26.11.2024

Аналитика

Ընկերությունը՝ ընկերություն, բայց գործը՝ գործ

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Քաղաքական ցանկացած կազմակերպություն, այդ թվում՝ պետությունը, բացի ռազմավարություն, ռեսուրսներ, կամք եւ նման կարգի այլ պարամետրերից, պետք է սահմանի ներքին փոխհարաբերությունների մի նշաձող, որը կերաշխավորի իր գործունեության արդյունավետությունը։ Այդ իսկ պատճառով պետության առջեւ ծառացած խնդիրների լուծման հաջողությունը մեծապես կախված է պետական գործունեության մեջ ներգրավված անձանց փոխհարաբերությունների բնույթից։

Պետության տանիքի տակ եղած օրենքով կարգավորվող փոխհարաբերությունները մենք անվանում ենք պաշտոնական։ Ընդ որում, առօրյա կյանքում շատ դեպքերում կարողանում ենք այդ հարաբերությունները հստակ տարանջատել մասնավոր բնույթի հարաբերություններից, օրինակ՝ ընկերությունից (տարածված խոսք է՝ «ընկերությունը՝ ընկերություն, բայց գործը՝ գործ»)։ Հարկ է նկատել, որ աշխարհում շատ ժողովուրդներ, հենց այս ցուցիչը չբավարարելու պատճառով, ի վիճակի չեն հասնել հանրային կյանքի քաղաքական կազմակերպվածության ամենաբարձր աստիճանին եւ ունենալ պետություն։ Քրդերն, օրինակ, ունենալով մարդկային ու նյութական ահռելի ռեսուրսներ, նպատակ, ռազմավարություն, ծրագրեր, կամք, գործիչներ ու առաջնորդներ, կլանային հարաբերություններից չհրաժարվելու ու դրանից վեր կանգնել չկարողանալու պատճառով մինչ օրս չեն հաջողում պետականաշինության գործում։

Պետության մեջ պաշտոնեական դասի շրջանում եղած փոխհարաբերությունների բնույթը կախված է տվյալ պետության վարած կադրային քաղաքականությունից։ Անկախ հանքահումքային ռեսուրսներից, աշխարհագրական դիրքից կամ արտաքին նպաստավոր պայմաններից, պետություններն առաջին հերթին ներքին փոխհարաբերությունների առավել արդար կազմակերպման շնորհիվ են կարողանում բարգավաճել ու մրցունակ լինել այլ երկրների համեմատ։ Ուստի մեր երկրի զարգացման գործում առաջնային նշանակություն ունի այն, թե ընդհանրապես մարդկային փոխհարաբերություններում ինչպիսի մշակույթ է գերակայում եւ, մասնավորապես, պետությունն ինչպիսի կադրային քաղաքականություն է վարում պետական ապարատը կազմավորելիս։

Կադրային քաղաքականության մեջ պաշտոնի նշանակման եւ ազատման հարցերն առանցքային նշանակություն ունեն։ Եթե վերադաս պաշտոնյաների հոգում ու մտքում միայն նյութապաշտությունն է, ապա նման կոռումպացված բյուրոկրատիայի շրջանում նյութական շահի վրա հիմնված մարդկային փոխհարաբերություններ են ձեւավորվում, եւ այդպիսի բյուրոկրատիան կառուցում է իր բնույթին հարիր կոռումպացված երկիր։ Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում պաշտոնի նշանակվում էին կոռուպցիոն գործարքների արդյունքում եւ կոռուպցիոն հոսքերը ապահովելու նպատակով, իսկ պաշտոնից մարդիկ ազատվում էին առավելապես կոռուպցիոն հոսքերը չապահովելու կամ այդ հարցում թերանալու պատճառով։

Նմանապես՝ եթե պաշտոնյայի գիտակցությունը կանգ է առել այն թյուր համոզմունքի վրա, որ պաշտոնն ընդամենը սոցիալական հատուկ կարգավիճակ է, որը երաշխավորում է սոցիումում իր բարձր դիրքը, ապա սեփական անձը բարեհաճ ու անվտանգ մարդկանցով շրջապատելու ցանկությունը երբեք չի լքելու նրան։ Նման մարդկանցով լցված բյուրոկրատական ապարատը կառուցվելու է ընկերոջը, ազգականին, խնամուն, ծանոթ-բարեկամին պաշտոնի նշանակելու սկզբունքով, ինչը կերաշխավորի տվյալ պաշտոնյայի հարմարավետ պաշտոնավարումը հետագայում։ Հենց նման կադրային քաղաքականության ականատեսն ենք այժմ։

«Թավշյա» հեափոխությունից հետո կադրերի նշանակման գործընթացը եղել է մեր հանրության ուշադրության կենտրոնում։ Ընդ որում, տնտեսական զարգացման հայեցակարգ ու ծրագրեր չունենալու, պետական կառավարման մեջ սխալներ թույլ տալու խնդիրներից բացի, քաղաքացիների քննադատության առանցքում եղել է հենց պետության կադրային քաղաքականության հարցը։ Ակնհայտ է, որ վերջին ամիսներին երկրում բարձրագույն պաշտոնների նշանակվել են անձինք, ովքեր վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ գտնվել են ամենից մոտ հեռավորության վրա՝ լինելով նրա ընկերը կամ բարեկամը։ Վերջիններս շղթայաբար իրենց ենթակայության տակ եղած պաշտոններում նշանակել են արդեն իրենց ընկերներին ու բարեկամներին՝ պահպանելով պետական ապարատի կազմավորման նույն սկզբունքը։ Ըստ այդմ, երկրում ներկայում ձեւավորվել է պետական կառավարման մի ամբողջ համակարգ, որը հիմնված չէ մասնագիտական գործունեության, փորձի ու մասնագիտական առաջխաղացման վրա։

«Ընկերության» վրա հիմնված նման էշելոնացված պետական ապարատն ամեն օր ցուցաբերում է իր անարդյունավետությունը եւ լրջագույն խնդիրների առջեւ կանգնեցնում պետությանը։ Այսօր անգամ հենց նույն այդ բարձրագույն պաշտոնեական դասն է տեսնում, թե ինչպես են իրենց նկատմամբ ամիսներ առաջ ձեւավորված հանրային տրամադրությունները մեծ համակրանքից վերափոխվում անտարբերության ու, անգամ, ծայրահեղ հակակրանքի։ Պաշտոնեական դասն, իհարկե, պատասխան չունի նման երեւույթները բացատրելիս, չնայած ամեն դեպքում փորձում է արդարանալ ու հանրության հետ երկխոսել։ Սակայն խնդիրը հանրության հետ լավ կամ վատ շփվելու մեջ չէ, այլ՝ պետության վարած կադրային քաղաքականության արատավոր բնույթի։

Համաշխարհային պատմության մեջ «ընկերների» վրա հիմնված պետական կառավարման համակարգի երկու հաջողված օրինակ կարելի է հիշատակել։ Դրանք վերաբերում են պատմության մեջ անգնահատելի դերակատարում ունեցած ռազմաքաղաքական երկու հանճարների՝ Ալեքսանդր Մակեդոնացուն եւ Նապոլեոնին։ Ինչպես Մակեդոնացին, այնպես էլ Նապոլեոնը հիմնվում էին իրենց ընկերների եւ բարեկամների տաղանդի ու եռանդի վրա՝ վերջիններիս առաջ քաշելով ամենից պատասխանատու պաշտոններում։ Պատմությունը թողնենք մի կողմ եւ փորձենք խնդրի փիլիսոփայական ու գործնական կողմերը հասկանալ։

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի կարող նման որակի պետական կառավարում ապահովել, որովհետեւ նրա թիմի անդամները զիջում են ամենաէականում՝ նրանք պետական կառավարման մեջ եղած բնական սելեկցիայի արդյունքում չեն ապացուցել իրենց արդյունավետությունն ու կենսունակությունը։ Սելեւկիոսի, Բերնադոտի կամ մյուսների հետ նրանց միակ նմանությունն ընդամենը առաջնորդի նկատմամբ ունեցած հավատարմությունն է։ Մասնագիտական գործունեության մեջ թերանալիս մեր պաշտոնյաների մեծամասնությունը ստիպված է ամեն անգամ ապավինել Նիկոլ Փաշինյանի հեղինակությանը եւ հետզհետե փոքրացնել ու փոշիացնել վարչապետի եւ կառավարության հանրային վստահության պաշարը։ Ընկերոջ, ազգականի, խնամու, ծանոթի, բարեկամի վրա հիմնված ներկայիս բյուրոկրատական ապարատը ոչ թե խնդիր ունի իր ենթակայությամբ գտնվողների մասնագիտական ու սկզբունքային դերակատարությունն ընդգծել, այլ ընդհակառակը՝ պաշտոնական պարտականությունները կատարելիս ապահովել վերադասի հարմարավետությունն այնպես, որպեսզի չընդգծվի ղեկավար պաշտոնյայի անձեռնհասությունը։

Պետական կառավարման մեջ պրոֆեսիոնալիզմն, այսպիսով, պետք է արտահայտվի կադրային այնպիսի քաղաքականություն վարելու ձեւով, երբ մասնագիտական առումով իրեն չարդարացրած պաշտոնյան կփոխարինվի առավել ձեռնհաս եւ ունակ կադրով։ Պետական ապարատում առանց գործարկելու պաշտոնեական դասի որակի բարելավման բնական այդ մեխանիզմը՝ չի կարող լինել կադրային ողջամիտ քաղաքականություն եւ, հետեւաբար, արդյունավետ կառավարում։ Ուստի ասվածի համատեքստում աչք է զարնում ներկա կառավարության հանցավոր անգործությունն իր կադրերի մասնագիտական տեղաշարժը կազմակերպելու գործում։ Ակնհայտ է, օրինակ, որ ղեկավար պաշտոնյաների մեծամասնությունը պաշտոնի է նշանակվել միայն այն «առավելությունն» ունենալու արդյունքում, որ նախորդ տարիներին ընդգրկված են եղել Նիկոլ Փաշինյանի «ընկեր-բարեկամների» որոշակի աստիճանակարգություն ենթադրող կուսակցական թիմում։

Նման անմխիթար վիճակի պատճառն ակնհայտ է. Հայաստանի ներկայիս ղեկավար պաշտոնյաների ու նրանց նշանակած կադրերի հետագա պաշտոնավարման հարցը կախված է վարչապետի ու նրա թիմի նկատմամբ տվյալ անձանց լոյալությունից։ Ու միայն այն դեպքերում, երբ ենթակա պաշտոնյաները կխախտեն իրենց հավատարմության ու հնազանդության, ինչպես նաեւ ղեկավարների հարմարավետ ու անվտանգ պաշտոնավարումն ապահովելու հանձնառությունները, միայն այդ ժամանակ կառավարությունը պատրաստ է հրաժարվել իր կադրերից։ Նման մի դեպքի ականատես եղանք օրեր առաջ, երբ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից ազատվեց ներկայիս կառավարության լավագույն կադրերից մեկը՝ Արթուր Գրիգորյանը։

Նման ապամասնագիտական կադրային քաղաքականության պատճառով պետությունը շուտով կկանգնի լրջագույն խնդիրների առջեւ։ Իրավիճակը շտկելու համար մի ճանապարհ կա՝ հրաժարվել պաշտոններում ընկեր, ազգական, խնամի, ծանոթ, բարեկամ նշանակելու արատավոր փորձից եւ պետական պաշտոններում նշանակել այնպիսի մասնագետների, ովքեր բնական սելեկցիայի ենթարկվելու միջոցով կապացուցեն իրենց բարձր որակները թե՛ մասնագիտական եւ թե՛ բարոյական հարթություններում։ Ընդ որում, ղեկավար պաշտոններում ինտենսիվ փոփոխությունները՝ լավագույն մասնագետ ղեկավարին գտնելու նպատակով, առայժմ հնարավոր են։ Ամիսներ անց, երբ հանրային տրամադրությունների բացասական հետեւանքները ներկայիս վարչակազմին փաստի առջեւ կկանգնեցնեն, կփակվի նաեւ ժամանակային այն պատուհանը, որն ընձեռել է «թավշյա» հեղափոխությունը Նիկոլ Փաշինյանի կառավարությանը։

 

Սարո Սարոյան

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.