Ուրեմն, Չինաստանի հարեւանությամբ կա մի թզուկ երկիր, որտեղ ապրում են շատ անսկզբունքային ու ինքնագոհ մարդիկ: Երկիրը հարյուրամյակներ շարունակ ապրում է անարդարությունների մեջ, ու այդ երկրի ողջ քաղաքական կյանքը կառուցված է լինում մի քաղաքական կարուսելի վրա: Երբ որեւէ կուսակցություն (իսկ մինչ այդ իշխաններ ու նախարարներ) գրավում է գահը՝ օգտագործելով այդ երկրի քաղաքացիների անսկզբունքայնությունն ու շահամոլությունը, ապա մյուս կուսակցությունները սկսում են խոսել անարդարությունների մասին եւ հաջորդ փուլում՝ գալով իշխանության, անում են նույնը (որովհետեւ այլ բան նրանց ոչ ոք չի սովորեցրել):
Մնացածները՝ այդ թվում իշխանությունը կորցրած կուսակցությունները, շարունակում են գործել նույն եղանակով եւ այդպես շարունակ, իսկ կյանքը գնում է իր հունով: Այդ երկրում փոփոխություններ չեն լինում, եւ արդյունքում բոլորը բոլորին մեղադրում են իրենց դժբախտությունների մեջ, որովհետեւ այդ երկրում հայելի չի լինում, ու մարդիկ չեն կարողանում իրենց տեսնել դրա մեջ: Երբ բնակիչները շատ են հոգնում այդ կարուսելից, որոշում են ընտրել մեկին, ով երբեք դրան չի մասնակցել, միայն բողոքել է՝ հույս ունենալով, որ միայն դա բավական է արդարության հասնելու համար, առանց հասկանալու իրենց իսկ մեղքերը:
Սակայն, պարզվում է, որ այդ թզուկ երկիրը 1200 տարի առաջ մի պառավի կողմից կախարդված է եղել, ով ասել է. եթե այդ երկրի բնակիչները շարունակեն լինել անսկզբունքային, շահամոլ ու սուտասան, ինքնագոհ ու անպատկառ, ապա պարբերաբար դժբախտություններ են լինելու, մինչեւ որ իրենք չփոխվեն: Այդ պառավի անունը մատենագիրները չեն նշել, բայց նրա մասին հիշատակում կա այդ երկրի էպոսում:
Էպոսում նաեւ ասվել է, ինչը մատենագիրները մոռացել են հիշատակել (կամ գուցե դա հատուկ են արել), որ վերջում իշխանության է գալու մի նոր տիրակալ՝ Մահաբերը, ով լինելու է այդ երկրի բոլոր աղտերի լիակատար մարմնացումը, ինքն իրենով մարմնավորելու է այդ ժողովրդի բոլոր բացասական հատկությունները եւ դրա համար դառնալու է հասկանալի ու սիրելի այդ ժողովրդի կողմից, որովհետեւ ինքն իրականում լինելու է ժողովրդի հայելին ու արտապատկերելու է այդ ժողովրդի բոլոր վատ գծերը: Ժողովուրդը տեսնելով իր արտապատկերումը, հիանում է նրանով, որովհետեւ ի տարբերություն նախորդների, նա ամենից հասկանալին է իր համար:
Մահաբերն, ըստ պառավի, այդ ժողովրդի՝ ուղղվելու վերջին շանսն է լինելու, որովհետեւ նա հատուկ առաքելությամբ է ուղարկվել, որպեսզի ցուցադրի այդ ժողովրդի բոլոր աղտերն ու փրկվելու հնարավորություն ստեղծի:
Մահաբերն իրեն շրջապատելու է թզուկներով, որպեսզի նրաց շրջապատում միայն ինքը երեւա՝ միայնակ ու կատարյալ:
Իրականում Մահաբերը փրկիչ է ու մահերի ու դժբախտությունների միջոցով փորձում է փրկել այդ բազմաչարչար ժողովրդին: Այդ վատ դերն իր վրա վերցնելով՝ նա սփռում է մահեր ու դժբախտություններ (իր հոգին ինքնակամ դատապարտելով հավերժական տանջանքների ու կտտանքների), փորձում է արտացոլել իրականությունն՝ ինչպես որ է, եւ բացատրել, որ նման վատ հատկություններով ժողովուրդները չեն կարող հասնել խաղաղության ու անդորրի, քանզի փրկությունը ոչ դրսից է, ոչ էլ՝ իշխանությունից, այլ յուրաքանչյուրի ներսից (ըստ այդ ժողովրդի անհատների տեսակարար կշռի միջին թվաբանականի լավ կամ վատ հատկությունների չափի):
Ինչ սկզբունքներ ցանես, այն էլ կհնձես:
Դանիել Փանունց