպասավոր, առաքիչ, խոհարար, մատնահարդար… Մերոնց նման «ժենգյալով հաց» կթխեն գիտնական կանայք, տղամարդ գիտնականներն էլ կդառնան տաքսու վարորդներ:
Երեւի թե սա է այս երկրի իշխանականների սրտի ուզածը։ Էլ չխոսենք ուսանողության մասին, որը, թերեւս, քննարկման առանձին թեմա է՝ իր դրական, թե բացասական հետեւանքներով։
Բազմաթիվ են այսօր մեր երկրին սպառնացող վտանգներն ու մարտահրավերները, կորստաբեր են ներսից ու դրսից Հայաստանի գլխավերեւում կուտակվող սեւ ամպերը, որոնք նոր փորձությունների են տանելու բազմաչարչար հայոց պետականության նավը, եթե շարունակենք նիրհել անտարբերության մահճին:
Ստացվում է, որ այս երկրին գիտնականներ պետք չեն, որպեսզի բողոք չներկայացնեն հրատարակված ոչ հայեցի դասագրքերի մասին, խելացիներ պետք չեն, որպեսզի չհասկանան, թե ինչպիսի արժեքներ են ոչնչացվում մեր շուրջը…
Կոմիտասի անվան կոնսերվատորիան էլ թիրախում հայտնվեց, Կոմիտասի անունը կրող շուկան է անգամ փակվում։ Սրանք տարբեր բեւեռներում են, իսկ չլինի՞ Կոմիտասն է խանգարում՝ Հայոց ցեղասպանությունից հազիվ փրկված վկան։ Հուսանք՝ հերթը չի հասնի Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտին եւ նրա անունը կրող արվեստի օջախներին։
Կարծում էինք, թե մածունը սպիտակ է, պարզվում է՝ սեւ է, մնում է հասկանալ՝ այս հիմարությանը կա՞ն հավատացողներ «ժողովրդավարական» երկրում, թե՞ տեսանելիության խնդիր կա, ինչպես չէին տեսնում, որ Անդերսենի հեքիաթում թագավորը մերկ էր:
Նատաշա Պողոսյան