26.11.2024

Свободная Платформа

Հողն էլ փախչի՞…

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Մի երկարակյաց ու համառ հայաստանյան հաղորդաշար կա՝ ահագին ժամանակ է ոստնել է անդրօվկիանոս եւ բացահայտում է ամերիկահայերի ճոխ ու երջանիկ կյանքը: Մի կազմակերպություն էլ նախորդ դարասկզբին կար՝ ԱՆՉԱ (Անհայրենիք հայերին օժանդակող ամերիկյան ազգային կոմիտե), Ցեղասպանությունից փրկված հայերին հավաքում, Ամերիկա էր տանում, կոպիտ ասած՝ տարածաշրջանը դատարկում էր հայկական տարրից: ԱՆՉԱ-ի նպատակն այնքան ակնառու էր՝ Գուրգեն Յանիկյանի եւ համախոհների ստեղծած ԱՍԱԼԱ-ն իր առաջին վրիժառական գործողությունն իրակացրեց հենց դրա դեմ:

Մինչեւ օրս ամերիկյան դրախտն իր դռները հայերի առջեւ բացում է մեծ պատրաստակամությամբ, ու դա ամենեւին զարմանալի չէ՝ ո՞ր երկիրը չի ուզում հայերի նման աշխատասեր, տաղանդավոր, օրինապաշտ բնակչություն ունենալ: Օրինակ՝ տվյալներ կան, որ Ֆրանսիայի ու Ռուսաստանի պաշտոնական միջին օղակներում հազարավոր հայեր կան, ովքեր աչքի են ընկնում արհեստավարժության մեծ պաշարով: Մշակույթի ու գիտության մասին խոսելն ավելորդ է: Վերջերս տեղեկացա, որ աշխարհահռչակ ԹԵԴ հեռուստացույցի գյուտարարը եւս հայ ֆիզիկոս է, ում անունը չեն տալիս: Ամերիկան այն պետությունն է, որտեղ գնահատվում են հատկապես հայի երկու արժանիքները՝ քանքարն ու օրինավորությունը (վերջինս հատկապես արտասահմանում է դրսեւորվում):

Նշված հաղորդաշարը հետաքրքիր է նրանով, որ իբրեւ հյուրընկալության վայրեր՝ ընտրում է հաջողության, հատկապես բարեկեցության հասած ամերիկահայերի բնակարանները: Դիտվող թողարկումներ են, ոչինչ չես ասի, հերոսները՝ համակրելի հայրենակիցներ: Միայն թե ալիքը փոխելուց հետո հոգուդ մեջ մի դառը նստվածք է մնում՝ վեր չկենա՞մ ես էլ այդ դրախտը չվեմ: Համոզված եմ, որ այս ապրումը համակում է ցանկացած հեռուստադիտողի, ոմանք դա հեռու են վանում, իսկ շատե՞րը…

Պատասխանատվություն չեմ ստանձնի հայտարարել, թե այս հաղորդաշարը հենց Հայաստանը դատարկելու ծրագիր է, Աստված չանի՝ մի նոր ԱՆՉԱ է, հավանաբար տպավորությունն ակամա է առաջանում, բայց այլ կերպ մտածող մեկն էլ կհարցնի՝ այդ ինչպե՞ս է պատահում, որ Հայաստանում հազարավոր հրաշալի գրքեր մնում են անտիպ, ֆիլմեր մնում են թղթին, հաղորդումներ եթեր չեն տեսնում, ազգային թեմաներով կտավները դիտող չեն ունենում, ի վերջո, հայագիտական աշխատությունները շան տեղ դնող չկա, բայց հանկարծ գումարներ են գտնվում օտար ափերում ապրող հայերի երջանկությունը գովերգելու համար:

Ես այդ մարդուն չեմ ասի՝ լռի՛ր, չարախոսում ես, ես կբացեմ անտիպ գրքերիս ցանկն ու երկու կաթիլ արցունք կհեղեմ վրան, ես մտովի կդիմեմ բարեկամիս, կասեմ՝ Վահան Ղարիբյան ջան, համբերենք քո նկարների, իմ գրքերի ժամանակն էլ կգա: Ծիծաղելին գիտե՞ք որն է, որ ազգայինն անտեսված էր անգամ այն ժամանակ, երբ իշխանություններն ասում էին, թե իրենք ազգային են՝ հայրենիք են ազատագրել:

Հայերի արտասահմանյան ճոխությունները գովազդողները ոչինչ էլ չեն ասում, նրանք պատվիրում են, վճարում են, հովանավորում են: Իրենք նպատա՛կ ունեն, մենք չունենք: Մանավանդ հիմա, երբ ոտքներիս տակից փախչում է ինքը՝ մայր հողը…

Իսկ ո՞վ է նրան ստիպում փախչել, ահա մի նենգ ու խորամանկ հարց…

 

Հրաչուհի Փալանդուզյան 

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.