26.11.2024

Аналитика

Նահանջ տարի կամ բացասական գործոններ, որոնք կանխորոշեցին 2020-ի զարգացումները

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Երկու խոսք

Պատմության գիրկն անցած 2020 թվականը հայ ժողովրդի հիշողության մեջ տեւապես կմնա որպես Հայաստանի հետանկախական շրջանի տարեգրության ամենասեւ էջերից մեկը: Տարին բացասական իմաստով նշանավորվեց երկու գլխավոր իրադարձությամբ՝ աշխարհում բռնկված «COVID-19»-ով, որից անմասն չմնաց նաեւ Հայաստանը, եւ Արցախի դեմ թուրք-ադրբեջանական դաշինքի սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայով, որում ներգրավված էին միջազգային ահաբեկչական կառույցների մեծ թվով վարձկաններ: Պատերազմը իսկական պատուհաս դարձավ երկրի ու ժողովրդի գլխին՝ պատճառելով բազում անդառնալի կորուստներ, մարդկային տառապանքներ, խեղված ճակատագրեր եւ անկատար երազանքներ: Պարտությունը քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ բարոյահոգեբանական առումով ծանր նստվածք թողեց հասարակության վրա, իսկ Արցախի հարցում 26 տարի անց առաջ բերեց «ստատուս-քվո»-ի փոփոխություն եւ նրա ապագայի մեծ անորոշություն:

Ստորեւ կփորձենք ընդհանուր գծերով բնութագրել Նահանջ տարվա՝ 2020-ի հիմնական նահանջներն ու յուրահատկությունները՝ առանցքային զարգացումների, դրվագների, դեպքերի եւ դեմքերի համատեքստում, ինչպես նաեւ կարեւորել առաջիկա խոշոր վերափոխումների ուղենիշներն ու դրանց անհապաղ իրագործման հրամայականը, եթե, իհարկե, չենք ուզում իսպառ կորցնել մեր ժողովրդի անդուլ ջանքերի, մեր քաջարի հայորդիների արյան գնով ձեռք բերված անկախությունն ու ինքնիշխանությունը:

Ւբրեւ Նահանջ տարվա նշագծային կետերի՝ կանդրադառնանք երեք դիպվածների, որոնք հետագայում մեծապես կանխորոշեցին Հայաստանի հասարակական-քաղաքական զարգացումների տրամաբանությունը: Դրանք էին՝ ա/ հունվարի 25-ին Կապանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված ասուլիսը, բ/ գարնան առաջին օրվա՝ մարտի 1-ի հետ Հայաստան ներթափանցած «COVID-19»-ը եւ գ/ սեպտեմբերի 27-ի 44-օրյա պատերազմը: Սրանք շրջադարձային այն նշակետերն են, որոնց շուրջ կամ որոնց հետեւանքների ծիրում էին ծավալվում հանրային խոսույթն ու գործողությունները:

 

Մի գրչի պատմություն

Սյունիքում տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում, ի թիվս մի շարք այլ սուր հարցադրումների, արծարծվել էր նաեւ այն օրերի համար բավական հրատապ դարձած սահմանադրական փոփոխությունների թեման, որի իրական նպատակը, սակայն, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնազրկումն էր եւ նրա փոխարեն Փաշինյանի «սրտի» նախագահի նշանակումը: Այդ թեմայի անդրադարձից, ըստ էության, սկիզբ առավ Նիկոլ Փաշինյան-Հրայր Թովմասյան խոսքային փոխհրաձգությունը, որը ՍԴ խնդրի հետ մեկտեղ 2020 թվականի քաղաքական մթնոլորտը տեւական ժամանակ «թեժ» պահող օրակարգերի շարքում էր։ Կապանում վարչապետը հայտարարեց, որ 2018-ի մայիսին Թովմասյանը փորձել է շողոքորթությամբ, անգամ կաշառատվությամբ սիրաշահել իրեն՝ արժանանալու համար իր վստահությանը: Նա խոստացավ Երեւան վերադառնալուն պես ասածները հաստատել փաստական ապացույցով:

Երկու օր հայ հասարակությունն անհամբեր սպասում էր տեսնելու, թե այդ ինչ անառարկելի փաստով է վարչապետը պատրաստվում մերկացնել ՍԴ նախագահի կոռուպցիոն էությունը: Սակայն, ինչպես ասում են, «լեռը մուկ ծնեց». որպես Թովմասյանի «անմաքուր գործարքի» ապացույց, հանրության դատին ներկայացվեց սովորական մի գրիչ, որը երկու տարի առաջ Թովմասյանը պարզապես նվիրել էր նորընտիր վարչապետին: Տպավորությունը համարժեք չէր վերջինիս բարձրացրած աղմուկին: ՍԴ նախագահը զրպարտություն ու վիրավորանք պարունակող տեղեկությունները հերքելու պահանջով դատի տվեց Փաշինյանին, ում, բնականաբար, չդատեցին: Փոխարենը՝ որոշ ժամանակ անց, մեղադրյալի աթոռին հայտնվեց Հրայր Թովմասյանը, որը ՀՀ արդարադատության նախարար աշխատած տարիներին, ըստ առաջադրված մեղադրանքի,  թույլ էր տվել պաշտոնեական չարաշահումներ: Մեղադրանքը չհաստատվեց, սակայն Թովմասյանը ստիպված էր օրեր շարունակ դատարանում հերքել, որ «ինքը ուղտ չէ»:

Իշխանությունն՝ ինքը այդ ընթացքում խորամուխ էր եղել Հրայր Թովմասյանի ու ՍԴ եւս վեց անդամի լիազորությունները դադարեցնելու եւ տվյալ հարցով ապրիլի 5-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու գործում: Հանրաքվեի «Այո»-ի եւ «Ոչ»-ի քվեարկության քարոզարշավը մեկնարկեց փետրվարի 17-ին եւ տեւեց մինչեւ մարտի 12-ը, երբ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի տարածման պատճառով դադարեցրեց արձակուրդն ու քարոզարշավը եւ վերադարձավ Երեւան։ Իսկ մարտի 17-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) տեղեկացրեց, որ հիմք ընդունելով ՀՀ-ում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության որոշումը, հանրաքվեի հետ կապված բոլոր գործընթացներն անժամկետ դադարեցվում են: Սահմանադրական փոփոխությունների թեման, թվում էր, այլեւս կմոռացվի, եւ ՍԴ դատավորները կարող էին թեթեւացած շունչ քաշել:

Բայց դա միայն թվում էր: Երեք ամիս չանցած՝ սահմանադրական փոփոխությունների օրակարգով ԱԺ-ն կասեցրեց ՍԴ նախագահի ու երեք դատավորի լիազորությունները։ Հրայր Թովմասյանը դարձավ շարքային դատավոր, իսկ պաշտոններից ազատված Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի, Հրանտ Նազարյանի փոխարեն դատավորներ ընտրվեցին Երվանդ Խունդկարյանը, Էդգար Շաթիրյանը, Արթուր Վաղարշյանը։ Սակայն այդ փոփոխություններով որեւէ խնդիր չլուծվեց, այդ թվում՝ ՍԴ–ի շուրջ, իբր, ստեղծված ճգնաժամը, որի մասին իրար հերթ չտալով՝ խոսում էին իշխանության ներկայացուցիչները: Չլուծվեց այն պարզ պատճառով, որ սահմանադրական ճգնաժամ ասվածը ինքնին արհեստական օրակարգ էր, ինչպես ժամանակին պնդում էր քաղաքական դերակատարների մեծամասնությունը: Իսկ եթե իրականում նույնիսկ կար այդպիսի խնդիր, ապա դա այն էր, թե որտեղ անհետացավ շուրջ 3,5 միլիարդ գումարը, որը կառավարության պահուստային միջոցներից հատկացվել էր հանրաքվեի նախապատրաստման ու անցկացման նպատակով:

Այդպիսով՝ կարծես թե հանգուցալուծվեց նաեւ Փաշինյան-Թովմասյան գրեթե մեկ կիսամյակ շարունակված հակամարտությունը, թեեւ Թովմասյանը միակը չէր, որի հետ վարչապետի ջրերը մեկ առվով չէին հոսում: Տարեսկզբից սրվել էին նմանապես Նիկոլ Փաշինյանի ու ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հարաբերությունները: Վերջինիս հրաժարականը նշանավորվեց վարչապետին ուղղված «Կա՛նգ առ» կոչով, որի ենթատեքստը վերծանվեց ավելի ուշ, երբ բացահայտվեցին Արցախի հարցով Փաշինյան-Ալիեւ գաղտնի պայմանավորվածությունները՝ հատուկ բանագնացների միջոցով: Պարզվում է՝ Արցախն առուծախի առարկա չդարձնելուց էր զգուշացնում ԱԱԾ նախկին տնօրենը: Արդեն տարեվերջին Վանեցյանը, ինչպես հայտնի է, իր նորաստեղծ «Հայրենիք» կուսակցությամբ կանգնած էր Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր գործողությունների առաջավոր դիրքերում՝ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ մեկուկես տասնյակ մյուս ընդդիմադիր քաղաքական ուժերի կողքին:

 

«Կորոնավիրուսն ո՞ւմ շունն է…»

2020-ի ամառնամուտին, երբ ներքաղաքական պայքարը բավական սուր բնույթ էր ստացել, բաց առճակատում սկսվեց վարչապետի եւ խորհրդարանական երկրորդ ուժի՝ «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջեւ: Վերջինս ՀՀ կառավարությանն ու անձամբ Նիկոլ Փաշինյանին քննադատել էր կորոնավիրուսի դեմ անբավարար պայքարի, ներդրումների, հայտարարված տնտեսական հեղափոխության ձախողման եւ, ընդհանրապես, բոլոր ոլորտների տապալման համար: Ծառուկյանը պահանջում էր կառավարության հրաժարականը՝ լրիվ կազմով: Պատասխանը երկար սպասել չտվեց. «Կարծում եմ՝ պարոն Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային»,- վարչապետի արձագանքը հրապարակել էր նրա մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը:

Հետագա զարգացումներն ընթացան վարչապետի ոճին ու գործելակերպին բնորոշ հունով՝ քրեական գործեր, խուզարկություններ, կալանք, դատավարություն եւ այլն: Քաղաքական հետապնդումների պակաս հետխորհրդային Հայաստանը երբեք չի ունեցել, վերջին երկուսուկես տարում՝ առավել եւս: Այդ օրերին մամուլն ակտիվորեն գրում էր Ծառուկյան-Վանեցյան կանոնավոր հանդիպումների, ընդդիմադիր դաշտում ուրվագծվող համագործակցության եւ գործող իշխանակարգի դեմ լայն համախմբման մասին: Իշխանությունների վախը Ծառուկյանից հասկանալի էր՝ նա բազմահազար հետեւորդներ ունի, տիրապետում է նյութական ու մարդկային ահռելի միջոցների եւ կարող է լուրջ գլխացավանք դառնալ գործող վարչակարգի համար: Մանավանդ որ, ոչ մի քայլ ընկրկելու մտադրություն չուներ. «Անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ»,- վճռականորեն պնդել էր ԲՀԿ առաջնորդը եւ պահել իր խոսքը: Նրան չկոտրեցին ո՛չ երկամսյա բանտարկությունը, ո՛չ էլ կորոնավիրուսը, որով վարակվել էր:

Հիմա դառնանք տարեսկզբից մոլեգնող «COVID-19»-ին, որի դեմ պայքարի էր ելել ողջ աշխարհը, բայց՝ ոչ Հայաստանը: Մեր իշխանություններն այդ ժամանակ զբաղված էին հանրաքվեի նախընտրական քարոզարշավով եւ պատրաստվում էին ժողովրդի «Այո» կամահայտնության հիմքով դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահի եւ 6 անդամների լիազորությունները: Կորոնավիրուսով առաջին վարակակիրը ՀՀ-ում արձանագրվեց մարտի 1-ին՝ դա Թեհրանից Երեւան ժամանած մի քաղաքացի էր: Հետո խմբային վարակվածություն գրանցվեց Էջմիածնում, որը սկիզբ էր առել մարդաշատ մի նշանադրությունից: Վարակն Էջմիածին ներթափանցել էր որդու նշանադրության առիթով Իտալիայից Հայաստան ժամանած մոր միջոցով: Այդպես՝ վարակվածների թիվն օրըստօրե աճում էր, սակայն կառավարության կողմից պատշաճ ուշադրության չէր արժանանում: Ավելին, նույն մարտի 1-ին վարչապետը՝ անլրջացնելով խնդիրը, կատակի էր տալիս, թե «Կորոնավիրուսն ո՞ւմ շուննա, որ մի հատ էլ մեր կյանքում ինչ-որ պրոբլեմներ առաջացնի»:

Սակայն իրավիճակի ոչ համարժեք ընկալումը չէր կարող «պրոբլեմներ» չառաջացնել: Վարակվածության եւ մահերի գծով Հայաստանը տարածաշրջանի 6 երկրների շարքում զբաղեցնում էր, ինչպես ասում են, վերջից առաջին տեղը: Հակահամաճարակային միջոցներ, իհարկե, ձեռնարկվում էին, սակայն դրանք կամ ուշացած էին լինում, կամ սահմանափակվում էին դիմակներ կրելու եւ ձեռքերը լվանալու խորհուրդներով: Նիկոլ Փաշինյանը մարտ ամսվա առաջին տասնօրյակում դեռ քարոզարշավով էր զբաղված: Եվ միայն այն բանից հետո, երբ մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց աշխարհում պանդեմիայի մասին, վարչապետը Վայոց ձորի մարզում դադարեցրեց հանրաքվեի «Այո»-ի քարոզարշավը եւ շտապ վերադառնալով Երեւան, անմիջապես ընտանյոք հանդերձ ինքնամեկուսացավ Սեւանա թերակղզում: Շատերի զարմանքն էր հարուցել, թե ինչպես կարող է երկրի ղեկավարը նման իրավիճակում առաջինը լքել մայրաքաղաքը՝ տարածելով խուճապ եւ անվստահություն: Դե, մեր պետության ղեկավարը նրբանկատությունից այնքան է հեռու, որքան Երկիր մոլորակը Նեպտունից:

Ցավոք, իշխանությունները անխոհեմ քայլերով, մասնագիտական տկարամտությամբ ու անկարողությամբ տապալեցին ոչ միայն «COVID-19»-ի առաջին ալիքը՝ անլրջացնելով համավարակի վտանգավորությունը, այլ նաեւ՝ երկրորդը, երբ օրական միջինը 1500 վարակակիր էր արձանագրվում: Կորոնավիրուսից մահերի թիվը տարեվերջին մեր փոքրիկ հանրապետությունում արդեն հատել էր 3,5 հազարի սահմանը: Համավարակի վատ կառավարման պատճառով տուժել են մի շարք ոլորտներ, մասնավորապես՝ տնտեսությունը, առողջապահությունը, կրթությունը, մշակույթը, զբոսաշրջությունը, ի հայտ են եկել սոցիալական լուրջ դժվարություններ եւ բացասական այլ հետեւանքներ: ԱՀԿ-ն օրեր առաջ հայտարարեց կորոնավիրուսի երրորդ ալիքի մասին, որի բռնկումը կանխատեսվում է հունվարի երկրորդ կեսին: Պատրա՞ստ է արդյոք կառավարությունը դիմակայելու կորոնավիրուսի եւ դրա նոր, մուտացված տեսակի մարտահրավերներին, կասկածելի է՝ աչքը տեսածից է վախենում:

 

Թիվ մեկ պատասխանատուն, բայց ոչ թիվ մեկ մեղավորը

Նահանջ տարվա բոլոր մեր անհաջողությունների առյուծի բաժինը պայմանավորված էր սեպտեմբերի 27-ին Արցախին պարտադրված պատերազմով, որը կրակի խտությամբ եւ մարտական գործողությունների ինտենսիվությամբ, ըստ ռազմական փորձագետների, տարածաշրջանում վաղուց չէր գրանցվել եւ կարող է համեմատվել միայն 2003-2011 թթ. Իրաքյան պատերազմի հետ: Ուժերն անհավասար էին՝ փոքրիկ Արցախի դեմ թուրք-ադրբեջանական տանդեմը հսկայաքանակ զենք-զինամթերք ու ամենաարդիական տեխնոլոգիաներ էր կենտրոնացրել: Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանի զինուժի մարդկային թվակազմը հայկականին գերազանցում էր 4-5 անգամ, զրահատանկային ուժերը՝ 2-3 անգամ, հրթիռահրետանային ուժերը՝ գրեթե 10 անգամ: Հակառակորդը կիրառում էր թուրքական եւ իսրայելական նորագույն զինտեխնիկա՝ մասնավորապես գերճշգրիտ հրթիռներ, կապի միջոցներ, ՌԷՊ համակարգեր, ԱԹՍ-ներ, մեծամասամբ՝ թուրքական «Բայրաքթար»-ներ, որոնց «հակաթույնը» մեր բանակը մինչեւ նոյեմբերի 10-ի հրադադարի օրը այդպես էլ չգտավ:

Հայկական կողմն ակնհայտորեն անպատրաստ էր այս պատերազմին, ինչի մասին մամուլում եւ սոցցանցերում բազմաթիվ էին փաստերն ու հաղորդագրությունները: Հարավային ուղղությունում, որը պատերազմի ամենաթեժ ճակատն էր, հերոսաբար կռվող հայկական բանակը հարկադրված էր նահանջել Ջաբրայիլից, Ֆիզուլիից եւ Կուբաթլուից, որովհետեւ առաջնագծի համալրումներն անհասկանալի պատճառով դադարեցվել էին, իսկ երկնքից անարգել հարվածում էին ԱԹՍ-ները: Սեպտեմբերի 27-ի առաջին իսկ ժամերին հայկական կողմն արդեն կորցրել էր ՀՕՊ ուժերի մոտավորապես 50 եւ հրետանու 40 տոկոսը, խոցվել էին մեկ տասնյակի չափ ՕՍԱ-ԱԿԱ համալիր եւ բավական թանկարժեք Ս-300 զենիթահրթիռային մեկ համակարգ: Թշնամու բանակը, որտեղ ներգրավված էին վարձկան ահաբեկիչներ, թուրք ռազմական մասնագետներ ու սպաներ, հազարավոր հրանոթների, օդուժի միջոցների, զրահատեխնիկայի, ԱԹՍ-ների կիրառմամբ կրակի տարափի տակ էր պահում ոչ միայն հայկական հենակետերը, այլեւ քաղաքացիական ենթակառուցվածքները եւ շենք-շինությունները: Սրան գումարվում էին մեր ռազամաքաղաքական ղեկավարության, սպայակազմի կազմակերպական-մարտավարական լրջագույն թերացումները, եւ պատկերն ամբողջանում էր՝ նահանջ, ավերածություններ, հրդեհվող հայկական տներ ու փախստականների քարավաններ:

Երբ ասում ենք՝ հայկական կողմն անպատրաստ էր, սա չի նշանակում, որ պատերազմը անակնկալ էր ու հանկարծակի թափվեց երկնքից: Միայն իրականությունից իսպառ կտրված կամ դատելու կարողությունը կորցրած մարդը կարող էր չտեսնել-չիմանալ, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի: Ուրեմն ինչո՞ւ անտեսվեց վտանգը, ինչո՞ւ չձեռնարկվեցին համարժեք քայլեր, չշտկվեցին նախորդների բացթողումները, ազգը չհամախմբվեց սեփական ապագան կերտելու գաղափարի շուրջը: Դրա փոխարեն «թավշյա» կոչված իշխանությունը երկուսուկես տարի, որը քիչ ժամանակ չէ, զբաղված էր հասարակության պառակտմամբ, ժողովրդին նախկինների ու ներկաների, սեւերի ու սպիտակների բաժանմամբ, ատելության եւ անհանդուրժողականության մթնոլորտի գեներացմամբ, հայ առաքելական եկեղեցու, հայոց լեզվի ու պատմության, ազգային մյուս արժեքների դերի նսեմացմամբ: Պատերազմում կրած մեր պարտությունը, բացի ռազմական գործոններից, նաեւ այսօրինակ իրադրության հետեւանք էր:

Պարտության հաբը չափից դուրս դառն էր, եւ ժողովուրդն այն չկարողացավ կուլ տալ, որովհետեւ պատերազմական պաշտոնական ամփոփագրերը հանրությանը 44 օր շարունակ «կերակրում» էին հաղթանակի ներշնչանքով, եւ պատերազմի միայն վերջին օրը պարզվեց, որ պարտվեցինք: Ընդ որում՝ պարտվեցին ոչ թե մարտադաշտում իրենց խնդիրը պատվով եւ արժանապատվորեն կատարած զինվորն ու սպան, այլ՝ պետական համակարգը, իշխանությունը, որոնք զլացել են անմիջական պարտականությունները կատարելիս: Խոսքը զենք-զինամթերքի կանոնավոր մատակարարման, առաջնագծում կռվող մարտիկի անվտանգության ապահովման եւ, ընդհանրապես, պատերազմական բազմաբնույթ գործողությունների ճիշտ համակարգման մասին է: Վերջնահաշվում ունեցանք այն, ինչ ունեցանք՝ հազարավոր զոհեր, տարածքների կորուստներ, անհետ կորածներ եւ ամոթալի պարտություն, որն այսօր էլ շարունակվում է սահմանների տեղորոշումների հետ կապված խնդիրների, եռակողմ հայտարարությունների, Հայաստանի ու հայկական կողմի նվաստացումների տեսքով:

Օրինական հարց է առաջանում՝ ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար: «Ես ինձ համարում եմ թիվ մեկ պատասխանատուն, բայց չեմ համարում թիվ մեկ մեղավորը»,- տարբեր լրատվամիջոցների տված հարցազրույցներում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ մեղքի բաժինն ուղղելով, ինչպես միշտ, նախկին իշխանություններին, որոնցից ստացել է արցախյան «ծանր ժառանգությունը»: Վարչապետի աթոռին ամուր կառչած անձը չի ուզում ընդունել, որ պատերազմը խայտառակաբար, իսկ որոշ գնահատականներով՝ նույնիսկ դավաճանաբար տանուլ տալու հետ նախկիններն անմիջական կապ չունեն: Նույնը եւ՝ նոյեմբերի լույս 10-ի գիշերը գաղտնի կապիտուլյացիոն հայտարարություն ստորագրելու հետ, որը, փաստորեն, ռազմական պարտության շարունակությունն է: Ինչ վերաբերում է նոյեմբերի 10-ի հայտարարությանը «պորտալարով» միացած վերջին պարտվողական փաստաթղթին՝ հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրված եռակողմ հայտարարությանը, ապա դրա մեկնաբանությանը կարող եք ծանոթանալ մեր այսօրվա թողարկման մեկ այլ հրապարակման մեջ: Մոսկովյան փաստաթուղթը վառ կերպով վերահաստատում է, որ պարտված ու ձախողված վարչապետը չի կարող պետություն ներկայացնել:

 

Ի՞նչ անել

Ամենից առաջ մեզ անհրաժեշտ է որակապես նոր իշխանություն, որն ի զորու կլինի դառնալ ծվատված ու տրոհված հասարակության համախմբման առանցքը: Նմանատիպ իշխանությունը պետք է ձեւավորվի բացառապես ներազգային լայն կոնսենսուսի հիման վրա եւ զերծ լինի նեղ կուսակցական-թայֆայական պառակտիչ ազդեցություններից: Սա այն դեպքն է, երբ կոսմետիկ փոփոխությունները չեն օգնի իրավիճակի շտկման գործին, պահանջվում է խորքային, արմատական բարենորոգչություն: Չի կարող արդյունավետ կառավարում լինել, եթե պետության հիմքում դրված է անձնապաշտությունը, եթե անտեսված է օբյեկտիվ գիտելիքը, իսկ լավ մասնագետը՝ արժեզրկված: Պաշտոնը ոչ թե վայելք է, այլ պատասխանատվություն: Որքան բարձր է պաշտոնը, այնքան մեծ է պատասխանատվությունը:

Պատասխանատու կառավարիչը իր պետությանն ու դրոշին, ազգին ու հայրենիքին, օրենքին ու ավանդույթին, լեզվին ու դավանանքին անսահմանորեն նվիրված եւ դա գործով ապացուցած անհատն է, ով կկարողանա մեր ներսը, մեր միջավայրը մաքրել «ֆեյքային» գարշահոտից, «նախկին-ներկա», «հայաստանցի-արցախցի», «սեւեր-սպիտակներ» եւ մյուս արհեստական օրակարգերից: Ապազգային, մտացածին այս կլիշեները պետք է լցնել մի մեծ պարկի մեջ, կապել Փաշինյանի շալակին եւ քշել նրան կառավարման համակարգից որքան հնարավոր է հեռու:

 

Գեւորգ Բրուտենց

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.