26.11.2024

Свободная Платформа

Գաղափարախոսության բացակայությունը նույնպես գաղափարախոսություն է

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Յուրաքանչյուր հասարակության զարգացման կարեւորագուն գրավականներից մեկը սեփական պետության կայացման տեսլականի եւ համագոյակցության կանոնների շուրջ ծավալվող ակտիվ քննարկումների արդյունքում բազմակարծության եռարանից փոխզիջումային համընդունելի տարբերակներ դուրս բերելու եւ ընտրություն կատարելու ընդունակությունն է: Սակայն պետության ապագայի շուրջ ծավալվող կառուցողական բանավեճ, որի ընթացքում կարող են բյուրեղանալ այն հիմնարար գաղափարներն ու արժեքները, որոնք կհանդիսանան պետականաշինության հիմնական ուղենիշները եւ անկյունաքարերը, Հայաստանում թերեւս չի նշմարվում, ուստի մնացածի մասին դեռ վաղ է խոսելը:

Թվում էր՝ հետհեղափոխական Հայաստանում նպաստավոր պայմաններ էին ստեղծվելու քաղաքակիրթ բանավեճ սկսելու եւ տարբեր գաղափարների շուրջ բախումների արդյունքում պետականակերտման նոր տեսլական ձեւավորելու համար, ինչը կբերեր որակապես նոր քաղաքականության արմատավորմանը: Բայց, ավաղ, գաղափարների փոխարեն դարձյալ ամեն բան սեւեռվեց զուտ անձերի վրա. գրվեց տրիվիալ դիպաշար, որում հստակ մատնանշվեցին անտագոնիստները՝ հեղափոխական հերոսները, եւ պրոտագոնիստները՝ հակահեղափոխական հակահերոսները: Հստակ բաժանարար գիծ քաշվեց «սեւերի» եւ «սպիտակների» միջեւ, որպեսզի հասարակությունը կիսաստվերների մեջ չխճճվի: Այս երկճյուղման հետեւանքով Հայաստանում բոլոր իրադարձություններն ու քննարկումները ինչ-որ մի կետից սկսած ընթացան ոչ թե ապագայի, այլ միայն անցյալի շուրջ, որովհետեւ քաղաքականությունն այդպես էլ դուրս չբերվեց նախկին տրամաբանության ծիրում ձեւավորված կաղապարներից, եւ չգտնվեց բավարար մտապաշար նորը ձեւավորելու եւ առաջարկելու համար:

Դե, իսկ գաղափարների փոխարեն առաջ եկավ «գաղափարազրկությունը»: Հաշվի առնելով, որ յուրաքանչյուր գաղափարախոսություն խարխսված է որոշակի սկզբունքների եւ արժեհամակարգի վրա, ինչը ենթադրում է հստակ հետեւողականություն յուրաքանչյուր որոշման կայացման հարցում, ապա դրա բացակայությունը գործելու շատ լայն հորիզոններ է բացում եւ շարունակ խուսանավելու լավ հնարավորություններ ստեղծում իշխող ուժի համար:

Նախկինում Հայաստանում չկային «աջեր» կամ «ձախեր», որովհետեւ թե՛ վարչակարգի, թե՛ ընդդիմադիրների համար կար միայն մեկ գաղափար, եւ այդ գաղափարը հենց ինքը՝ «իշխանությունն» էր: Թերեւս սրանով է պայմանավորված այն պարզ իրողությունը, որ անգամ այսօր չեն երեւակում իրապես գաղափարահենք քաղաքական միավորներ՝ իրենց աներկբա «իզմ»-երով. եթե չկա հստակ գաղափար, ապա ամեն բան թույլատրելի է, ուստի ոչ մի քաղաքական միավոր չի ցանկանում իրեն կաշկանդել հավելյալ «գաղափարական» կապանքներով, որովհետեւ Հայաստանում, ըստ հին ավանդույթի, իշխանությունը միշտ գերադասում են գաղափարից:

Ինչպես շատ հաճախ, ժամանակը ցույց կտա՝ արդյո՞ք Հայաստանում կգտնվեն քաղաքական միավորներ, որոնք ի զորու կլինեն հակակշիռ դառնալ ներկա իշխող ուժին եւ նրան դուրս բերել իր հարմարավետության գոտուց՝ դնելով իրական կառուցողական քաղաքական բանավեճի հիմնաքարը:

 

Մարինա Մուրադյան

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.